Պատերազմական դրություններում առաջին զոհը ճշմարտությունն է, այդ իսկ պատճառով ճշտված, հավաստի ու օպերատիվ տեղեկություն փոխանցելը, յուրաքանչյուր լրագրողի համար գերխնդիր պետք է լինի: Սակայն հիմա, կայքերով ողողված մեդիադաշտում, երբեմն հայտնվում են միմյանց հակասող տվյալներ կամ այնպիսի նյութեր, լուսանկարներ ու տեսաշարեր, որոնք դեմ են լրագրողական էթիկայի կանոններին, սրանք անդրադառնում են ոչ միայն մարդկանց հոգեբանության վրա, այլ կարող են խանգարել մարտական գործուղություններին:
Նման օրինակ է 2015 թվականին Վարդենիսում, ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցման ժամանակ, մեդիայի հայտնած՝ չճշտված և գաղտնի տեղեկությունները, որոնք ոչ միայն բարդացրեցին իրավապահ մարմինների և ՊՆ-ի աշխատանքը՝ դիվերսանտներին ձերբակալելու գործում, այլև վտանգի տակ դրեցին գործողության մասնակից զինվորների կյանքնը:
Էթիկայի լուրջ խախտում էր, ապրիլյան պատերազմի ժամանակ հրապարակված՝ Քյարամ Սլոյանի գլխատված լուսանկարն ու տեսաշարերը, որոնք տեղադրվեցին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, իսկ հայկական մեդիան խթանեց դրանց տարածմանը:
Հայաստանի նման պատերազմող երկրները հատկապես ունեն՝ ռազմական լրագրության ուղղությամբ, մասնագիտանալու կարիք: Միջազգային մեդիայում թղթակից թեժ կետ ուղարկելու համար, անցկացնում են հատուկ թրեյնինգները՝ անվտանգության կանոնների և առաջին բուժօգնության վերաբերյալ, հոգեբանական ու ֆիզիկական պատրաստվածություններ (օրինակ՝ CNN-ը այս ամենի համար ծախսում է 25.000 եվրո գումար): Սակայն Հայաստանը չի կարող հոգալ այսպիսի ծախսերը:
Ինչպիսի առանձնահատկություններ ունի ռազմական լրագրությունը, իրենց փորձով կիսվում են ՀՀ գործող լրագրոներից մի քանիսը
ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեյի մամուլի քարտուղար՝ Սոնա Մարտիրոսյան.
«Որպես այդպիսին՝ ռազմական լրագրությունը որևէ առանձնահատկություն չունի. գործում են նույն կանոնները, միայն մեկ տարբերությամբ՝ այստեղ վրիպումներն աններելի են: Ռազմական լրագրության առաջին կանոնն ինձ համար, որը երբեք, որևէ պարագայում շրջանցել, անտեսել կամ որևէ այլ սկզբունքի ստորադասել չի կարելի, հավաստիությունն է: Հատկապես լարված ժամանակաշրջանում աշխատանքը պետք է հիմնված լինի բացառապես հավաստի տեղեկության վրա, ավելի գերադասելի է, որ այդ հավաստի ինֆորմացիան նաև պաշտոնական լինի:
Առաջինը լուսաբանելու խնդիրը պատերազմական դրությունում, չպետք է առաջնային լինի:
Գիտեք, որ օպերատիվությունը լրագրության երկրորդ, ամենակարևոր սկզբունքն է, բայց այս թեմաների լուսաբանման դեպքում օպերատիվությունը չի կարող ինքնանպատակ լինել: Պարզ օրինակ բերեմ՝ վիրավորված կամ զոհված զինվորի ծնողը չպետք է իր զավակի մասին լուրն իմանա լրագրողից: Դա պետք է ասվի պաշտոնապես՝ ՊՆ-ի կողմից: Սա նաև զուտ մարդկային, մասնագիտական էթիկայի հարց է: Բացի այն, որ անհարկի օպերատիվությունը կամ շտապողականությունը կարող է մասնագիտական, էթիկական վրիպումների հանգեցնել, դա նաև կարող է շատ ավելի շոշափելի, անդառնալի հետևանքներ ունենալ:
Այս թեմաների լուսաբանման ժամանակ լրագրողն իրեն պետք է ուղղակի հարց տա՝ ինչո՞ւ է ինքը գրում այս կամ այն բանը: Արդյոք առաջինը լինելու կամ այցելություններ ապահովելու ձգտումն ավելի կարևոր է, քան սահմանին կանգնած զինվորի կյանքն ու առողջությունը, կամ նրանց տանը սպասող ծնողների հանգստությունը: Բացի այդ, ես համարում եմ, որ լարված, թեժ իրավիճակներում հատկապես լրագորղական նյութը պետք է հիմնված լինի բացառապես պաշտոնական լրահոսի վրա»:
«AraratNews» կայքի գլխավոր խմբագիր՝ Էմմա Պալյան.
