Loading...

Articles

Հիտլերի հիվանդությունները. «Պարկինսոնի հիվանդություն»

21:30, Thursday, 18 February, 2021
Հիտլերի հիվանդությունները. «Պարկինսոնի հիվանդություն»

Բացի ստամոքսաղիքային խնդիրներից, որոնց մասին առ այսօր ոչինչ առարկայական հայտնի չէ, քանի որ ռենտգեն հետազոտություն չի կատարվել, Հիտլերն հաստատապես ունեցել է նյարդահոգեբանական վիճակի հետ կապված ախտանշաններ: Առաջին թեթևակի ախտանշաններն առաջին անգամ ի հայտ են եկել 1937 թվականին, պարզորոշ դրսևորվել են 1941-ին ու ճշգրիտ ախտորոշվել են 1942-ին:

1942 թվականի ամռանը գերմանացիներն իրենց ամբարտավան հզորության գագաթնակետին էին. նրանք բռնատիրել էին Եվրոպայի մեծ մասին, հասել էին ստալինյան Խորհրդային Միության եվրոպական մասի խորքերը, շարժվում էին դեպի Կովկաս ու Ստալինգրադ, իսկ հիտլերյան զորահրամանատար Ռոմելն արդեն Էլ Ալամեայի դիմաց էր՝ պատրաստ գրավելու Սուեզի ջրանցքը: 1942-ի հոկտեմբերին, սակայն, Հիտերը կատաղության նոպա է ունեցել, երբ տեղեկացել է, որ գերմանացի զինվորները Էլբրուսի գագաթին նացիստական դրոշն են ամրացրել, հետո էլ խիստ զայրացել է իր շտաբի պետ Հալդերի վրա, որը քննադատել էր գերմանական երկու միաժամանակյա հարձակումները և պնդել էր, թե ռուսներն ամսական 1200 տանկ են արտադրում: Բարձրաստիճան զինվորականներն ապշել են, որովհետև նրանք իրենց ծառայության ամբողջ ընթացքում նման տեսարանի երբեք ականատես չէին եղել:

Հիտլերը կասկածել է բոլորին, այլևս չի վստահել սղագրողներին (այդ ժամանակ ձայնագրիչներ դեռևս չեն եղել) ու ժամեր շարունակ կատաղած մենախոսել է՝ մտաբերելով այնպիսի իրադարձություններ, որոնք համեմատելի չեն եղել մինչ այդ քննության առարկա իրադարձության հետ: Այդ մասին է վկայում հետևյալ փաստը. Երբ մահանում է Բեռլինի օպերային թատրոնի տենորներից մեկը, Հիտլերը զարմանում է, որ հաջորդ օրվա թերթի առաջին էջին սև ժապավեն չի տեսնում ու մի քանի ժամ շարունակ անասելի զայրութով է համակվել մամուլի նկատմամբ ու օրվա մնացյալ մասի ընթացքում այլևս չի աշխատել: Հաջորդ օրը բոլոր գեներալներն ու մարշալները բոլորովին կերպարանափոխված Հիտլերի են տեսել. նա բոլորի նկատմամբ դրսևորել է սրտացավություն, բոլորի հետ եղել է սիրալիր ու նույնիսկ փաղաքուշ, և նրանք չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչպիսին է իսկական Հիտլերը: Ֆյուրերի որոշ խելահեղ որոշումներն ապշեցրել են նույնիսկ նրան այնքա՜ն սիրահարված այնպիսի անձանց, ինչպիսիք են Հիմլերն ու Բորմանը: Ավելին, Հիտլերը, որի վերլուծելու և համադրելու կարողությամբ հիացել են, սկսել է անտեսել ռազմավարական խոշոր ծրագրերը և առավել մեծ ուշադրություն ցուցաբերել մարտավարական առումով երկրորդական խնդիրների լուծմանը: Ահա թե ինչու մարշալ ֆոն Ռունդշտեդը հայտարարել է. «Զորքերից միակը, որի տեղաշարժելն ինձ թույլատրվել է առանց ֆյուրերի գիտության, իմ դռան մոտ պարեկող ժամապահներն են եղել»: Այն մարդը, որը միշտ կարողացել է իր լիազորությունները պատվիրակել, սկսել է մանրուքներով մտահոգվել՝ շրջապատին ապշեցնելով իր անբավարար ճկունությամբ, իր հոգեբանական կոշտությամբ, կարծրատիպային բանաձևումներով, դանդաղկոտությամբ, գաղափարաների անէացմամբ: Նիստերն այնքան երկար են տևել, որ հանդիպման նպատակը կորսվել է: Երեկոյան, ընթրիքից հետո, նա անվերջանալի մենախոսության գիրկն է նետվել, շարունակ նույն խոսքը կրկնել է՝ ինչպես թեթևակի գինովցածը (բայց բոլորը գիտեին, որ նա երբեք ոգելից խմիչք չէր խմում): Նա խճճվել է որոշ արտահայտությունների մեջ, շարահյուսական սխալներ է թույլ տվել, նրա մտքի թելը կտրվել է: Հետո միանգամից գրգռվել է, մի քանի շատ կտրուկ հայտարարություն է արել, իսկ հաջորդ օրն ակնհայտ ընկճված տեսք է ունեցել:

