Այս ճանճը զզվացնում է արդեն՝ մեկ աչքիս, մեկ քթիս, մեկ բերանիս կանգնելով, քշելու հնարավորություն էլ չունեմ, մարմինիս կեսը սև տոպրակի մեջ է՝ այն սեղանի կողքին, որի վրա դրված է գլուխս, իսկ մի մասն էլ կերակուրի տեսքով մարսվում է մորս ստամոքսում: Աչքերս հոգնել են արդեն այս նույն տեսադաշտից, լռություն է, լսվում է միայն՝ սեղանից գետնին կաթող, արյան կաթիլների ձայնը, որը հոսում է պարանոցիցս: Հիշում եմ այն ժամանակները, երբ մասնատված չէի, երբ գլուխս ուսերիս էր:
Գրողը տանի, սկսել եմ ճանճերի հետ խոսել, չորս օր առաջ էր.
«Դժվար էր տանը երկար մնալ, ծնողներս անընդհատ թաքուն ինչ որ բան էին խոսում, մայրս սկսել էր հաճախ լաց լինել, բայց ասում էր` «Համու տըշտ վե փակ բե, Խուադե թեվ մե» ՝ (ամեն ինչ լավ կլինի, Աստված մեզ հետ): Հայրս օրվա մեծ մասն անցկացնում էր պատուհանի առաջ նստած՝ նայելով Լալշին՝ քթի տակ աղոթք մռմռալով։ Գյուղում նույն վիճակն էր, բոլորը լարված էին, ասում էին, թե իսլամիստները մի քանի եզդիական գյուղ են գրավել ու հնարավոր է մերն էլ գրավեն, բայց ես չէի վախենում, վստահ էի, որ քրդական բանակը մեզ կպաշտպանի ու գյուղացիներն էլ զենքեր ունեին, ճիշտ է դրանով երկար գոյատևել չէինք կարողանա, բայց պաշտպանվելու հույս կար։ Այդ լարվածությունից մեկուսանալու միակ վայրը Լալշն էր, հանգստություն էի զգում, այդ պատերի ներսում մեռնում էին բոլոր վախերս ։
Նույն օրը քրդական բանակի զինորները հերթով մտան գյուղի տներն ու հավաքեցին եղած զենքերը, պատճառաբանելով, թե իսլամիստները մոտենում են, զենք է հարկավոր։ Գյուղացիները վախեցած էին ոչ այն փաստից, որ վտանգ է սպառնում, այլ որ այդ վտանգի դեպքում պաշտպանվելու ոչ մի միջոց այլևս չունեին, սակայն գտնվել էին մարդիկ, որոնցհաջողվել էր թաքցնել զենք։
Իհարկե, զինվորներին հաջողվեց գոնե մի քիչ հանգստացնել մեզ, ասելով, որ ամեն գնով կպաշտպանեն մեզ և իսկապես, նրանք հսկում էին գյուղի սահմանները։
Բոլորիս աչքերում վախ կար, հանգիստ էին միայն մեր հարևան մուսուլմանները։ Երկու օր էր ինչ զինվորները հսկում էին գյուղը, կաին գյուղացիներ, ովքեր գյուղից դուրս էին փախչում։ Մայրս ասում էր, որ մենք էլ գնանաք ՝ «սիրտս լավ բան չի վկայում», բայց հայրս չէր կարողանում թողել տունը ՝ հույս ունենալով, որ գյուղին չեն հասնի։
Երեկո էր, չափից դուրս արտասովոր ու գեղեցիկ՝ լուսավոր հույսեր արթնացնող ։ Զինվորները սկսեցին հետ քաշվել, կես ժամ անց ոչ մի զինոր չէր երևում գյուղի սահմանում։ Սկսեցինք ուրախանալ ու մտածել, որ, եթե հետ են քաշվում, ուրեմն վտանգ չկա ։
Այս հույսերը ավելի արագ մեռան, քան ծնվել էին։
Լուսադեմ էր, լսվեցին կրակոցներ ու պայթյուններ։ Հայրս մեզ ստիպեց, որ առանց իրեն թաքնվենք նկուղում, իսկ նա վերցրեց զենքն ու գնաց դեպի դուռը։ Լսվեց, որ ներս մտան ու արաբերեն ինչ որ կցկտուր խոսաքցություներ՝ «մենակ ես», «որտեղ են, ասա, թե չէ կսատկես» ...
Լսվեց կրակոց ու ես քարացա, մայրս ուշաթափ էր, վերևում լսվում էր, որ տունն են տակնուվրա անում, մոտեցան նկուղին, «չնկատեն դուռը, չնկատեն դուռը» կրկնում էի ես, ու այդ երկու բառը քարացավ շուրթերիս, երբ ինչ որ մեկը ասաց՝ «ահա սրանք» ։
Հայրս չկար, տունն ավերակ էր...
