Loading...

Articles

Ինչ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտից հետո

22:01, Tuesday, 21 January, 2020
Ինչ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտից հետո

Եթե հավատանք վկայաբանությանը, ապա ապստամբներին դատել է անձամբ Հազկերտը: Մեղադրվել են յոթ քահանա և 31 նախարար:

Սկզբում Վասակին մեղադրանք չի ներկայացվել: Նրան Տիզբոնում ընդունել են մեծ պատիվներով՝ ինչպես վայել է մի բարձրաստիճան պաշտոնյայի, որն արքայից արքայի բարյացակամությանն էր արժանացած: Ահա թե ինչու Ղազար Փարպեցին գրում է, թե Վասակին պակասում էր միայն թագավորական պատիվը:

Երբ Հազկերտը մեղադրվող նախարարներին հարցնում է, թե ինչ համարձակությամբ, ինչ պատրանքով են նրանք ապստամբել, նախարարները խնդրում են, որ իրենց բոլորի կողմից խոսելու թույլտվություն տրվի Արշավիր Կամսարականին: Եվ վերջինս ցուցադրում է Վասակի նամակներն ու հանդես է գալիս լոկ նրան մեղադրելով, վախկոտի նման ամբողջ մեղքը բարդում է Վասակի վրա: Եղիշեն ու Ղազար Փարպեցին նախարարների ինքնաարդարացման ուրիշ միջոցի մասին չեն խոսում, մինչդեռ, Վասակի կատարած առաջին քայլերից հետո այդ նախարարներն էին ապստամբություն բարձրացնողները, Ավարայրի դաշտում կռվողները: Նախարարների պահվածքը դատարանում ոչ միայն վայել չէր ապստամբությունը գլխավորած ու այնքան մեծ ցնցումների պատճառ դարձած նախարարներին, այլև ամոթալի ու արգահատանքի արժանի էր: «Նահատակության տենչով համակված» այդ առաջնորդները մի բառ անգամ չեն արտաբերում Պարսկաստանի, Հազկերտի, զրադաշտականության դեմ, չեն ասում, որ ապստամբության պատճառը պարսկական իշխանությունների հարստահարումն ու կրոնական հալածանքներն են եղել ու իրենց գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերագրում են Վասակին: Վարդան Մամիկոնյանի զինակիցները դատարանում ողորմելի վախկոտների են վերածվում՝ աշխատելով մեղքն ուրիշի վրա գցել, չքմեղ ձևանալ ու արդարացում փնտրել ուրիշին մատնելով:

Անշուշտ, Վասակը բացատրություններ տվել է Հազկերտին, բայց նրան թշնամի պատմագիրները նրա բացատրություններից գոնե մի հատիկ չեն մեջբերել: Ակնառու է, որ այդ ամբոջ դատավարությունը Եղիշեն ու Ղազարը միակողմանի են ներկայացրել:

Դատարանն ապստամբներին մահվան է դատապարտում: Վասակը զրկվում է բոլոր պատվանշաններից, իր դիրքին պատշաճող բոլոր զարդարանքներից: Նրան մեղադրանք է ներկայացվում, թե յուրացրել է պարսից արքունիքին հատկացվող հարկերը և շատ մեծ տուգանք է դրվում նրա ամբողջ ունեցվածքի վրա: Տուգանքը վճարելու համար նա ստիպված է լինում վաճառել իր անձնական և տոհմային բոլոր հարստությունները: Եղիշեն հրճվանքով ասում է (թեպետ այս ստախոսին ու Վասակի նկատմամբ ատելությամբ լցվածին չարժե հավատալ), թե նրա ծառաները նրա համար հաց էին մուրում: Եղիշեն Վասակին շարունակ ուրացող է անվանում, բայց Փարպեցին, որը նույնպես ատել է մարզպանին, ակնարկ անգամ չի անում, թե Վասակն ուրացել է քրիստոնեությունը:

Ինչևէ, Վասակը մնում է Պարսկաստանում և մեռնում է 68 տարեկան հասակում: Հազկերտը Վասակի պաշտոնին նշանակում է նրա փեսային՝ Վարազվաղան Սյունեցուն:

