Loading...

Articles

Ազգակից բառեր. «մետրո» և «մետրոպոլիտ»

10:23, Wednesday, 09 September, 2020
Ազգակից բառեր. «մետրո» և «մետրոպոլիտ»

Այս երկու եզրույթների արմատն էլ հունարեն «մետր», իսկ ավելի ուշ շրջանի արտասանությամբ՝ «միտր» բառերն են, որ «մայր» է նշանակում:
    
Իսկ քաղաքին հույները «պոլիս» են անվանել: Ստացվում է, որ «մետրոպոլիա» եզրույթը նշանակում է «մայր քաղաք», որից կախման մեջ են «դուստր քաղաքները», այսինքն՝ հույների հիմնած գաղութները բուն Հունաստանում ու Հունաստանից շատ հեռու երկրներում: Ինչո՞ւ մայր և դուստրեր և ոչ թե հայր և որդիներ: Որովհետև հունարենում «պոլիս» -ը իգական սեռի բառ է: Դե մեր նախնիներն էլ, քանի որ գոյականները հայերենում սեռ չունեն, բառը պարզապես թարգմանաբար պատճենել են՝ ստեղծելով «մայրաքաղաք» եզրույթը:

«Միտրոպոլիա» (մետրոպոլիա) ասելով՝ ուղղափառ եկեղեցին հասկանում է ուղղափառ եկեղեցական պրովինցիայի գլխավոր քաղաք, իսկ այդ պրովինցիայի գլխավոր հոգևորականին անվանում է «միտրոպոլիտ»:

Ֆրանսերենում «մետրոպոլ» եզրույթը պարզապես «մայրաքաղաք» է նշանակում, իսկ «մետրոպոլիտեն» ածական անունը՝ «մայրաքաղաքային» . այդպես է անվանվել այն ընկերությունը, որը 19-րդ դարի վերջերին Փարիզում ստորգետնյա երկաթուղիներ է կառուցել: Եվ այդ ընկերության անունը տարածվել է նրա կառուցած ամբողջ համակարգի վրա, իսկ կարճ ժամանակ անց «մետրոպոլիտեն» -ը կրճատվել է՝ դառնալով «մետրո»:

Իսկ «մետր» (չափի միավոր) արմատը սրա հետ ոչ մի կապ չունի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3418 | 0 | 0
Facebook