Մեզ տարան գյուղի կենտրոն ու միացրին բազմությանը։
Մայրս շշնջաց ՝ «հաջողացրու փախիր, փախիր ու ինձ չնայես»: Փախա, ստիպված էի։
Վազեցի մեր հարևան Մուհամեդի տուն, նրանց չէին բռնել, խնդրեցի թաքցնեն ինձ, ասաց որ չի կարող, որ իրենց էլ կսպանեն, «բայց չէ որ մենք մի ամանից ենք կերել, ձեր երեխաները իմ ընկերներն են» ՝ կրկնում էի ես, բայց ոչինչ չօգնեց, հակառակը, նրանք հասցրին հայտնել իմ տեղը։
Երբեք չեմ մոռանա այն աչքերը, որն ուներ ինձ ՝ գյուղամեջ քարշ տվող դահիճը, նա արյուն էր շնչում, մահից կշտանում ու դաջվեց ուղեղումս այն արտահայտությունը, որը հնչեց այդ արյունոտ բերանից ՝ «քո համար յուրահատուկ մահ եմ կազմակերպելու» ։
Երբ հասանք գյուղամեջ, կանանց ու տղամարդկանց բաժանել էին իրարից, մայրերը ամուր գրկել էին իրենց զավակներին, լացն ու ճիչը կախվել էր օդում։
«Քրիստոնյաներ, կամ կրոնափոխ եղեք, կամ կմեռնեք, իսկ դուք ՝ եզդիներ, պետք է մեռնեք», - ասաց նույն ինքը՝ Մարդակերը։ Տղամարդկանց ստիպեցին պառկել գետնին, նրանք 700-ն էին, 700 հայր, եղբայր, ամուսին, որդի, 700 հույս, նրանք կային, իսկ 5 րոպե անց, գետինը դարձավ մսավաճառի սեղան, իսկ սեղանից հոսում էր թարմ արյունը։
Ճիչերը վերացան, լռեց ամեն բան...
Ինձ ու մայրիկիս ՝ գյուղի մնացած կանանց ու երեխաների հետ տարան համակենտրոնացման ճամբար, որը նման էր գիշատչի որջի, այնտեղից էլ էր արյան հոտ գալիս։ Մեզ տարան մի սենյակ, որտես էլի կանայք կային։
Կես ժամ հետո, եկան նրանցից չորսը ու սկսեցին առանձնացնել մի քանի կանանց ու, երբ ավարտվեց տեսականու ընտրությունը, ստիպեցին շպարվել, իսկ հետո տարան։ Կյամքումս առաջին անգամ ուրախ էի, որ մայրս կնճիռներ ուներ։
Մի քանի ժամ հետո այդ աղջիկներին հետ բերեցին, նրանց մեջ կաին 12 տարեկանից մինչև 18 տարեկան երեխա-աղջիկներ, որոնք ճղճղված հագուստով ու ճղճղված պատվով ընկել էին ՝ ոմանք ուշաթափ, ոմանք կիսամեռ։
Մեկ օր է այստեղ էինք, ոչինչ չենք կերել, երեխաները հալից ընկած հացի համար ողբ էին կապել, իսկ մեր մայրերը նմանվել էին կենդանի մեռելների, ովքեր ոչ ապրում են, ոչ մահանում ։
Երկրորդ օրը եկավ նրանցից մեկը, մի քանի կտոր հաց շպրտեց գետնին, դա նա էր, այն Մարդակերը, որն ինձ բռնեց։
Մարդակերը մոտեցավ իմ ու մորս կողմ, մորս մազերից քաշեց ներքև՝ դեմքը տեսնելու համար, ես քաշեցի նրա ձեռքից գոռալով ՝ «թո'ղ մորս Մարդակեր» ։ Նա նայեց ինձ ու նորից ասաց, որ ինձ համար յուրահատուկ մահ է պատրաստելու։
Երրորդ օրը եկան ու սկսեցին առանձնացնել տղա երեխաներին։ Երբ մարդակերը բռնեց ինձ, մայրս սկսեց հարվածել նրա ձեռքերին՝ ինձ պոկելու համար, մորս հրեցին, նա ընկավ ՝ գլուխը պատին խփելով, ես արյուն տեսա, մորս արյունը, բայց ինձ տարան։
Երբ մեզ մտցրին մեքենան, ինձ մոտեցավ Մարդակերն ու իջեցրեց մեքենայից, նրան հարցրին, թե ի՞նչ է անում, որ ես էլ պետք է մնացածի պես սկսեմ Ղուրան կարդալ ու սովորել մարդ սպանել, Մարդակերն ասաց՝ «Այս խոզի ձագը ինձ մարդակեր է կոչում, բայց չգիտի, որ ես նաև լավ խոհարար եմ» ։ Ոչինչ չհասկացա, իսկ մնացած դահիճները սկսեցին ծիծաղել։ Ինձ բերեց այս սենյակ, նստեց կողքիս ու ուշադիր սկսեց զննել, ինչպես որսորդը կզններ բռնած որսը։
-Այսօր ես ցույց կտամ իմ խոհարահական ունակությունները, կուզես միասին ճաշ պատրաստենք, մայրդ արդեն երկու օր է բան չի կերել։
-Այո, - գլխով արեցի ես։ Ինձ նստեցրեց սեղանին, գրպանից հանեց դանակն ու մոտեցավ ինձ.
- Մատղաշ միսը լավ կուտվի։
Դանակը խրեց կոկորդս, ու այդ պահից գլուխս դրված է սեղանին, սկսեց մասնատել մարմինս, վերցրեց կաթսան, լցրեց ինձնից մի քանի կտոր ու սկսեց եփել։
Ես դարձա կերակուր, Մարդակերը մի աման լցրեց ինձնից ու տարավ կանանց սենյակ, մոտեցրեց մորս.
-Կե'ր, շուտով ձեզ բաց ենք թողելու, ձեր անելիքն այստեղ վերջացավ։
Կերավ, համեղ էր...
-Անուշ լինի, լակոտդ անունս Մարդակեր դրեց, բայց ես որդուս չեմ կերել՝ ի տարբերություն քեզ...