«Ես կարծում եմ, որ ռազմական լրագրությունը, մի ոլորտ է, որը առանձնանում է մյուսներից իր օբյեկտիվությամբ: Ճիշտ է, բոլոր ոլորտի լրագրղոների պարտքն է լինել անաչառ և միայն օբեյկտիվ լրատվություն մատուցել լսարանին, բայց եթե մյուս ոլորտներում փոքրիկ սխալը կարող է ներվել և մոռացվել, ապա ռազմական ոլորտում աններելի է, մանավանդ մեր՝ պատերազմական վիճակում գտնվողներիս համար: Ռազմական նյութեր գրելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դեպքերի կատարման վայրի, ժամի, եթե անձի հետ է կապված, ապա անձի անուն ազգանունը մի հազար անգամ ճշտելուց հետո նոր հրապարակել, գրել միայն նրա մասին, ինչը հաստատ եղել է ու ոչ մի տառ ավելին: Երբեմն ընթերցողների մեծ բանակ ուեննալու մոլուցքը լրագրողներին դուրս է հանում սահմաններից, ու գրում են ոչ միայն այն, ինչ կատարվել է, որը ռազմական լրագրության մեջ, նորից եմ կրկնում, աններելի է»:
«Իրավունք» թերթի լրագրող՝ Հրանտ Սարաֆյան.
«Իմ խորին համոզմամբ` ռազմական ոլորտն այն միակ ու բացառիկ թեման է,
որտեղ կարող է լրագրողը թույլ տալ իրեն որոշակի կողմնապահություն` ի շահ իր
երկրի, ի շահ իր երկրի անվտանգության ու ի տես թշնամյաց: Գաղտնիք չէ, որ
սահմանից անդին թշնամին ատամները սրած ուշիուշով հետեւում է ռազմական
ոլորտին առնչվող ամեն մի հայկական նյութի, գրառման ու մեկնաբանության:
Ուստի` այս ոլորտի խոհանոցը հրապարակայնացնելը կամ բացթողումների ու
թերությունների մասին աղաղակելը ոչ թե լրագրողական ամենատեսություն է, այլ
ազգային դավաճանություն: Ու ցավոք, այսօր ամեն օր Հայոց լրատվական
դաշտում կարելի է բախվել այս ամենին: Ավելին` լրագրողների «թեթեւ ձեռքով»
այսօր զինվորի կերպարը դարձել է զոհված, սահմանին սառած կամ վիրավոր
զինվորը, մինչդեռ իրական հերոսների մասին, որոնք պատվախնդրորեն,
համառությամբ ու պետականաշինության, ազգայինի գաղափարներով տոգորված,
հաղթանակած բանակի վստահությամբ` հենց հիմա կանգնած են սահմանին,
մնացել են ստվերում: Սա ամենքիս բացթողումն է, որը օր առաջ վերափոխման
կարիք ունի: Այո, սա այն դեպքն է, երբ լրագրողը պետք է դառնա, ոչ թե
սկանդալային նյութի կույր հետեւորդ, այլ ռազմահայրենասիրական ոգու
բարձրացման համար մեկ քարոզիչը»:
Սահմանից լուսաբանումներ անելու ժամանակ, ինչ կանոններ պետք է պահպանվեն և ինչպես դրսևորեց իրեն հայկական մեդիան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ
Սոնա Մարտիրոսյան.
«Սահման գնալիս հետներդ վերցրեք տրամաբանություն և ուղեղ, ինչպես նաև՝ զինվորականների հորդորներին և անվտանգության պարզագույն կանոններին հետևելու պատրաստակամություն: Ապրիլյան քառօրյայից հետո որոշ լրատվամիջոցների հատկացվեցին հատուկ զրահաբաճկոններ և կասկաներ՝ թեժ կետեր գործուղվող լրագրողների համար: Ըստ էության, դա միակ բանն է, որ կարելի է տանել առաջնագիծ:
Չնայած, որ ՊՆ-ն և զինված ուժերը մշտապես ապահովել են տեղում աշխատող լրագրողներին ոչ միայն համապատասխան հագուստով, այլև բացատրել են անվտանգության կանոնները: Խորհուրդ կարող եմ տալ՝ մի հերոսացեք առաջնագծում: Դրանով դուք վտանգում եք ոչ միայն ձեզ, այլև ձեր անվտանգության համար պատասխանատու սպայի և զինվորի աշխատանքն ու կյանքը:
Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին. Կարծում եմ, որ ճիշտ լրագրողական աշխատանքի փայլուն օրինակ է եղել 2015-ի հունվարյան թեժացման ընթացքում: Այդ ընթացքում հայկական մեդիան ինքնամաքրվեց, ինքնազտվեց, կարողացավ հավաստի, ճշտված ինֆորմացիան գերիշխող դարձնել համացանցում: Սա իրական հաթանակ եմ համարում: Իսկ ապրիլին... Կարծում եմ՝ ոչ ոք, նաև լրագրողները, պատրաստ չէին այդ զարգացումներին: Պատերազմն այն երևույթներից է, որին միշտ պատրաստվում ես, բայց երբեք լիովին պատրաստ չես լինում: Իրականում միշտ հույս ունես, որ դա չի լինի: Բայց եղավ:
