Ըստ ժողովրդական ավանդության` պայտ գտնելը մեծ հաջողության նշան է...
Բայց որտեղի՞ց է գալիս այն գաղափարը, թե պայտը կարող է հաջողություն պարգևել: Վարկածները մի քանիսն են: Հավանաբար, պայտի հրաշագործ զորության մասին առասպելի հիմքում այն փաստն է, որ կորսված պայտը գտնողն այն վաճառել է դարբնին ու որոշակի գումար է շահել: Պայտերը վերաձուլվել են ու այլ առարկաների վերածվել: Քանի որ երկաթը մետաղ է ու պաշտպանում է այլ ներգործություններից, համոզմունք է ձևավորվել, որ այն կարող է պաշտպանել նաև դժբախտությունից: Պայտի ձևի մեջ կարելի է նկատել նաև կիսալուսնի` պտղաբերության ու հաջողության խորհրդանիշը: Որպեսզի երկաթը հաջողություն բերի, այն պետք է դրվի սպունգի մեջ, «որպեսզի երջանկությունը չընկնի»: Մյուս վարկածը կապված է սուրբ Դյունստան անունով մի դարբնի հետ, որը 959 թվականին դառնում է Քենտրբերիի արքեպիսկոպոս: Սատանան իր ձին բերում է պայտելու, բայց Դյունստանը պայտը մեխում է սատանայի երկճյուղ ոտքին` պահանջելով խոստանալ, որ ազատություն ստանալու դիմաց երբեք չի մտնի պայտի հովանու ներքո գտնվող որևէ տուն: Հետո գաղափարն ինքն է հարթում իր ճանապարը, և այլևս կարևորություն չի ստանում պայտի ոսկյա լինելը: Մի՞թե ձին էլ հաջողության, բախտավորության պատգամաբեր չէ: Եթե նա իր պայտը ձեր տան դիմաց, դեպի ձեր արտը տանող ճանապարհին է կորցնում, հենց դա է բախտի, հաջողության նշանը, որովհետև կենդանին բախտը թողնում է ձեր դռանը, ձեր ճանապարհին: Արդ, պայտ գտնելը նշանակում է, որ գտնողին ավետիս է տրվում, որ բախտը նրա տուն մտնելու ճանապարհին է: Պայտը բախտաբեր է դիտարկվել հիմնականում այն պատճառով, որ այն պատրաստված է երկաթից` այն նյութից, որը պաշտպանում է դժբախտությունից: Ըստ ավանդության` որպեսզի պայտի զորությունը գործի, այն պետք է պատահականորեն գտնվի ճանապարհին: Այն էլ ավելի բարենպաստ ազդեցություն կունենա մարդու ճակատագրի վրա, եթե մարդը գտնի նաև դրա գամերը: Որպեսզի պայտն իր «գործառույթը» լավ կատարի, պետք է այն տան պատին կամ դռանը փակցնել` այնպես, որ երկու սուր ծայրերը դեպի երկինք ուղղված լինեն: Ըստ որոշ տեսությունների, եթե դուք ուզում եք, որ ձեր որևէ ցանկությունը կատարվի, պետք է պայտի ծայրերը դեպի հյուսիս ուղղեք, ապա դրա ներսում տեղադրեք գրի առած ձեր բաղձանքը: Այդ դեպքում այն շատ արագ կկատարվի: |