Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ամենօրյա պատերազմ կամ անվերնագիր

19:40, Среда, 01 Ноября, 2017 года
Ամենօրյա պատերազմ կամ անվերնագիր
     Ամենօրյա պատերազմ
     Հույսը քամուն տված թափառում եմ փողոցում, Սիբիրում ձմեռ է արդեն, իսկ միտքս հայրենի լեռներում է: Երևի հիմա դաշտերում կարտոֆիլ են հավաքում, ու սիրտս ինձնից անկախ մզվում է վերջանալ, կանգնելու աստիճան՝այ դա ինչ որ մեկը կարոտ է կոչել: Հոգիս Մարալդաղ սարից իջել, կանգնել է Բարակ ջրի մեջտեղում: Տղամարդու ձեռքի կարոտ հողը դողում է տրակտորի անիվներից, կարտոֆիլները շարքով դուրս են գալիս, ասես մարգարիտներ, իսկ կանայք արագ հավաքում են՝տարվա ապրուստը կուտակելով, մտքում ամուսինների կարոտը ծվարելով: Կանայք մեր հող են շենացնում, մենք՝ռուսի: Հիշողությունը ձգվում է մինչև կարտոֆիլի փուռ, փռի համը, անուշ բույրը, իսկ ստամոքսի ցավը՝սոված լինելս: Մենք կես կյանքով ապրող խոպանիստներ՝կամավոր գերի դարձած: Երազանքները պահ տված, ինքներս մեզ մոռացած դեգերում ենք օտար հողերում: Ենիսեյը ձգվում է Կրասնոյարսկի մեջտեղում, ուղիղ ու կոկիկ փողոցները նայում են գետին, իսկ գետը ժամանակ չունենալով, հոսում է դեպի հյուսիս, հայացք ու երազանք տանելով, որ պահ տա հյուսիսային սառույցներին:
     -Զեմլյակ ինչ ձմերուկ ես ուզում, -միտքս կտրում է ձմերուկ վաճառող ադրբեջանցին:
     -Լավերից:
     -Բա լավը զեմլյակիս չտամ ու՞մ տամ:
     -Հա Ալի ջան:
     -Ի՞նչ կա սահմանից, դու երիտասարդ ես լուրեր կարդում ես: -Լարված է, կրակում են:
     Ծանր լռություն է տիրում, Ալին ձմերուկը կշռում է, սրճեփը վերցնում ձեռքը.
     -Հայկական սուրճ դնեմ խմենք:
     Սուրճը ես եմ Հայաստանից տարել, դրա համար Ալին այն հայկական է անվանում, միշտ ասում է, որ մեր մոտի սուրճը լավն է:
     -Զոհ կա՞:
     -Չէ, բայց ծանր տեխնիկա են օգտագործում ձերոնք:
     -Մինչև ե՞րբ, -հոգոց հանեց Ալին, -դեռ քանի՞ երեխայի երազանք կմոխրացնի պատերազմը, քանի՞ մայր կխելագարվի ցավից, քանի՞ կին պատուհանից կսպասի ամուսնու ճամփին, քանի՞ քանիսը սայլակի կնստեն, քանի՞սը չի կարողանա գրկել իր երեխային, կապրեն ու չեն ապրի: Ամեն կորստից հետո այս ատելության անդունդն ավելի է խորանում, հաշտությունը հեռանում: Հիմա ես ու դու սուրճ ենք խմում, բայց կողքի հայրենակիցներն` իմ և քո, զարմանում են, զգուշանում, ատում ինձ ու քեզ: Մեր երկրներում ճառ են ասում, սահմանում՝ կրակում, ես ու դու հողը թողել, կոտրած ռուսերենով ճիշտ ու սխալ ենք անում: Գիտե՞ս քսան տարի է թողել եմ երկիրս, ապրելը ծանր էր դառել որդուցս հետո: Որդուս մահը բարդեցին հայերի վրա, ասեցին դիպուկահար է խփել, բայց ամբողջ մարմինը կապույտի մեջ կորած էր՝ահավոր ծեծի հետքեր էին: Ես ու կինս սկսեցինք նամակ գրել զինդատախազություն, հետո ՝ նախագահին, ոչ մի արձագանք, հետո գնացինք մայրաքաղաք բողոք արտահայտելու: Ամենավատը պատահեց այդ ժամանակ, իմ մեջ մեռավ հավատը մարդկանց, արդարության և պետության հանդեպ: Ես ու կինս տղաիս նկարով մոտենում էինք նախագահականի