Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Բանտից՝ Ռուսաստան

13:03, Пятница, 12 Апреля, 2013 года
Բանտից՝ Ռուսաստան
     37-ամյա Արթուրը (անունը փոխված է) Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել՝ 6 տարի այնտեղ անցկացնելուց հետո:

«Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես մտա բանտախուց և այն զգացողությունները, որ ապրեցի այդ պահին: Միայն ուզում էի փախչել, հետո՝ այն մտքին էի, թե ուր որ է` կգան և կհանեն ինձ այնտեղից: Խցակիցներս հարցնում էին, թե ինչի համար եմ եկել, իսկ ես չգիտեի նրանց ինչ պատասխանել: Առաջին օրը տեղ չունեի քնելու համար, որովհետև այն սենյակը, որտեղ ես էի, 10 մահճակալ էր դրված, բայց 25 հոգի պետք է քներ, իսկ ես չմտա այդ 10-ի մեջ» -պատմում է նա:

Մի քանի շաբաթ անց Արթուրի համար այլևս սովորական էին դարձել հազվադեպ լոգանք ընդունելը, առանց սափրվելու մնալը, օրերով մի կտոր հաց ուտելը, մեկ-մեկ էլ՝ 3-անգամյա սնունդը: Բայց արդեն հոգնել էր լոբով ապուր ուտելուց, իսկ մսի մասին երազելն անգամ անհնարին էր, հարազատներն ինչքան կարողանում էին` ուղարկում էին:

Ավլելը, փոշիները վերցնելը նույնպես դարձան նրա պարտականությունը: Երբ պատմում է այս մասին, ասես ինքն իրեն մխիթարում է. «Մենք մեր տունն էինք մաքրում, ուրիշ տեղ չէինք մաքրում, հասկանո՞ւմ ես»:

- Ամիսը մեկ, հազվադեպ` երկու անգամ տանում էին իբր թե զբոսանքի, դա էլ հազիվ մաքուր օդ էինք շնչում ու դեռ ժամ չանցած՝ արդեն լսում էինք` «հավաքվեք», -շարունակում է պատմել Արթուրը: -Անազատության մեջ խցակիցների հետ հարաբերությունները շատ լավ էին, բոլորի հետ բառացիորեն էիր հարցեր լուծում, էնտեղ ճիշտ ու սխալ կա, գաղափար հասկացողությունը կա, իսկ այստեղ՝ ով փող ունի՝ կարողանում է իր ճիշտն առաջ տանել: Էնտեղ անպայման արտոնյալ էլ կա, նրանք են հիմնականում բոլոր հարցերը ճշտում:

Բանտում նրանք ֆինանսական խնդիրներ էլ էին ունենում. խաղում էին կամ գումար մուծում, որպեսզի չներքաշվեն խաղի մեջ. «Ամսական գումար կար, մուծում էինք ու տենց պրծնում», -ասում է Արթուրը, չնայած չի էլ ժխտում, որ երբեմն ինքն էլ էր խաղում:

Արթուրը նաև խոսում է ջահելների մասին, որոնք իրենից տարիքով փոքր են և հայտնվել են այնտեղ: «Թող պետությունը մտածի, գրված օրենքներին համապատասխան վարվի, թե չէ մեղք են ջահելները՝ երակ են փրթում, բերան կարում», -ասում է և հիշում այն դեպքը, երբ կրտսեր բախտակիցներից մեկի ընկերուհին զանգել և ասել էր, որ այլևս նրա հետ չի ուզում կապ ունենալ…

Այս ամենը պատմելիս` հուզվում է և, այլևս չկարողանալով զսպել արցունքերը, ասում. «Գիտե՞ս, եթե հիմա մտնեմ դատարան, և դատավորն ինձ ասի` ևս 6 տարի պիտի նստես, ինձ համար դա սովորական կլինի, որովհետև չեմ կարողանում հարմարվել, ինձ դեռ թվում է, որ առավոտյան պիտի միչև 12-ը լվացվեմ, հետո ջուր չի լինի, ջուր հավաքեմ, ավելը վերցնեմ»:

Արթուրի համար չկա ոչ մի վառ հիշողություն այդ 6 տարիներից:

-Մի երիտասարդ կար, Կրասնոդարից էր եկել, ասում էր՝ «Արթուր, նայի-նայի` կարիճները գնում են, աղվեսները կգան մեզ կուտեն»: Երևի հոգեկան խնդիրներ ուներ:

Նշում է նաև, որ բանտում աշխատում էին հոգեբաններ, որոնք միշտ չէ, որ օգնում էին:

Ազատության մեջ գտնվող Արթուրը մեր զրույցի պահին արդեն Ռուսաստանի տոմս էր գնել. շուտով կմեկնի: «Ինձ այստեղ վատ եմ զգում, -ասում է, - բոլորն ինձ մի տեսակ են նայում: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ այն, ինչ արել եմ, եղել է զուտ ֆինանսական խնդիրների պատճառով: Գնում եմ, մեկին կսիրեմ ու կամուսնանամ, իմ երազած ընտանիքը կկազմեմ, անգամ թուրքի (երկար մտածեց – Ա. Գ.), ռուսի, եզդիի, կարևորը՝ հասկանա ինձ: Ես դեռ երջանիկ եմ լինելու, վստահ եմ»:

Հետո հանում է թաշկինակը և սրբում արցունքները:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5486 | 1 | 0
Facebook