Ապրիլյան առաջին երկու օրերին մեզ լավ աշխատել խանգարեց այդ անպատրաստությունը, ինչպես նաև՝ պաշտոնական ինֆորմացիայի պակասը: Չնայած՝ պետք է շեշտեմ, որ այս դեպքում դա կարելի է հասկանալ և ընդունել: ՊՆ-ն պարտավոր էր ճշտել, հստակեցնել կամայական տեղեկությունը. սկսած անհետ կորածների անուններից, մինչև զոհերի թիվ և անուններ: Պատկերացրեք՝ ինչ կկատարվեր այդ աննախադեպ լարվածության ժամանակ, եթե ՊՆ-ն հանկարծ ու վրիպեր:
Այնպես որ, այդ օրերի որոշակի դանդաղկոտությունը հենց դրանով եմ պայմանավորում: Ընթացքում որոշ լրատվամիջոցներ, իհարկե, չափն անցան, բայց ուզում եմ մտածել, որ դա ոչ թե լայքեր կամ այցելություններ կորզելու փորձ էր, այլ էմոցիոնալ պորթկում: Ամեն դեպքում՝ մասնագիտական բացերն ակնհայտ էին, վրիպումները՝ շատ: Բայց նաև ուզում եմ նշել, որ մեր շատ գործընկերներ ուղղակի փայլուն հանձնենցին այդ քննությունը: Շատ շատերի աշխատանքի պրոֆեսիոնալիզմը միայն հիացմունքի է արժանի»:
Էմմա Պալյան.
«Ապրիլյան պատերազմի օրերին, կարծում եմ, որ մեր լրագրողերը իրենց շատ ճիշտ դրսևորեցին: Ճգիտեմ կատարվածի լրջությունն էր, երևի որ սթափեցրեց մեզ բոլորիս, ու կարողացանք էթիկայի սահմաններից դուս չգալ: Չնայած դրան նպաստեց նաև ՊՆ ոլորտի մասնագետների պարբերաբար հնչող հորդորները՝ զերծ մնալ ապատեղեկատվությունից: Ու կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց»:
Հրանտ Սարաֆյան.
«Թեպետ լրագրողը պետք է կարողանա սթափ ու առանց տրվելու զգացմունքայնությանը կատարել իր աշխատանքը բոլոր իրադարձությունները լուսաբանելիս, սակայն, պետք է փաստենք, որ ապրիլյան պատերազմը հանկարծակիի բերեց նաև լրագրողական հանրությանը: Այո՛, այդ շրջանում շատ խոսվեց, որ որոշ լրագրողներ ճիշտ չդրսեւորեցին իրենց, ինչը պայմանավորված էր նրանով, որ հայաստանյան լրագրողներս պատրաստ չէինք պատերազմ լուսաբանելու, որովհետեւ այդ մասին լսել էինք միայն հեռու ու մոտիկերկրներից, բայց անձնապես չէինք առնչվել:
Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ի պատիվ Արցախյան պատերազմի բովով անցած մի քանի խմբագիրների, տեղեկատվական անվտանգության փորձագետների եւ բլոգերների, այդ օրերի լուսաբանումը դրվեց ճիշտ հարթության վրա: Արդյունքում լրագրողներն էլ սկսեցին զանազանել ինչն է պետք լուսաբանել եւ ինչի մասին է պետք լռել: Իրականում` մասնագիտական աշխատանքի մեջ, ըստ իս, լրագրողներից յուրաքանչյուրի հոգու խորքում կար մեծ բախում` պրոֆեսիոնալ լրագրողի եւ հայրենիքը վտանգի մեջ գտնվող քաղաքացու միջեւ: Լուսաբանման ողջ ընթացքն էլ հենց այս բախումների ծնունդ էր, որտեղ կա՛մ լրագրողն էր տուժում, կա՛մ մարդը: Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ ռազմական լրագրության մասնագիտացման ուղղությամբ լուրջ անելիքներ կան` սկսած ամենատարրականից, երբ 20-25-ամյա երիտասարդ լրագրողուհին կամ նույն տարիքի բանակ չծառայած լրագրողը կարող է եւ չտարբերակել ռմբակոծությունն ու գնդակոծությունն իրարից ու վերջացրած, թե, ի վերջո, պատերազմական իրավիճակում արդյոք պետք է հանրությանը ներկայացնել ողջ իրականությունը, թե՞ այն, ինչ համաձայնեցված կլինի ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի պաշտպանության բանակի հետ: Չէ՞ որ դու մի կողմից պարտավոր ես չխաբել քո ընթերցողին, իսկ մյուս կողմից քո անկեղծությունն ու խոսքի ազատությունը կարող է խուճապ առաջացնել, տապալել մարտական օպերացիա կամ, պարզապես, անգիտակացաբար ջուր լցնել թշնամու ջրաղացին»: