Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ` ՀՐԱԺԵՇՏ ՎԱԽԻՆ

01:37, Воскресенье, 02 Июня, 2013 года
ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ` ՀՐԱԺԵՇՏ ՎԱԽԻՆ

Վախը հոգեբանական երեւույթ է, որը, կարծում եմ, լույս աշխարհ է գալիս մարդու հետ եւ նրան ուղեկցում ողջ կյանքի ընթացքում: Վախով ենք դուրս գալիս տաքուկ ու փափուկ մայրական որովայնից, բղավում ու բողոքում ու ողջ կյանքում փորձում հաղթահարել այդ զգացումը… Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում:
     Իսկ թե ի ՞նչ հոգեբանական երեւույթ է վախը, ինչպե ՞ս կարող է ազդել մարդու ներաշխարհի վրա, մեզ օգնեց հասկանալ Տեր Տաճատ Ա. քահանա Դավիդեանը.

- Տեր հայր, վախը զգուշություն է, հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն:
     - Երեքին էլ կարող է հանգեցնել, նայած, որ տեսանկյունից ենք մոտենում: Նախ ասեմ, որ կա լավ եւ վատ տեսակի վախ: Լավ վախն այն է, որ մարդը վախենում է սխալներ գործելուց. երբեք երկրորդ անգամ ձեռքը վառվող կրակին չի մեկնի, ավտոմեքենան արագ չի վարի: Երբ, օրինակ, ես վախ ունեմ, որ լավ քահանա չեմ, լավ մարդ չեմ, կամ լավ մասնագետ չեմ: Դա օգտակար վախ է, գիտե ՞ք: Բայց նաեւ վատ վախի երկու տեսակ կա: Մեկն ինքնավստահության բացակայությունն է, որը ձախողման է հանգեցնում: Օրինակ, երբ երեխան վախենում է, որ չի կարող դասը սերտել, այդ վախը նրան այն աստիճանի է հասցնում, որ իսկապես չի կարողանում: Դա հոգեբանական երեւույթ է, հիվանդագին վախ: Բայց քրիստոնյա մարդը ինքնավստահ պետք է լինի` գիտակցելով, որ ինքը ստեղծված է Աստծո պատկերով, որ Աստված միշտ իր կողքին է: Եվ կա վախի մի տեսակ, որին անձկություն ենք ասում: Դա շատ վտանգավոր վախ է, այդ մարդիկ հաճախ դեպրեսիայի են մատնվում:
     - Այդ վախն ինչո՞վ է արտահայտվում:
     - Նախ ասեմ, որ անձկությունն առաջ է գալիս հավատքի պակասից: Հավատքը մեզ օգնում է հասկանալ, որ Աստված միշտ մեր կողքին է: Սա ամենավտանգավոր վախն է: Ինքնաքննադատությամբ ենք զբաղվում, մտածում ենք` մեղավոր ենք, Աստված մեզ չի սիրում, մեր մտերիմները չեն սիրում, անարժան ենք այդ սիրուն… Նման մարդիկ պետք է դիմեն քահանային, գուցե կարիք լինի` նաեւ հոգեբույժին...
     - Դուք նման հոգեվիճակով շատ մարդկանց հետ եք շփվում: Առավել շատ ինչի՞ց են վախենում:
     - Նկատել եմ, որ մարդիկ շատ են վախենում մահից, նույնիսկ չեն սիրում մահվան մասին խոսել: Բայց ինչպես մի օր ծնվեցինք, մի օր էլ պետք է մահանանք, չէ՞: Մեզ ինչ չափով կյանքը տրվել է, եկեք վայելենք: Մենք ենք հաճախ ստեղծում մեր վախերը:
     Նաեւ հիշողություններն են վախի պատճառ դառնում. եթե երեխան տեսնում է, թե ինչպես են ծնողները վիճում կամ հայրը մորը հարվածում է, դա միշտ իր ենթագիտակցության մեջ է մնում ու հետագայում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:
     - Վախն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել եւ բուժման ի՞նչ մեթոդներ կան:
     - Երբ մարդը ֆիզիկապես տկար է, դա կարող է իր հոգեկանի վրա ազդել: Ֆիզիկապես հիվանդ մարդիկ հաճախ են վախով պարուրվում, հուսալքվում: Նրանց պետք է սիրելիի, հարազատի, հոգեւորականի մխիթարությունը, որպեսզի չտկարանան նաեւ հոգեպես: Օրինակ, երբ կինս քաղցկեղ ուներ, ցավի մեջ էր, փառք Աստծո, իր ամուսինը, զավակները կողքին էին: Սա օգնեց, որ փարատի իր ցավը, ու նրա ֆիզիկական ցավը հոգեկան ցավ չդարձավ: Մենք` հայերս, լավ խոսք ունենք` ցավդ տանեմ: Այդ ցավը պետք է տանի քո հարազատը, մտերիմը: Պետք է աջակցություն ունենաս մտերիմներիդ շրջապատում: Նաեւ շատ կարեւոր է օրվա մեջ 10-15 րոպե առանձնանալ ինքդ քո մեջ եւ թվել այն ամենն, ինչ Աստված տվել է քեզ: Կամաց-կամաց կտեսնես, որ կյանքում ավելի շատ դրական, քան բացասական բաներ կան: Կենտրոնացիր դրականի վրա: Բայց կա վախ, որը միայն բժիշկը կարող է բուժել եւ, թերեւս, միայն դեղերով: Այդ դեպքում քահանան չի անցնում իր գիտությունից այն կողմ, այլ մատնացույց է անում հոգեբույժին:
     - Որքան հասկացա, վախից ձերբազատվելու համար ցանկությունից զատ նաեւ համբերություն է պետք:
     - Իհարկե, ընդհանրապես համբերությունը ամենից լավ բանն է: Յուրաքանչյուրս էլ անցնում ենք վախի, դեպրեսիայի միջով: Պետք է հաղթահարենք այդ ամենը` միշտ իմանալով, որ Աստված մեր կողքին է: Եվ նորից կրկնեմ` մենք միշտ պետք է իմանանք, որ ինչ էլ անենք, Աստված մեզ սիրում է: Ես միշտ այս օրինակն եմ բերում. երբ զավակդ չարիք է գործում, շարունակում ես սիրել նրան: Ճիշտ է, թերեւս, զավակդ պետք է պատժվի կատարածի համար, սակայն ծնողի սերը դրանից չի նվազում: Եթե Աստվածային սերը լինի, վախն ինքն իրեն կանհետանա:
     Մեկն ինձ ասել է. «Եթե դեպրեսիայի մեջ ես, դուրս եկ, շնչիր, ծաղիկների մեջ քայլիր, երկնքին նայիր եւ զգա տիեզերքի շարժումները» … Ապրիր Աստծո օրենքներով, զգա Նրա ներկայությունը քո կյանքում եւ ժամանակի ընթացքում կտեսնես, որ այդ վախը կվերանա …


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5115 | 0 | 0
Facebook