Loading...
Թելեգրամ

Articles

Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (5)

18:01, Thursday, 16 September, 2021
Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (5)

Ամոթալի փախուստը կարճ ժամանակում հեղինակազրկել է Խոսրով Փարվեզին, որի դաժան բռնակալությունը և անգութ հարկահանությունը մինչ այդ էլ մեծ դժգոհություն էին առաջացրել երկրում: Նրան հատկապես ատել են Պարսկաստանի քրիստոնյաները՝ խաչափայտը գերի տանելու պատճառով, իսկ նեստորականները նրանից խիստ դժգոհ են եղել նաև այն պատճառով, որ նա հովանավորել էր միաբնակներին: Մի խոսքով, պալատական հեղաշրջման համար բոլոր նախադրյալներն առկա են եղել: Անորոշ է եղել միայն գահաժառանգության հարցի լուծումը: Խոսրովի բազմաթիվ կանանցից ծնված բազմաթիվ որդիների մեջ ավագագույնը Կավատն է եղել, բայց հայրը նրան բանտարկել էր մի ամրոցում և գահաժառանգ էր հայտարարել իր Շիրին անունով կնոջից ծնված որդուն: Եվ պալատական հեղաշրջումն սկսվել է հենց նրանով, որ դժգոհ ավագանին, մի սիրացի նեստորականի գլխավորությամբ, 628 թվականին Կավատին ազատել է բանտարկությունից, Խոսրով Փարվեզին գահընկեց արված է հայտարարել և գահ է բարձրացրել Կավատին, որի առաջին գործը եղել է այն, որ սպանել է հորն ու բազմաթիվ եղբայրներին:

Դավադիրները նախ բացել են հռչակավոր Անհուշ բերդի դռները և արձակել են այնտեղ կալանավորված մարդկանց՝ ասելով. «Դո՛ւրս ելեք, ո՛վ Խոսրովի թշվառական զոհեր, ձեզ համար կյանքի դուռ է բաց անում նրա որդին՝ նորընծա Կավատ թագավորը»: Բանտարկվածները դուրս են եկել՝ բացականչելով. «Արքա՛, ապրի՛ր հավիտյան»: Ազատագրվածների ու դավադրությանը հարածների մեծ թափորը Կավատին ուղեկցել է Վեհ-Արտաշիր (Սելևկիայի պարսկական անվանումը) քաղաքի պալատ, որտեղ Խոսրովն է փակված եղել: Երբ մտել են պալատ, մունետիկն ազդարարել է. «Ով սիրում է կյանքը և ուզում է տեսնել իր օրերը բարության մեջ, թող շտապի Կավատ թագավորի առջև դուրս գալ, որովհետև նա՛ է արքայից արքան»: Անհուշ բերդից ազատվածները, ձիեր հեծած, դես ու դեն են արշավել՝ օրհնելով Կավատին ու հայհոյելով Խոսրովին: Գահընկեց բռնակալը դեռ չի ըմբռնել, թե ինչ է կատարվում: Երբ, վերջապես, նրան շրջապատի մարդիկ հայտնել են ամեն ինչ, , «Արևելքի առյուծ» տիտղոսին արժանացածը սկսել է աղաղակել ու «վա՜յ» կանչել: Իր կյանքը մի քանի ողորմելի ժամով երկարացնելու համար նա թաքնվել է պալատական պարտեզում՝ ծառերի տակ: Բայց նրան շուտով գտել են, ու նա, որի առաջ 38 տարի մի հսկայական կայսրություն, բազում ազգեր ու իշխանավորներ են դողացել, բացականչել է. «Վա՜յ ինձ, դժբախտի՛ս»: Նրան գլխատել են: Բայց Խոսրով Փարվեզի գլխատումով գլխատվել է նաև Սասանյան Պարսկաստանը:

Նոր շահնշահը՝ Կավատը, իսկույն բանակցություններ է սկսել Հերակլի հետ՝ մշտական հաշտություն կնքելու համար: Քանի որ նա աշխարհակալական ձգտումներ չի ունեցել, ուստի վերականգնվել են պարսկա-բյուզանդական այն սահմանները, որոնք գծվել էին Մորիկ կայսեր օրոք: Սիրիան, Պաղեստինը վերադարձվել են Բյուզանդիային, բայց քրիստոնյա աշխարհի համար ամենակարևորն այն է եղել, որ վերադարձվել է Քրիստոսի Խաչափայտը:

Հերակլն ապրիլ ամսին ուղևորվել է Կոստանդնուպոլիս: Նրա մոտքը մայրաքաղաք համաժողովրդական տոնի է վերածվել, իսկ հաջորդ տարի է՛լ ավելի մեծամասշտաբ տոնակատարություն է տեղի ունեցել: Նեստորական կաթողիկոս Իշոյասը Տիզբոնից Կոստանդնուպոլիս է տարել Խաչափայտը: Հերակլը ցանկացել է մեծ սրբությունն անձամբ դնել իր տեղում և մեկնել է Երուսաղեմ, որտեղ էլ 629 թվականի սեպտեմբերի 14-ին խաչը հաստատել է իր տեղում: Հենց այդ օրն էլ դարձել է եկեղեցական տոն, որը, ինչպես գիտեք, մեզանում կոչվում է «Խաչվերաց»:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
394 | 0 | 0
Facebook