դարպասներին, ոստիկանները միանգամից հարձակվեցին մեզ վրա, փողոցի մեջտեղում շան նման քարշ էին տալիս ու ոտքերով հարվածում, թքում մեզ վրա ու դավաճան անվանում: Ո՞րն էր մեր մեղքը, մենք մեր որդու համար արդար քնություն էինք ուզում: Մինչդեռ մեր երկրում լուցկու հատիկը ավելի թանկ արժե, քան մարդը: Վերջերս իմացա, որ մեր երկրներում դիպուկահարին արձակուրդ են տալիս հակառակորդ սպանելու համար, պատկերացնու՞մ ես, ինչքա՞ն էժան է կյանքը խրամատում: Ես ուզում էի պայքարել, բայց կինս հեռանալը գերադասեց: Գուցե մեղադրես, բայց նա մայր էր, մյուս երկու երեխաներիս կյանքի մասին էր մտածում, նրանց ևս սկսել էին հետապնդել: Երբ եկա այստեղ ոչինչ չունեինք, քնում էինք որտեղ պատահի, ուտում էինք ինչ պատահեր: Հետո մի հայի մոտ գործի անցա, պատերազմի մասնակից էր, ինքն այդ մասին չէր խոսում, մյուս հայերն էին ասում, միայն մի անգամ ասաց. «Պատերազմը չարիք է»: Զեմլյակներս հավաքվեցին, ինձ գումար տվեցին, օգնեցին տարածք վարձակալել ու առևտուր անել: Այնտեղ իմ կողքը մարդ չկագնեց, իսկ այստեղ բոլորն օգնեցին, անվերադարձ գումար էին տալիս ոտքի կանգնելու համար, բայց առաջին օգնողը հայ էր, պատերազմի միջով անցած: Տղայիս կարոտը խեղդում է, բայց չեմ կարողանում գնալ, ինձ արգելել են Ադրբեջան գնալ, դեպորտ են արել սեփական երկրից: Գիտես ամենամեծ արժեքը երևի մարդ մնալն է, իր տեսակով, ձեր մոտ այդպիսին եղել է Մոնթեն, կռվել մեկի դեմ, բայց հարգելով: Պատերազմից հետո հազար հոգու կրծքի մեդալ կախեցին, բայց մսաղացը չկանգնեց, մինչև հիմա որևէ կոնկրետ թիվ չկա հետպատերազմյան զոհերի: Ինձ Ղարաբաղը պետք չէ, ինձ այս անիմաստ թշնամանքը պետք չէ, Ղարաբաղը այնտեղ ապրողինն է, թող ամեն մարդ վերադառնա իր տունը: Գոնե հիմա կանգ առնեն, որդի թաղելը ամենածանրն է: Բայց թշնամությունը կուտակվում է, մեզ մոտ ինչ հայկական էր ավերեցին: Մի քանի օր առաջ Բելգիայի և Հոլանդիայի սահմանն էի նայում, ապշելու էր ասֆալտ՝կետգծերով, իսկ մեզանում՝ խրամատներ արյունով: Սուրճը կանգնել է կոկորդումս, ուզում եմ խոսել ու չեմ կարողանում:
     -Թշնամանքը սերունդեսերունդ փոխանցելով, ու՞ր ենք հասնելու, -շարունակում է Ալին, -մի փոքր կյանքն էլ այսքա՞ն դառը լինի:
     Ալիի մոտ հաճախորդներ եկան, նա աչքերը սրբելով մոտեցավ վաճառասեղանին: Ես հրաժեշտ տվեցի ու դուրս եկա, մոռանալով ձմերուկը: Երևի ամենածանր բեռը աշխարհում սեփական մտքերն են, որ գալիս են ցավի հետ, նստում ուղիղ հոգուդ վրա ու ծանրանում, այն աստիճան, որ ներսիդ ամբողջ ուժը կլանում տանում են, շնչում ես, բայց չես ապրում: Տոմսավաճառի մոտ դեպի Երևան հաջորդ շաբաթվա համար առանց ուղեբեռ տոմս եմ պատվիրում՝ցավից բացի այլ տանելու բան չունեմ: Գնալու եմ Հայաստան, որ ատեմ սահման ու խոպան, գնալու եմ նորից հետ գալու, ապրելու եմ չապրելով, ապագայից վախենալով, ոչ մի տեղ չհաստատվելով, անվերջ մտքումս Ալիի ասած «Մի փոքր կյանքն էլ այսքա՞ն դառը լինի» հարցի պատասխանը փնտրելով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3998 | 0 | 0
Facebook