Սևանի ոստիկանները բաժանմունքում ծեծել ու խոշտանգել են
Սևանի բնակիչ Գայանե Գասպարյանը պնդում է՝ ոստիկանները, հենց բաժանմունքում դաժանաբար ծեծել ու խոշտանգել են իր 28-ամյա զարմիկին: «Զաժիգալկան ջարդել, հենց զաժիգալկով փորը բացել ա երեխեն։ Արդեն էդ վիրավորանքից, էդ բանից ինքը ուղղակի իրան ուզելա, որ մի բան անի։ Ոստիկանը պիտի մարդկանց պաշտպանի։ Տանեն կապեն պառավոյից, դուբինկով 3 հոգով ծեծե՞ն։ Ոտերի տակ էնքան էին դուբինկով տվել, էրեխեն համարյա 10 օր չէր կարում քայլեր», - պատմեց Գայանե Գասպարյանը։ Գասպարյանի խոսքով՝ իր զարմիկը դատապարտված է եղել: Ազատ արձակվելու հաջորդ օրը եղբոր հետ գնացել են բուքմեյքերական գրասենյակ, որտեղ ընկերոջը հանդիպելուց հետո՝ մտերմաբար հանդիմանել է նրան, թե այդքան գումար ունե՞ս, որ ամեն օր այստեղ ես գալիս: Պատմեց, որ զրույցը շարունակվել է դրսում՝ փոքր-ինչ բարձր տոնով: «Բայց դա վեճ չի եղել, նրանք ընկերներ են, անգամ գրկախառնված ներս են մտել», - ասաց տիկին Գայանեն ու շարունակեց՝ րոպեներ անց ներս են մտել նաև ոստիկաններն ու հայտարարել, թե ահազանգով են եկել: Ըստ Գայանե Գասպարյանի իր զարմիկը՝ Արա Մուրադյանը, տեղյակ լինելով, որ ոստիկաններից մեկը՝ Վահագն Միքաելյանը, վերջերս է վերադարձել աշխատանքի, հարցրել է՝ դեռ աշխատո՞ւմ ես, նա էլ հակադարձել է՝ կարող ես միջնորդել, որ չաշխատեմ: Այստեղից էլ սկսել է երիտասարդի ու ոստիկանների միջև վեճը: Ասում է, տեղեկանալով, որ զարմիկը բաժանմունքում է, գնացել է ոստիկանություն, իրեն ուղեկցել են Սևանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի աշխատասենյակ: Միջադեպից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգում կատարելու հոդվածով: Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թաթուլ Գևորգյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Սահակ Դավթյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուս օպերլիազորը՝ Վահագն Միքաելյանը, կալաանվորված է: Արարքն ապացուցվելու դեպքում ոստիկաններին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում: |