Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սևանի ոստիկանները բաժանմունքում ծեծել ու խոշտանգել են

18:35, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Սևանի ոստիկանները բաժանմունքում ծեծել ու խոշտանգել են
    

Սևանի բնակիչ Գայանե Գասպարյանը պնդում է՝ ոստիկանները, հենց բաժանմունքում դաժանաբար ծեծել ու խոշտանգել են իր 28-ամյա զարմիկին:

«Զաժիգալկան ջարդել, հենց զաժիգալկով փորը բացել ա երեխեն։ Արդեն էդ վիրավորանքից, էդ բանից ինքը ուղղակի իրան ուզելա, որ մի բան անի։ Ոստիկանը պիտի մարդկանց պաշտպանի։ Տանեն կապեն պառավոյից, դուբինկով 3 հոգով ծեծե՞ն։ Ոտերի տակ էնքան էին դուբինկով տվել, էրեխեն համարյա 10 օր չէր կարում քայլեր», - պատմեց Գայանե Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ իր զարմիկը դատապարտված է եղել: Ազատ արձակվելու հաջորդ օրը եղբոր հետ գնացել են բուքմեյքերական գրասենյակ, որտեղ ընկերոջը հանդիպելուց հետո՝ մտերմաբար հանդիմանել է նրան, թե այդքան գումար ունե՞ս, որ ամեն օր այստեղ ես գալիս: Պատմեց, որ զրույցը շարունակվել է դրսում՝ փոքր-ինչ բարձր տոնով:

«Բայց դա վեճ չի եղել, նրանք ընկերներ են, անգամ գրկախառնված ներս են մտել», - ասաց տիկին Գայանեն ու շարունակեց՝ րոպեներ անց ներս են մտել նաև ոստիկաններն ու հայտարարել, թե ահազանգով են եկել: Ըստ Գայանե Գասպարյանի իր զարմիկը՝ Արա Մուրադյանը, տեղյակ լինելով, որ ոստիկաններից մեկը՝ Վահագն Միքաելյանը, վերջերս է վերադարձել աշխատանքի, հարցրել է՝ դեռ աշխատո՞ւմ ես, նա էլ հակադարձել է՝ կարող ես միջնորդել, որ չաշխատեմ: Այստեղից էլ սկսել է երիտասարդի ու ոստիկանների միջև վեճը: Ասում է, տեղեկանալով, որ զարմիկը բաժանմունքում է, գնացել է ոստիկանություն, իրեն ուղեկցել են Սևանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի աշխատասենյակ:
    
     «Առաքելյան Լյովան նստած սպասում էին, թե՝ չանես, վատություն չանես։ Ասի ես ձեզ գործից հանել կտամ, ինչ վատություն, իսկ Միքայելյան Վահագը դուրսը հետս կարտոշկի բազար ոնց որ աներ. «Դե հմի, որ թողենք կբողոքե՞ս» ։ Ասում եմ՝ հա։ Ասում է ուրեմն դուրս չի գա ու էդ ընթացքում էլի ծեծում են էրեխուն։ Ծեծում էին, որ գրի, որ դու մեր հետ հարց ու պատասխան չունես», - նշեց Սևանի բնակիչը։

Միջադեպից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգում կատարելու հոդվածով: Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թաթուլ Գևորգյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Սահակ Դավթյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուս օպերլիազորը՝ Վահագն Միքաելյանը, կալաանվորված է: Արարքն ապացուցվելու դեպքում ոստիկաններին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում:
    
     Այս ոստիկանների հարազատները պնդում են, որ 28-ամյա այդ երիտասարդը մի քանի անգամ դատապարտված է եղել: Գայանե Գասպարյանը չի հերքում, բայց ընդգծում է՝ հետո ինչ, նա պատիժը կրել ու դուրս է եկել, բայց հենց ոստիկանները թույլ չեն տալիս, որ երիտասարդը հանգիստ ապրի, ինտեգրվի հասարակությանը: Ասում է՝ եթե այս անգամ էլ զարմիկի արարքը դատապարտելի լիներ, չէր բողոքի, բայց «ծեծով ու խոշտանգելո՞վ պետք է հարցը լուծվի», - հարցնում է երիտասարդի մորաքույրը:
    
     «Բան ա արել՝ տար դատի, հանցագործին դատում են։ Ինչի՞ տանում տենց կապում են, 3 հոգով ծեծում են, Առաքելյան Լյովան էլ կանգնած նայում ա, թե ոնց են ծեծում», - հավելեց նա։
    
     Ոստիկանների հարազատները, ովքեր դեպքից հետո ի նշան բողոքի Սևան - երևան մայուղին էին փակել, երեկ էլ Գլխավոր դատախազություն էին եկել:
    
     «Ես պահանջում էի, թե ինչու պիտի իմ որդին հերթական անգամ ձերբակալվի, երբ որ իրան արդեն գրավով թողել էին։ Գնում է ժողովրդի համար ծառայելու, ահազանգ ա ստանում ու գալիս ա։ Կանչում են հարցաքննության ու ձերբակալում են։ Իմ խնդրանքը, իմ էրեխի գրավը փոխեն ստորագրությամբ, որովհետև դա հավաքել են։ Ժողովուրդն ա հավաքել, տվել էդ փողը, որովհետև իմ էրեխու անմեղությանը հավատացել են», - ասաց ոստիկանի մայրը։
    
     Վերջին երկու ամսվա ընթացքում սա ոստիկանական բաժանմունքում ծեծի արդեն երկրորդ դեպքն է: Առաջինը նախորդ ամիս էր՝ Երևանում։ Տուժողն անչափահաս էր: Այս գործը ևս քննության փուլում է:

Աղբյուրը` Ազատություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4861 | 0 | 0
Facebook