Մահվան դատապարտված բոլոր մեղադրյալներին, ինչպես նաև նրանց երեխաներին, որոնք նույնպես մահապարտ էին ճանաչվել իրենց ծնողների հանցանքի համար, Հազկերտը կարգադրում է աքսորել Վրկան՝ Կասպից ծովի հարավարևելյան ափերը, քանի որ այդ ժամանակ նա արշավանքի էր նախապատրաստվում քուշանների դեմ:

Պատերազմն սկսվում է 454 թվականին, և Հազկերտը հանձնարարում է բոլոր աքսորվածներին տեղափոխել Ապար աշխարհ (Խորասան) և բանտարկել Նյուշապուհ քաղաքի միջնաբերդում:

Հազկերտն իր հետ շղթայակապ տանում է Սամվել և Աբրահամ քահանաներին, որոնք ծանրագույն հանցանք էին գործել՝ ջրով հանգցրել էին Արտաշատի ատրուշանի սրբազան կրակը:

Պարսից զորքը քուշաններից պարտվում է, և սաստիկ վշտացած Հազկերտը փորձում է պարզել պարտության պատճառը: Նա մտածում է, թե գուցե աստվածներն են բարկացել պարսիկների վրա, և գուցե դրա պատճառը մոգերն են, որոնք լավ չեն կատարել իրենց պարտականությունը: Եվ մոգերը հաստատում են շահնշահի կասկածը, թե, այո՛, աստվածները բարկացել են, բայց բարկության պատճառն այն է, որ իրենց դեմ բազում հանցանքներ գործած հայոց քահանաները դեռ չեն պատժվել: Եվ Հազկերտը կարգադրում է սպանել Սամվել ու Աբրահամ քահանաներին:

Նա նաև հանձնարարում է սպանել Նյուշապուհի բանտում գտնվող մյուս քահանաներին, ապա գաղտնի թաղել, որպեսզի քրիստոնյաները չիմանան նրանց ոսկորների տեղը ու դրանք չվերցնեն երկրպագության համար: Մահացածներին ու նրանց մասունքներին երկրպագելը զրադաշտականների համար սոսկալի արարք է համարվել, քանի որ դիակը, համաձայն Զենդ Ավեստայի, պղծություն է: Միապետի հրամանը կատարվում է: Ըստ վկայաբանության հորինվածքի, Խուժիկ անունով մի օտարազգի վաճառական իբր թե կարողացել է նահատակների հետ լինել մինչև նրանց սպանությունը, իմանալ ամեն ինչ և պատմել հայերին: Ահա այս Խուժիկը պատմել է, թե Հովսեփ կաթողիկոսին, Ղևոնդ երեցին և մյուս հոգևորականներին բաժանում են բանտարկված նախարարներից, տանում են Նյուշապուհ քաղաքից հեռու մի ամայի տեղ ու սպանում են: Դա տեղի է ունենում 454 թվականի օգոստոսի 5-ին: Հայոց եկեղեցին Վարդանանց տոնից մեկ օր առաջ ամեն տարի նշում է իր այդ նշանավոր նահատակների տոնը: Պարսիկները խնայում են միայն Խորեն և Աբրահամ երեցներին՝ բավականանալով նրանց ականջները կտրելով ու Բաբելոն աքսորելով: Իսկ նախարարներին Հազկերտն աքսորում է Հրև քաղաք (այժմ Հերաթ), որտեղ նրանք մնում են հինգ տարի:

457 թվականին մեռնում է Հազկերտը: Գահն անցնում է նրա ավագ որդի Որմիզդին, բայց մյուս որդին՝ Պերոզը, դաշնակցելով հիփթաղների հետ, կռիվ է սկսում եղբոր դեմ, սպանում է նրան և 459 թվականին գրավում է Սասանյան գահը: Իր թագավորության հենց առաջին տարում նա ստիպված է լինում թեթևացնել Հրե քաղաքում գտնվող հայ նախարարների վիճակը: Պատճառը Պարսկաստանի դեմ Աղվանքում սկսված պայքարն էր:

(շարունակելի)

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1760 | 0 | 0
Facebook