Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉ

02:36, Четверг, 13 Июня, 2013 года
ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉ
    
Եթե փոխենք «Հանճարեղից մինչեւ ծիծաղելին մեկ քայլ է» հայտնի ասույթի առաջին եւ երրորդ բառերի տեղերը եւ հարմարեցնենք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին չորս օրվա ելույթներին, կստանանք այն պատկերը, որը ամենից դիպուկ կարտացոլի տեղի ունեցածը: Մի քանի օրվա տարբերությամբ հայ ֆուտբոլիստները մրցաշարային ընդերքից հայտնվեցին գագաթին: Փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ հրաշալի կերպարանափոխությունը:
    
     Տվյալ պարագայում մեկնաբանության կարիք ունեն ոչ այնքան Մալթայի ու Դանիայի հավաքականների հետ հանդիպումների արդյունքները, որքան մեր թիմի խաղի որակի կտրուկ փոփոխությունը: Ինչպես պատահեց, որ խմբի հետնապահի հետ երեւանյան մրցամարտում անօգնական տպավորություն թողած թիմը կարճ ժամանակ անց կարողացավ վերստին գտնել այն խաղը, որը կորցրել էր «Եվրո-2008» -ի ընտրական մրցաշարից հետո: Գլխավոր պատասխանը, թերեւս, իրոք, պետք է փնտրել հոգեբանության ոլորտում: Հայտնի է, որ անելանելի վիճակը երբեմն փակուղուց դուրս գալու խթան է։ Ըստ էության, հենց դա էլ տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի պարագայում, որը մալթացիներին պարտվելուց հետո պարզապես չուներ նահանջելու տեղ: Հավանաբար հենց դա էլ նկատի ուներ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հայտարարելով, որ անցած օրերին ամենից առաջ փոխվել էր իր սաների հոգեբանությունը:
     Առհասարակ հոգեբանական գործոնը, մեր կարծիքով, վերջին երկու խաղերի բացատրության հիմքն է: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանը թերագնահատեց Մալթային, իսկ Դանիան էլ՝ Հայաստանին: Երկու խաղերն ունեն եւս մեկ նմանություն՝ արագ գոլերը: Երեւանում մրցակիցը արդյունավետ հակագրոհների շնորհիվ կարողացավ գրագետ գործողություններով պահպանել հաղթական հաշիվը: Իսկ Կոպենհագենում նախախնամությունը, ինչպես ասում են, վերադարձրեց պարտքը Հայաստանի հավաքականին:
     Անշուշտ, դանիացիները ունեին խաղի իրենց սցենարը, որն արդեն 27-րդ վայրկյանին խաթարեց Յուրա Մովսիսյանի գոլը: Այն, եթե չենք սխալվում, ամենաարագն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Այնուհանդերձ դաշտի տերերին սահմանված հունից վերջնականապես շեղեց Արազ Օզբիլիսի՝ 19-րդ րոպեին խփած 2-րդ գոլը: Դրանից հետո մրցակիցը պարզապես ստիպված էր մեծ ուժերով առաջ նետվել, ինչը ուղղակի իդեալական տարբերակ էր արագ հակագրոհներին ապավինող Հայաստանի հավաքականի համար: Առավել եւս, որ դաշտի տերերի գլխավոր մարզիչ Մարտին Օլսենը բաց թողած 2-րդ գոլից անմիջապես հետո անցավ առաջին փոփոխություններին՝ պաշտպանությունը թուլացնելու հաշվին ուժեղացնելով հարձակման գիծը: Սակայն նա ոչ միայն չհասավ նպատակին, այլեւ տրամագծորեն հակառակ արդյունք ստացավ:
     Հայ ֆուտբոլիստները արագորեն ներխուժելով Դանիայի հավաքականի պաշտպանությունում առաջացած ազատ գոտիներ՝ լիարժեք օգտագործեցին մրցակցի ընձեռած հնարավորությունները: Հարկ է նկատել, որ բացակայում էր դանիացիների ամենափորձառու պաշտպան՝ թիմի ավագ Դանիել Ագերը:
     Դա, անշուշտ, որեւէ չափով չի նսեմացնում Հայաստանի հավաքականի հաղթանակը, որը որոշակի առումով պատմական է, քանզի ջախջախվել է աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը:
     Սա ամբողջովին թիմային հաղթանակ է, քանի որ մեր հավաքականի խաղային բոլոր օղակների անխափան խաղի արգասիքն է: Այո, արդյունքը ձեւակերպեցին Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսն ու Հենրիկ Մխիթարյանը: Սակայն նրանց հմտությունն ու վարպետությունը վաղուց են հայտնի: Ինչպեսեւ Ռոման Բերեզովսկու հուսալի խաղը, որը նախօրեին նույնպես դրսեւորվեց ողջ փայլով: Փոխարենը զարմացրին եւ ուրախացրին մեր պաշտպանները, որոնք մինչ այդ միայն դառնություն էին պատճառում: Այս անգամ մեկնարկային կազմում էր Վարազդատ Հարոյանը, որը, կարելի է ասել, գերազանցեց ամենահամարձակ սպասելիքները: Հատկապես տպավորիչ էին բարձրահասակ դանիացիների հետ նրա օդային մենամարտերը: Այդպիսով, կարելի է արձանագրել, որ Վարդան Մինասյանին հաջողվել է գտնել պաշտպանության, եթե ոչ հիմնական, ապա պահեստային տարբերակը: Հաշվի առնելով, որ առաջիկա խաղերում շարք կվերադառնան նաեւ Լեւոն Հայրապետյանը եւ Հրայր Մկոյանը՝ պաշտպանության խնդիրը լուծելու լավ հեռանկարներ են ուրվագծվում:
     Իհարկե անարդարացի կլինի սահմանափակվել մի քանի անուններով: Այս հաղթանակը կերտեցին հավասարապես բոլոր խաղացողները ու նաեւ Վարդան Մինասյանը, որին հաջողվեց դիմանալ փորձությանը: Իսկ Հենրիկ Մխիթարյանի գոլը դարձավ հանդիպման արժանի պսակը: Այդքան սառնասրտորեն թերեւս ոչ մեկը չէր նսեմացրել դանիացի պաշտպաններին:
     Հիմա եզրակացություն. Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ հիանալի է տիրապետում արագ հակագրոհների մարտավարությանը եւ ստանալով այդպիսի հնարավորություն՝ մահացու մրցակից է դառնում յուրաքանչյուր թիմի համար: Մյուս կողմից՝ մալթացիներից կրած պարտությունը ապացուցում է, որ մեր թիմը դժվարանում է հանդես գալ նախաձեռնողի դերում, իր կամքը թելադրել հակառակորդին, հատկապես երբ հայտնվում է պարտվողի դերում: Այնպես որ Վ. Մինասյանը պետք է կարողանա գտնել տարբերակ, որը կօգնի հաջողության հասնել նաեւ խաղային այլ իրավիճակներում:
     Եվ վերջում, Հենրիկ Մխիթարյանը, խփելով Հայաստանի հավաքականում 11-րդ գոլը, հավասարվեց մեր ընտրանու մյուս լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին, որը մրցակիցներին ահաբեկում էր 90-ական թվականներին: Հաղթանակի շնորհիվ մեր թիմը, վաստակելով 6 միավոր, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Դանիայից եւ Մալթայից: Հիմա մերոնց երեք միավոր է բաժանում չեխերից, 4-ը՝ բուլղարացիներից եւ 8-ը՝ իտալացիներից: Ընտրական խմբում Հայաստանի հավաքականին մնացել է չորս խաղ հենց այդ մրցակիցների հետ: Եթե հաճելի անակնկալների շարանում նոր օղակներ հայտնվեն, ապա մրցաշարի հանգուցալուծումը ավելի քան հետաքրքիր կլինի:
    
     Հրայր Նազարյան

    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3716 | 0 | 0
Facebook