Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հանգուցյալից գումար չի պահանջվում…

00:39, Четверг, 04 Июля, 2013 года
Հանգուցյալից գումար չի պահանջվում…

Եկեղեցին Աստծո տունն է, որի դռները միշտ բաց են մարդկանց առջեւ, որտեղ հանգստանում ենք, խորհում, խնդրում…Մի խոսքով՝ մշտապես հյուրընկալ մի սուրբ վայր, որտեղ այցելությունը չպետք է դժկամություն կամ նեղսրտություն առաջացնի…

Բայց արի ու տես, որ վերջին շրջանում մարդիկ բողոքում են, նեղվում, երբեմն՝ վախենում…եկեղեցու ճանապարհին: Պատճառը հուղարկավորության թափորներն են, որոնց հանդիպում են կամ հենց եկեղեցու ներսում, կամ՝ հանդիպակաց…

Թե ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում եկեղեցում անցկացվող հոգեհանգստի արարողությունները, որտեղի՞ց է գալիս այդ սովորույթը՝ փորձեցի ճշտել Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանից: Ի դեպ, այս եկեղեցին նույնպես բողոքի էպիկենտրոնում է…

Օրհնեցեք Տեր Հայր: Ինչո՞վ է պայմանավորված հանգուցյալին եկեղեցում դնելը:

Աստված օրհնի: Դա հին քրիստոնեական ավանդույթ է ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհում: Հայոց մեջ եկեղեցու սպասավորի կողմից կատարվող թաղման կարգը բաժանվել է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ… Երբ մարդը մահանում էր, մի քանի ժամ տանն էին դնում, այնուհետեւ երեկոյան տեղափոխում էին եկեղեցի, որտեղ հաջորդ օրը՝ առավոտյան, կատարում էին եկեղեցու կարգ եւ տանում գերեզման՝ հողին հանձնելու: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու հատվածը դուրս եկավ… Այսօր այդ ծեսը նորից կյանքի է կոչվել, սակայն բախվել ենք մեկ այլ խնդրի. չունենք գերեզմանատներին կից եկեղեցիներ, մատուռներ, եւ երբեմն եկեղեցում հանգուցյալ դնելը անհարմարություն է առաջացնում: Մարդիկ դեռեւս սովոր չեն, եկեղեցի չեն մտնում, սին վախեր ունեն եկեղեցում հանգուցյալ տեսնելու հետ կապված: Այսօր այս խնդիրը ծառացած է եկեղեցու առջեւ: Կարծում եմ՝ լուծումը կգտնվի. յուրաքանչյուր գերեզմանատանը կից մատուռներ կկառուցվեն, որտեղ կդրվեն հանգուցյալները եւ այնտեղից էլ կկազմակերպվի հուղարկավորության կարգը:

Ի՞նչ կարգով են ընտրվում եկեղեցիները, որտեղ դրվում են հանգուցյալների աճյունները:

Հիմնականում քաղաքի ծայրամասերի եւ գյուղերի բոլոր եկեղեցիների քահանաներին տրված է իրավունք՝ տնօրինելու թաղման ծեսերը, եթե իրենց օրվա ժամատախտակին համապատասխան է: Երեւանում նման եկեղեցիները երկուսն են՝ Նորագավթի Սբ. Գեւորգ եւ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցիները: Մնացյալ տեղերում, եթե նման կարգ կլինի, ապա միայն բացառիկ թույլտվությամբ: Իսկ Սբ. Հովհաննես եկեղեցում միայն մշակութային, պետական գործիչների աճյուններն են դրվում՝ վեհափառ հայրապետի թույլտվությամբ, որոնց հուղարկավորությունը կազմակերպվում է պետական հանձնաժողովի կողմից:

Կան մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն իրենց ննջեցյալին եկեղեցով ճանապարհելու, բայց՝ քիչ գումար, եւ կան այնպիսինները, որոնք ունեն շատ գումար եւ քիչ ցանկություն, սակայն ուզում են հետեւել ժամանակի շնչին…Այստեղ խտրականություն չի՞ դրվում… Բայց չէ՞ որ Աստվածաշնչում ասվում է՝ Աստծո առաջ բոլոր մարդիկ հավասար են…

Այս արարողության համար եկեղեցին գումարի որեւէ չափաբաժին չի սահմանել: Մարդիկ սեփական կամքով, հնարավորության սահմաններում վարձատրում են հոգեւորականին՝ կատարած ծառայության համար: Հիշենք, որ հոգեւորականը չունի աշխատավարձ եւ եկեղեցու կողմից իրեն որեւէ վճարում չի կատարվում: Ժողովուրդն է հոգեւորականին միշտ պահել ու վարձատրել. Սա արարողություն է, եւ ժողովուրդը պարզապես պետք է գիտակցի՝ եթե յուրաքանչյուր ծառայության համար վարձատրում է մյուսներին, ապա հոգեւորականին եւս կարելի է վարձատրել, որովհետեւ հոգեւորականը եւս ունի ընտանիք, ծախսեր, պետքեր…Շատ ու շատ դեպքեր են եղել, երբ արարողությունից հետո ոչինչ չեն վճարել ոչ միայն հոգեւորականին, այլ նաեւ երգչախմբին, քանի որ հնարավորություն չեն ունեցել…Ոչ-ոք մարդկանց ոչինչ չի ստիպում, դա հնարավորության, ցանկության ու գիտակցության խնդիր է:

Փաստորեն, երբ մոտենում են հոգեւորականին եւ հարցնում ծառայության արժեքը, որևէ թիվ չի՞ նշվում:

Ո՛չ

Այդ դեպքում որտեղի՞ց են վերցված շրջանառվող թվերը՝ 300-ից 1000 դոլլար:

Չեմ կարող ասել: Երբ ինչ որ մեկը օդում հայտարարություններ է անում, դա չի նշանակում, որ այդպես է: Արդեն ասացի, լինում են դեպքեր, երբ ոչ թե քիչ, այլ բոլորովին չեն վարձատրում հոգեւորականին՝ ծառայության դիմաց… Նման գումարներ գոյություն չունեն, եկեղեցին, հոգեւորականը չի կարող նման բան անել…Եթե որեւէ մեկը առնչվել է նման դեպքի, թող այդ հոգեւորականի անունը տա, եւ, հավատացեք, նա անպայման իր արժանի պատիժը կստանա…

Նելլի Մարգարյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4456 | 0 | 0
Facebook