- Հետո ի՞նչ, -
Կասի անսիրտ ինչ-որ Մե՜կը,
Թե արցունք տեսնի աչքերիս խորքում, -
- Հետո ի՞նչ, չէ՞ որ արցունքոտ աչքեր
Շա՜տ կան աշխարհում:
- Հետո ի՞նչ, -
Կասի անհոգի Մեկը,
Թե տեսնի առանց հոգու եմ ապրում, -
- Անհոգի մա՜րդը դեռ անխի՜ղճը չէ,
Անհոգի մարդիկ շա՜տ կան աշխարհում:
- Հետո ի՞նչ, -
Կասի այն ինչ-որ Մեկը, -
- Որ շուրթերիդ հպվող այլ շուրթեր չկան,
Աշխարհում շա՜տ են նման շուրթերը,
Որոնք քարացել են աղոթքի նման…
- Հետո ի՞նչ, -
Կասի այն ինչ-որ Մե՜կը, -
- Ծառդ չի՞ ծաղկում է, արև չե՞ս տեսնում,
Քամին չի՞ փչում, անձրև չե՞ս ըմպում,
Ձմեռից հետո չի՞ գալիս գարո՜ւն…
Էլ ի՞նչ ես ուզում…..
Կասե՜մ.
- Հետո ի՞նչ, թե ի՞նչ կա աշխարհում,
Ի՞նչ չկա,
(Ասե՜նք Սինգապուրո՜ւմ,
Վիետնամո՜ւմ
Կա՛մ Արգենտինայում…)
Կասե՜մ.
- Չգիտեմ ո՞վ է բախտավոր՝
Խելացի՞ն, թե՞ անխելքը,
Գիտո՞ւնը, թե՞ տգետը…
Կասեմ.
- Ինձ անհանգստացնում է
Հո՜գս, կնճիռ հարթող ձե՜ռքը…
Ու մե՜կ էլ
Ինձ հետ զրուցող այն ինչ-որ Մե՜կը…
26.04. 17