2014 թվականի օգոստոս ամսին, Իսլամական պետության կողմից սկսվեց եզդի ժողովրդի զանգվածային կոտորածը: Եզդիաբնակ Շանգալ մարզն ամբողջովին եզդիաթափվեց, 400000- ից ավելի եզդիներ դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք գերի ընկան ու դեռ մինչև այսօր նրանցից շատերը գտնվում են գերության մեջ:
«Մեզ պահում էիր համակենտրոնացման ճամբարներում, որտեղ կային տարբեր տարիքի կանայք ու աղջիկներ, ու անգամ 9 տարեկան երեխաներ, որոնք նույնպես ենթարկվում էին սեռական բռնությունների: Կանանցից շատերը վաճառվում էին տարբեր երկրներում, կամ փոխանակվում: Ոմանց էլ, հարազատները մեծ գումարների շնորհիվ կարողացան հետ գնել, շատ աղջիկների էլ հաջողվեց փախուստի դիմել: Իսլամիստների ձեռքից մազապուրծ եղած աղջիկներից շատերը ինքնասպան են եղել» , - պատմում էր ԻՊ-ի գերությունից ազատված եզդուհի` Նադիա Մուրադը, ով գերությունից ազատվելուց հետո տեղափոխվել է Գերմանիա ու դարձել ամբողջ եզդի ազգի ձայնը` աշխարհով մեկ պատմելով այն ամենն ինչի ականատեսն է եղել:
«Ես Քոչո գյուղից եմ, այն հիմնականում եզդիաբնակ էր, սակայն կային նաև քրիստոնյաներ: Իսլամիստները մտան մեր գյուղ ու զգուշացրեցին, որ բոլոր քրիստոնյաները հեռանան, իսկ եզդիներն այսպես, թե այնպես պետք է մեռնեին: Եկան ու իրենց հետ տարան բոլոր կանանց, աղջիկներին ու երեխաներին, մեր աչքի առաջ գնդակահարեցին մեր գյուղի 700 տղամարդկանց:
Չամուսնացած աղջիկներին տարան Թելաֆար ճամբար, ըստ իրենց` իսլամիստների օրենքների, 40 օր հետո եզդիները մաքրվում են ու դառնում մուսուլման, որից հետո աղջիկներին բաժանեցին իրար մեջ: Իսկ ինձ ու էլի շատ աղջիկների տարան Մոսուլ»:
Ինչպես պատմում է Նադիա Մուրադը, փախուստի դիմելով նա գնում է Չախո գյուղ, որտեղ ապրում է երկու ամիս, այնուհետև Գերմանիայի հայտարարությունից հետո, թե պատրաստ է ընդունել 1000 եզդի կնոջ, Նադիան մեկնու է Գերմանիա ու սկսում աշխարհով մեկ բարձրացնել եզդի կնոջ ձայնը:
Ես կորցրել եմ վեց եղբայրներիս, եղբայրներիցս չուրսի կանանց, նրանց վեց երեխաներին, մորս ու քույրերս, իսկ հայրս մահացել էր 2003 թվականին: Ես բարձրաձայնում եմ ոչ միայն իմ ու իմ ընտանիքի պատմությունը, այլ ամբողջ եզդի ազգի» , - ասաց Նադիան:
Նադիա Մուրադը եղել է նաև Հայաստանում, «Յազդա» կազմակերպության նախագահ` Մուրադ Իսմաիլի հետ միասին, (կազմակերպությունը գործում է Գերմանիայում): Նրանք հանդիպումներ ունեցան ինչպես եզդիական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ խորհրդարանի հետ:
«Մեր կազմակերպության առաջին խնդիրը եղել է հնարավորիս շատ ինֆորմացիայի հավաքումը գերիների մասին, որպեսզի կարողանանք միջոցներ ձեռք առնել նրանց ազատելու համար: Իսկ ներկայիս գերագույն խնդիրը եզդիական լոբբինգի իրականացում է, որպեսզի աշխարհը ընդունի եզդի ժողովրդի ցեղասպանությունը» , - ասաց Մուրադ Իսմաիլը:
«Յազդա» կենտրոնը հիմնել է երկու կլինիկա, որոնք օգնում են ցեղասպանությունից տուժած կանանց ու աղջիկներին բուժվել և ֆիզիկապես և հոգեպես ու վերադառնալ կյանք:
«Բոլոր խնդիրների լուծումը Շանգալի` եզդիների պատմական հայրենիքի, ազատագրումն է, ինչպես նաև աշխարհում սփռված եզդիների միավորումն ու համագործակցությունը: Մինչև այսօր 37 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որոնցում առկա ոսկորները, ոչ մի միջազգային ուսումնասիրության չեն ենթարկվել: Եթե եզդիական լոբբինգ լինի, ես վստահ եմ, որ Իրաքում ու Քուրդիստանում առկա խնդիրները լուծում կստանան» , - այս համոզմունքին էր Մուրադ Իսմաիլը: