Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Եթե Թրամփը կամ իր վարչակարգը հուսախաբ չանեն, մեր միջև կապերը կզարգանան․Վիգեն Հովսեփյան

14:17, Воскресенье, 13 Ноября, 2016 года
Եթե Թրամփը կամ իր վարչակարգը հուսախաբ չանեն, մեր միջև կապերը կզարգանան․Վիգեն Հովսեփյան
     Ամերիկահայ, ԱՄՆ ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը, խոսելով ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում սպասվելիք հնարավոր զարգացումների մասին, հիշատակեց, որ ԱՄՆ-ի տարբեր պաշտոնատարների հետ հայ համայնքը մշտապես էլ իր հարաբերությունները ծավալել է հավաքական շահերը ներկայացնելու համար:
    
     Ամերիկահայերից ոմանք Հանրապետական կուսակցության անդամներ են, որոշներն էլ հետևում են Դեմոկրատական կուսակցությանը, ոմանք էլ անկախ են:
    
     «Յուրաքանչյուր ամերիկահայ անհատապես ունի իր ուրույն հավատարմությունը, սակայն, երբ հարցերը վերաբերում են հավաքական օրակարգին՝ այստեղ արդեն նախապաշարումներ չկան և պետք էլ չէ, որ լինեն: Համայնքը գործում է ցանկացած վարչախմբի և պաշտոնյայի հետ, և եթե նորընտիր նախագահը կամ իր վարչակարգը դրական հարաբերություններ պահպանեն հայ համայնքի հետ և հուսախաբ չանեն մեզ, ապա կապերը կզարգանան: Այսօրվա տվյալներով, զգուշավոր ակնկալությամբ հետևում ենք պարոն Թրամփի առաջին քայլերին, նշանակումների և դիրքորոշումներին», - ասաց Վիգեն Հովսեփյանը:
    
     Նկատառմանը, թե շատերը Հայաստանում Դոնալդ Թրամփին համարում են ադրբեջանամետ գործիչ՝ հաշվի առնելով նրա բիզնես կապերն այդ երկրում և մտավախություններ ունեն, որ ԼՂ հիմնախնդրում Միացյալ Նահանգները ադրբեջանամետ դիրքորոշում կընդունի, ամերիկահայ քաղաքագետը պատասխանեց՝ շատ շուտ է այդպիսի պարզունակ կանխատեսումներ անելու համար:
    
     «Ինչ խոսք, որևէ նախագահի, մանավանդ Թրամփի դեպքում, անհատականությունն ու նախասիրությունները սահմանափակ ազդեցություն կարող են ունենալ գործընթացների վրա, բայց արտաքին հարաբերությունների նման բարդ ոլորտի մեջ այդօրինակ ազդեցությունները շատ ավելի աննշան կլինեն և ինստիտուցիոնալ թելադրանքներն ավելի գերիշխող: Իսկ այս դեպքում գլխավոր ազդակը ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ պետք է փնտրել», - ասաց Վիգեն Հովսեփյանը:
    
     Նա նկատեց, որ առաջին հերթին, և չգիտես ինչու, կա թյուր կարծիք, թե ամերիկահայ համայնքի ուշադրության կիզակետում միմիայն կամ առավելաբար Հայոց ցեղասպանության ճանաչման հետ առնչվող հարցերն են:
    
     «Սա իրականությանը չի համապատասխանում: Հավաքական ճիգերի և քաղաքական ճնշումների առանցքը կազմում են ՀՀ-ին ցուցաբերվող տարբեր տեսակի օժանդակության ճիգերը՝ տնտեսական, մարդասիրական և զինվորական, Արցախի անսասանությանը վերաբերող քայլերը և վերջապես Հայ դատին առնչվող հարցերը, որոնց մեկ մասնիկն է Ցեղասպանության ճանաչումը», - ասաց նա:
    
     Հայ քաղաքագետներից Սուրեն Սարգսյանը մատնանշել էր, որ հայ լոբբիստների ուշադրության կենտրոնում պետք է պահվի 907 բանաձևը, որով որոշվել է, որ ԱՄՆ կառավարությունը որևէ օգնություն չի տրամադրի Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ: Նա նշել էր, որ ամերիկահայերը պետք է իրենց պետության նոր ղեկավարի առաջ նոր պահանջ ձևակերպեն, իսկ դա Արցախի և Հայաստանի անվտանգության հարցն է, որում ԱՄՆ-ն պետք է ավելի հետևողական լինի:
    
     Սրան ի պատասխան Վիգեն Հովսեփյանը նշեց․ «Ձեր նշած 907 հոդվածի հետ մի քանի ռազմավարական խնդիրներ մնայուն կերպով հայկական ճիգերի մասն են կազմում: Ավելացնեմ, որ ընդհանրապես ՀՀ-ի ուղղությամբ, մասնավորապես նրա անվտանգության հետ կապված ԱՄՆ ուղեգծի միայն մեկ գործոնն է հայկական լոբբինգը: Նույնքան և ավելի կարևորը ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է ու նրա փոխած վերաբերմունքը»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3599 | 0 | 0
Facebook