Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Ախր դու չես պատկերացնում` ինչ տեղ ա բանտը»

01:55, Среда, 15 Мая, 2013 года
«Ախր դու չես պատկերացնում` ինչ տեղ ա բանտը»

Միջին տարիքի տղամարդ է Արամը (անունը փոխված է), բայց տարիքից մեծ է երևում: Կյանքը կարծես դեմքին դաջած լիներ կորածի ու կործանվածի դրոշմը, որից երևում էր, որ նա անցել է ազատազրկման վայրերի` ֆիզիկական, հոգեկան ու բարոյական մսաղացի միջով:

Շատ է ծեծվել նա, այդ էին վկայում կոտրված քիթը, ատամների բացակայությունը…

Մի քանի դատվածություն ունի: Տարբեր հանցագործությունների համար 12 տարվա ազատազրկման է դատապարտվել: Պատիժը կրել է Կոշի, Սևանի Շուշիի և Գորիսի քրեակատարողական հիմնարկներում: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում եղել է 2003-2009թթ… Մինչ այդ աշխատում էր քեռուն պատկանող ավտոտեխսպասարկման սրահում՝ վաստակելով հանապազօրյա հացը: Բայց հետո ամեն ինչ փոխվեց նրա կյանքում… Վատ շրջապատ էր ընկել … Հարազատների համառ ջանքերն անարդյունք էին մնացել, չէին կարողացել նրան հանել այդ ճահճից ու կամաց-կամաց երես թեքեցին նրանից:

Շատ հարցեր ուղղակի շրջանցում էր Արամը, պատասխանել չէր ուզում, կամ էլ մռայլվում ու դադարներով էր խոսում: Երբեմն զրույցն ընդմիջում էր, դուրս էր գալիս ծխելու: Ո՞վ գիտի, ինչեր է տեսել բանտում: Հավանաբար տանջող, վատ հիշողությունները շատ էին: Երկու անգամ եմ նրան հանդիպել. առաջին անգամ թույլ տվեց ձայնագրիչը միացնեմ, իսկ երկրորդ հանդիպմանն ավելի լարված էր, նյարդային, անհանգիստ, կարծում էր, թե ձայնագրիչը թաքուն նկարում է, ասում էր. «Ես գիտեմ է՜, մի սրոկ էլ քո պատճառով եմ նստելու», -ակնհայտ էր, որ վախեցած է:

Չի թաքցնում, որ Գորիսում` նախակալանքի տակ եղած ժամանակ, ոստիկանությունում շատ են ծեծել իրեն. «Բանտում միշտ էլ լինում են վիճաբանություններ, տարբեր մարդիկ են տարբեր բնավորություններով: Էնտեղ էլ են ինձ ծեծել, բայց ամենաշատը ոստիկանությունում են ծեծել», -պատմում է Արամը: Հիշում է, որ մի անգամ բանտում նախատեսված չափով ծխախոտ չտրամադրելու դեմ ընդվզելու պատճառով իր ու ռեժիմի պետի միջև վիճաբանություն ծագեց, որին հաջորդեց ծեծկռտուքը, և ստիպված էր մի քանի օր պատժախցում անցկացնել:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս «աշխատողների բրիգադում» է եղել Արամը, խցակիցներն էլ էին նույն բրիգադից, միասին բանտի վերանորոգման աշխատանքներին են մասնակցել: Ասաց, որ իր ներդրումն էլ «օբշչյակին» այդ կերպ է եղել: Խցակիցների հետ խնդիրներ չի ունեցել: Արամի խոսքով՝ բանտախցի մաքրությամբ բոլորն էին զբաղվում: Լինում էին դեպքեր, երբ խցակիցներն իրար հետ չէին կարողանում նույն խցում ապրել, ու սկսվում էին վիճաբանությունները, և այդ խնդրի միակ լուծումն այն էր լինում, որ մեկին տանում էին ուրիշ բանտախուց. «Դժվար ա, մի մարդու հետ երկար ապրելուց հոգնում ես, ու էդտեղից էլ սկսվում են վիճաբանությունները», - ասում է նա:

Սննդի որակից չէր դժգոհում, նշում է, որ սնունդը ռեժիմով էին տալիս, օրվա մեջ պարտադիր երեք անգամ սնվում էին: Հիգիենայի պարագաները ևս հաճախակի էին տրամադրում (լվացքի փոշի, օճառ, ատամի մածուկ, սպիտակեղեն) և շաբաթական մեկ անգամ կարողանում էին լոգանք ընդունել:

