Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Մեր էրեխեքը չեն մահացել, սպանվել են»

14:22, Воскресенье, 27 Января, 2013 года
«Մեր էրեխեքը չեն մահացել, սպանվել են»

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները շարունակում են պայքարել իրենց որդիների մահվան դեպքերի բացահայտման և արդարության վերականգնման համար: Որդուն կորցրած ծնողի համար անընդունելի է այն արատավոր երևույթը, երբ ողբերգական ելքերով դեպքերի իրական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն զինդատախազությունը կեղծիքների է դիմում:

Այս մասին հունվարի 25-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին մահացած զինվորների ծնողները, ովքեր, մի շարք փաստեր մատնանշելով, վստահեցնում էին, որ իրենց որդիների մահվան դեպքերի քննությունների արդյունքները շինծու են և իրականությանը չեն համապատասխանում:

2010 թ. մարտին Ստեփանակերտի զորամասում խաղաղ պայմաններում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, վստահ է, որ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել (պաշտոնական վարկած), այլ սպանվել է. որդու մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, որոնց դատաբժշկական փորձաքննությունը պատշաճ բացատրություն չի տվել: 2011 թ. հունվարին մոր բողոքներից հետո ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը հանձնարարվել է լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Սակայն Նանա Մուրադյանը նշում է, որ գործում ոչ մի առաջընթաց չկա. «Ոչինչ չի արվում գործերը բացահայտելու համար, հակառակը` դրանք կոծկվում են»:

2007 թ.-ին Սևանի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները չեն հավատում, որ իրենց որդու մահվան պատճառը հոսանքահարումն է եղել (պաշտոնական վարկած): «Երեխայիս շորերը պատառոտված են եղել, բայց մեզ այլ հագուստ են ցույց տվել, որն իմ տղայի չափսերին չէր համապտասխանում… Երրորդ եզրակացությունն ենք ստանում, որ դեպքի վայրում հոսանք չի եղել, որը կարող էր վնասել երեխային: Ես մայր եմ, պետք է իմանամ երեխայիս մահվան պատճառը», - ասում է Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը: Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը, վստահ է, որ քննության արդյունքները և դատաբժշկի եզրակացությունն իրականությանը չեն համապատասխանում:

2011 թ. Հունվարի 27-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում զրուցել է մահացած զինվորների մայրերի հետ և հավաստիացրել, որ նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանին կհանձնարարի գործերը վերանայել և բացահայտել: Այդ խոստումից 2 տարի է անցել, սակայն գործերում որևէ փոփոխություն չկա: Դեպքերը շարունակում են մնալ չբացահայտված: «Հանցագործի ձեռքը բռնելու փոխարեն բարձրացնում են պաշտոնները, մեդալներ են շնորհում մարդասպաններին», - ասում է Տիգրանի մայրը:

2001 թ. Հոկտեմբերի 30-ին Վայքի զորամասում մահացած Արայիկ Ավետիսյանի մահվան պատճառն ըստ պաշտոնական վարկածի զենքի հետ անզգույշ վարվելն է եղել: Արայիկի մայրը` Անահիտ Մկրտչյանը, ասում է, որ պատրաստ է ապացուցել, որ իր որդուն սպանել են հարյուր դոլարի համար, որը նրանից պահանջել են արձակուրդից վերադառնալուց հետո: Որդու սպանության համար մեղադրում է զորամասի գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանին: «Այս տարի լրանում է տղայիս սպանության 12-րդ տարին, բայց գործում ոչ մի առաջընթաց չակ», - ասում է տիկին Անահիտը, ով կարծում է, որ այս գործում էլ են դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծվել:

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան եղած, սակայն հարազատների պնդմամբ` սպանված Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, չցանկացավ ևս մեկ անգամ վերհիշել որդու մահվան մանրասմաները: Նա այս տարիների ընթացքում այն եզրահանգմանն է եկել, որ Հայաստանում ոչ մի պետաիրավական համակարգ չի գործում: «Չկա օրենքի գերակայություն, բայց կան բազմաթիվ օրենքներ… Մարդասպանների ձեռքը բռնող պետք է լինի», - այսպես ավարտեց խոսքը մահացած զինվորի մայրը:

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը, ամփոփելով խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների հետ հանդիպումը, ասաց, որ իրենք պահանջում են, որ Ազգային Ժողովում ստեղծվի հանձնաժողով, որը կհետևի այս գործերի քննությանը: «Շարունակական լռությունը կամ անհիմն գովաբանությունը կործանարար են: Այս ծնողները և’ իրավապաշտպաններ են, և’ իրավաբաններ, և’ դատաբժիշկներ: Բոլոր ֆունկցիաները նրանց վրա են: Պետությունը պատշաճ ձևով չի պատժել մեղավորներին»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4367 | 0 | 0
Facebook