Loading...

Articles

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Son Yan
Author:
Son Yan
20:43, Wednesday, 06 May, 2020
ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
     Գնում էին: Մութ էր: Առջևում մահն էր, ու տղերքը եթե անգամ ենթադրում էին նրա հնարավոր գոյությունը, չէին արտահայտվում: Նրանք գնու՞մ էին, թե նրանց տանում էին: Գնում էին՝քանզի առջևում լուսաբացի մթնեմութով շաղախված Ոսկեպարն էր, երկու թշնամիների օղակում տագնապահար սեղմված Ոսկեպարը, որին փրկություն ու փրկողներ էին հարկավոր: Ետևից եկող «Նիվայի» լույսերը երբեմն-երբեմն վետվետում էին նրանց լուռ, ծանրախոհ դեմքերին: Ոչ ոք չէր խոսում: Խմբի ամենակրտսերը քսան տարին նոր բոլորած մի պատանի էր՝Մարտիկ Գիշյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընդունվել միլիցիա: Նա հեռակայի ուսանող էր, Երևանում նրա դասընկերները պատրաստվում էին պետական քննության, բայց նա չկարողացավ թողնել Ոսկեպարն ու գնալ ապահովելու գերազանցության դիպլոմը: Հորեղբայրը՝միլիցիայի կապիտան Համլետ Գիշյանը, չփորձեց որևէ կերպ նրան հակառակը համոզել: Նախ՝ ինքն էլ էր գտնում, որ այդ օրերին Ոսկեպարից կարևոր ոչինչ չկա աշխարհում, հետո՝ լավ գիտեր եղբորորդուն. ծանր այդ դրության մեջ նա ոչ մի գնով չէր լքի ընկերներին:
     ...Եղան Ոսկեպարի դեպքերն ու ապացուցեցին, որ այստեղ միլիցիայի աշխատակցի, ընդհանրապես հայ տղամարդու ֆիզիկական ու բարոյական ունակությունների արտահայտման համար տարիների փորձության կարիք բնավ էլ չկա: Ոսկեպարի գլխին՝ կրակ թափող ռազմական ուղղաթիռ, Ոսկեպարի դեմ՝ ռուս-թուրքական դավադիր դաշինք ու զրահամեքենաներ, և այդ ահեղ թոհուբոհի մեջ ուժեղներն ու վախկոտները մեկեն զանազանվում են, ինչպես ցորենն ու թեփը: Պատանի Մարտիկ Գիշյանն իր օրինակով, իր հերթին պիտի ապացուցեր, որ մարդու տարիքը, կյանքի փորձը որևէ կապ չունի խիզախության ու հայրենասիրություն ասվածի հետ:
     Գնում էին: Մութ էր: Առջևում անտեսանելի, անսպասելի մահն էր ու ոչ ոք չէր գնում մեռնելու: Մարտիկ Գիշյանի համար 1991-ի այդ ողբերգական գարնանը դա առաջին ուղեվորությունը չէր դեպի Ոսկեպար: Ավելին. նա մի քանի օր առաջ էր վերադարձել Ոսկեպարից, ուր մեկ շաբաթ եղել էր գյուղի պաշտպանության դիրքերում՝ավագ ընկերների կողքին, անձնվեր ու անտրտունջ համառությամբ: Այնտեղ՝ լեռնալանջի անտառակում, նա ուներ իր «սեփական» խրամատը, որտեղ քողարկված՝ գիշեր ու տիվ հսկում էր թուրքական Ներքին Աքսիբարի տարածքում կատարվող ռազմական շարժումները: Այդ մեկ շաբաթվա ընթացքում նրան վերապահված չէր լոկ լուռ ու անհայտ հսկողի դերը, նրա խրամատից նաև կրակ պիտի տեղար թշնամու գլխին...
     Եվ մայիսի 6-ի վաղ լուսաբացին զինակից ընկերների հետ պատանի Մարտիկ Գիշյանը Ոսկեպարին էր մոտենում որպես փորձություն տեսած նրա մի պաշտպան: Սիրած աղջկա՞ն էր հիշել նախամահվան խավարում, ուսանող դասընկերների՞ն. ո՞վ գիտե: Հետո փարատվող խավարի մեջ եղավ տղերքի կոտորածը՝ նենգ, դաժան և անպայման ՝ կազմակերպված...
     Ամիսներ հետո, երբ միլիցիայի կապիտան Համլետ Գիշյանը բավականին կասկածելի հանգամանքներում գերված մեծ խմբի հետ վերադարձավ Գյանջայի բանտից, ես նրան հարցրի.
     -Դու տեսա՞ր, թե ինչպես զոհվեց քո եղբորորդի Մարտիկը:
     -Ոչ, -ասաց նա, -մութ էր, կրակ ու մահ էր, ես ոչինչ չտեսա: Դրսում, երբ կենդանի մնացածներին ավտոմատների սպառնալիքով քշում էին դեպի զրահամեքենաները, ես դեռ չգիտեի, որ նա սպանված է: Ինչ-որ մեկն ասաց՝Մարտիկը խփված, մեքենայի մեջ է...
     Եվ այսպես վերջացավ մի պատանու կյանքի պատմություն, և նա դարձավ շրջկենտրոնի գերեզմանոցի յոթ միատեսք ու միաշար բազալտե շիրիմներից մեկը: Վերջացավ որպես չավարտված հեքիաթ: Ընդհատված հեքիաթ, որ անկասկած, տարիներ ու տարիներ շարունակվելու է երախտապարտ ապրողներիս շուրթերով: Ժամանակը շատ վերքեր է բուժել, այս մեկն էլ կբուժի: Ես ավելի շատ տագնապում, վախենում եմ այլ բանից. եթե սերունդները միմյանց հարցնեն՝ կարելի՞ էր այնպես անել, որ տղերքը չզոհվեին, և պատասխան հնչի՝ ԱՅՈ՛, ո՞վ կկարողանա հանգամանորեն բացատրել, թե ինչն՝ ինչպես եղավ: Մենք, թեկուզ սերունդների համար, պետք է անցած դեպքերի հորձանուտից պեղենք այդ բացատրությունը: Գուցե մեղավոր ճակատներ կան, որոնց վրա պետք է շառաչի ճշմարտության խարազանը:
     ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
     1992
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1207 | 0 | 0
Facebook
COMMENT.am