Ստալինգրադյան կործանումից հետո Հիտլերի ձախ ձեռքն սկսել է շարունակ ցնցվել՝ հատկապես որոշ շարժումներ կատարելիս: Հիտլերը փորձել է նվազեցնել ձեռքի դողը՝ այն սեղմելով մարմնին կամ էլ սեղմելով այդ ձեռքի մատները: 1943-ին դողը տարածվել է՝ հասնելով ձախ ոտքին, և Հիտլերը փորձել է այն չափավորել՝ ձախ ոտքը սեղմելով աթոռի ոտքին: Եվա Բրաունի նկարահանած ժապավեններում լավ նկատելի է նրա ոտքի հիշյալ վիճակը. Նա քայլում է դանդաղ, ձախ ոտքը քարշ տալով, հենվում է ձեռնափայտին, նրան աթոռ են մոտեցնում, ու նա դժվարությամբ է նստում:

Այնուհետև արձանագրվում է նրա աջ ձեռքի դող. նա այլևս չի կարողանում ստորագրել փաստաթղթերը և օգտագործում է կաուչուկից պատրաստված դրոշմ:

Հիտլերն ինքը հաստատել է իր նյարդային վիճակի խաթարումը 1944 թվականի հուլիսի 20-ի մահափորձից հետո.

«Գոնե մեկ բանով այդ ռումբն օգտակար եղավ, այն ինձ գրեթե բուժեց: Ձախ ոտքս անդադար դողում էր, երբ ժողովը շատ երկար էր տևում: Այն դողում էր նաև անկողնում: Հիմա այդ դողը լրիվ անհետացել է: Եթե ես սպանվեի, ապա ազատվելու էի նյարդային լուրջ հիվանդության հարուցած գիշերային անքնությունից»:

Բայց երկու շաբաթ անց դողը վերսկսվել է: Ականջակոկորդաբան Էրվին Գիզինգը, որին հանձնարարված է եղել պայթյունի հետևանքով թմբկաթաղանթի վնասվածք ստացած ֆյուրերի բուժումը, վստահեցրել է, թե նրա հոգեկան վիճակը գերազանց է: Այս բժիշկը շատ սրտաբաց զրույց է ունեցել Հիտլերի հետ, նրան ականջի հիվանդությունների մասին պատմող մի գիրք է նվիրել ու պատմել է ներքին ականջի մասին: Խորհրդային զորքերի՝ Բեռլին ներխուժելու օրերին կայսերական գրասենյակի շտապօգնության ծառայության ղեկավար Էռնստ-Գյունտեր Շենկը բազմիցս այցելել է Հիտլերին: Ահա՛ ֆյուրերի առողջական վիճակի մասին նրա գրառումը.

«Երկու ժամից էլ պակաս ժամանակում ես կարողացա երկու անգամ զննել ֆյուրերին, և այս անգամ այնպես, որ նա դա չնկատի: Նա խղճահարություն հարուցող տեսք ուներ: Նրա թառամած ձախ ձեռքը, որով ակնոցն էր բռնել, կառչած էր սեղանից: Ձախ ձեռքն ամբողջովին, մատներից մինչև ուսը, դողում էր ու երբեմն թվում էր, թե այն սաստիկ մրսում է: Ժամանակ առ ժամանակ այդ ձեռքը ռիթմիկ թխկթխկացնում էր սեղանին: Ամրակայվելու համար Հիտլերը ձախ սրունքն ու ոտնաթաթը տառացիորեն ագուցել էր սեղանի ոտներից մեկին: Այդ ոտքը ցնցվում էր, ու նա չէր կարողանում այն վերահսկել»:

(շարունակելի)

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2098 | 0 | 0
Facebook
COMMENT.am