Բանտարկյալներն իրենց օրը տարբեր կերպ են լցնում` զբոսանք, հեռուստացույց, գիրք: Ընթերցասերները բանտի գրադարանից օգտվելու հնարավորություն ունեն, շաբաթը երկու անգամ բաց էր լինում գրադարանը: Նախկին բանտարկայլը նաև նշում է, որ բանտում գտնվելու ժամանակաընթացքում դժվար է չներքաշվել ազարտային խաղերի մեջ:

«Ես ինձ հեռու էի պահում դրանից: Երբ խաղում ես, պիտի վստահ լինես, որ կարողանալու ես պարտքդ փակել, իսկ եթե ոչ` ավելի լավ ա ինչքան հնարավոր ա հեռու մնաս, - ասում է նա, -բայց խաղացողը խաղում ա: Քաշում են, խաղացնում են, ասում են` «Եկել ես, էս կյանքին ինչո՞վ պիտի պիտանի լինես, կարցեր կա, բան կա, պիտի էդ մարդկանց մի բանով օգնենք»: Բժշկական կենտրոնին էլ են էդ փողերով օգնում, բերդի պետն էլ ա դրանից փող աշխատում, ռեժիմի պետերն էլ… Շուշիում ամեն ինչ շատ խիստ էր, էնտեղ ամեն ինչը վերահսկվում էր, էդպիսի բաներ չկային, իսկ Գորիսում «գողական զոնա» է, ոչ մի բան չի արգելվում»:

Արամը պատմում է նաև, որ եթե պարտվողի հարազատները փող չէին ունենում` պարտքի դիմաց առաջին անհրաժեշտության իրեր, մթերքներ էին բերում` հագուստ, ծխախոտ, սուրճ, թեյ, շաքարավազ: Ամենամեծ գումարը, որ խաղերի ժամանակ պարտվել էր բանտարկյալներից մեկը` 20 հազար դոլար էր:

Պարտվողներն ամեն գնով փորձում էին պարտքը փակել, որ «գալուբոյ զոնա» չընկնեն: Եղել է դեպք, երբ կալանավորներից մեկն ինքն իր մատը կտրել ու տուն է ուղարկել, որ հարազատներն օգնեն: «Գալուբոյ զոնա» ընկնելն ամենաստորացուցիչ բանն է: Էնտեղ ամենակեղտոտ աշխատանքներն են անում` զուգարաններն են մաքրում, ուրիշների կեղտոտ շորերը լվանում…

Բանտից հետո շատ բան էր փոխվել Արամի կյանքում, հայրական տունը բոլորովին դատարկ էր… Ազատվելուց հետո սկսել էր ցավը խմիչքի մեջ սպանել, տանն այլևս նրան սպասող չուներ, միակ սպասողը մայր պիտի լիներ էր, իսկ նա էլ չկար. Արամը բանտում էր, երբ մահացավ իր համար ամենաթանկ մարդը… Երբ դեռ ողջ էր մայրը, ամսվա մեջ պարտադիր երկու անգամ` տեսակցության օրերին, այցելում էր որդուն:

Երկու եղբայր ունի, ովքեր իրենց ընտանիքներով այլ քաղաքներում են ապրում, բայց ոչ մի կապ չկա նրանց միջև:

Արդեն մի քանի տարի է, ինչ Արամն ազատության մեջ անցկացնում է իր խղճուկ օրերը: Չի աշխատում, փոխարենը` հարևաններին է օգնում մի փոր հացի համար, իսկ երբ ձեռքը փող է ընկնում` ավելի շատ է սկսում խմել:

Մեր զրույցը կիսատ էր մնացել, Արամն ուզում էր շուտ գնալ, պատճառաբանեց, որ հոգնած է ու մի քիչ էլ ծարավ: Մի բաժակ ջուր էի ուզում բերել, բայց դառը ժպիտով ասաց. «պետք չի, գնամ «պիվա» խմեմ…» . երևի մոտը փող կար: Գնալուց առաջ խոստացավ, որ էլի կգա, ասելու շատ բան ուներ, ասաց. «Ախր դու չես պատկերացնում՝ ինչ տեղ ա բանտը…»:

Գնաց ու էլ չեկավ:

Քրիստինե Հայրապետյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5733 | 0 | 0
Facebook