Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

00:38, Пятница, 02 Июня, 2017 года
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում են ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը` տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս պահանջներին բավարարում է ինտերակտիվ մեթոդների կիրառումը:


     ‹‹Դասի ընթացքում երեխաների ուշադրությունը պահելու համար անհրաժեշտ է ակտիվ և հետաքրքիր դասաժամի կազմակերպում: Իմ դիտարկումների ընթացքում ես հանգել եմ այն եզրակացության, որ առանց շարժառիթի կամ թույլ շարժառիթով գործունեությունը ցանկացած ձևերի և մեթոդների կիրառման դեպքում կա՛մ ընդհանրապես չի իրականացվում, կա՛մ ծայրաստիճան անկայուն է լինում: Թե աշակերտն իրեն ինչպես է զգում որոշակի իրավիճակում, կախված է այն ջանքերի ծավալից, որոնք նա գործադրում է իր ուսման ժամանակ: Այդ պատճառով կարևոր է, որ ուսուցման ամբողջ գործընթացը երեխայի մոտ առաջացնի ինտենսիվ և ներքին դրդում` լարված մտավոր աշխատանքի համար: Իմ պրակտիկայի ընթացքում ես պարզեցի, որ դպրոցականի զարգացումն ավելի ինտենսիվ և արդյունավետ է տեղի ունենում, եթե նա ներառված է գործունեության մեջ, որը համապատասխանում է նրա տարիքային առանձնահատկություններին››-իր փորձով մեզ հետ կիսվեց Վանաձորի թիվ ինը դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Բադալյանը:


     Տարրական դպրոցում դասերի ժամանակ անհրաժեշտ է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, քանի որ դրանք թույլ են տալիս նյութը մատուցել մատչելի, հետաքրքիր, վառ և պատկերավոր ձևով, նպաստում են գիտելիքների ավելի խորը յուրացմանը, հետաքրքրություն են առաջացնում գիտելիքների ձեռքբերման հանդեպ, ձևավորում են հաղորդակցական, անձնական, սոցիալական, ինտելեկտուալ բանիմացություն:
    
    

‹‹Տարրական դպրոցի կարևոր խնդիր է հանդիսանում երեխաներին հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս: 1-ին և 2-րդ դասարաններում ես կիրառում եմ զույգերով աշխատանքը: Զույգերով աշխատանքը ես դիտում եմ որպես առաջին դասարանցիների գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլ: Զույգերով աշխատանքը ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հարմարավետ ձևն է, որի նպատակն է գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորումը: Զույգերով աշխատանքը երեխաների մոտ ձևավորում է ընդհանուր նպատակն ընդունելու, պարտականությունները բաժանելու, առաջարկված նպատակին հասնելու եղանակները համաձայնեցնելու, իր գործողությունները համատեղ գործունեության մեջ գործընկերոջ գործողությունների հետ հարաբերակցելու, աշխատանքի նպատակի և արդյունքի համեմատության մեջ մասնակցություն ունենալու ունակությունները››-ասում է տիկին Բադալյանը:
    
    

Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև: Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
18483 | 0 | 0
Facebook