Ի՞նչ է իրականում կատարվում Ամուլսարում. Հեղափոխություն չենք արել նոր գեներալ-մանվելներ ստեղծելու համար
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ջերմուկում ծավալված բուռն քննարկումները և իրադարձությունները ունեն շատ հակասական և կասկածելի բնույթ: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում: Սկսեմ ամենասկզբից… Երբ ամբողջ Հայաստանում թևածում էր հեղախոխությունը և բոլոր քաղաքներում դուրս էին եկել ցույցերի, Ջերմուկում տիեզերական քար լռություն էր: Այս քաղաքում մարդիկ ապրել և ապրում են ստրկացած՝ վախենալով տիրոջից՝ Աշոտ Արսենյանից, ով պատրաստվում էր իր որդուն դարձնել քաղաքապետ, և դրա մասին խոսում էին բոլորը ու վստահ էին, որ նա է լինելու: Չէ՞ որ տարիներ շարունակ այս փոքր քաղաքում մարդկանց դրդել են արտագաղթի և, այսպես ասած, չեն թողել այստեղ դեմքեր ու կերպարներ երևան: Ամուլսարի դեմ պայքարը սկսվեց հեղափոխությունից հետո, երբ մի քանի միամիտ դուխով երիտասարդներ, հեղափոխության ոգևորվածության ներքո դուրս եկան պայքարի: Չկարողանալով ու չհամարձակվելով դուրս գալ իրական վտանգավոր մարդու դեմ ՝ ընտրեցին չեզոք Ամուլսարը, որին դեմ է Ջերմուկի գրեթե ողջ ժողովուրդը: Գնալով սկսեցին այդ խմբին միանալ այնպիսի մարդիկ, ովքեր հրահրեցին ու շարժումը հասցրեցին սաբոտաժի, ինչպես վարչապետն ասաց: Եվ քանի որ այս երիտասրդները կարող է ապագայում դառնային վտանգ ու մրցակից Ա. Արսենյանի որդու համար, ապա այս երիտասարդներին սկսեցին ուղղակիորեն խաղացնել: Սկսենք այդ «պայքար» կոչվածի դեմքերից: Վազգեն Գալստյանը այն մարդն է Ջերմուկում, որին բոլորը գիտեն որպես փողով խոսացող մարդ: Ըստ իր խոսքերի, որոնք գլուխ է գովել տարբեր մարդկանց մոտ, 2008թ. շաբաթը երկու անգամ նա հանդիպել է Ա. Արսենյանին Ամուլսարի թեմաներով: Իսկ հիմա նրանց կարող ենք տեսնել ամեն առավոտ Ջերմուկի ըմպելասրահում զբոսնելիս ու զրուցելիս, իսկ, թե ինչի մասին են խոսում՝ դա արդեն կարող ենք ենթադրել: Վազգենի ղեկավարած հասարակական կազմակերպությունը բացվել է 6 տարի առաջ քաղաքապետարանի կողմից այն ժամանակ, երբ սկսվեցին ավելի ակտիվ շրջանառվել Ամուլսարի թեմաները: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Ջերմուկի զարգացման հիմնադրամը» հիմնադրվեցին հենց այս շրջանում՝ քաղաքապետարանին «օգնելու» համար: Նարեկ Միրզոյանը, ում Ջերմուկում բոլորը գիտեն որպես երևակայական խնդիրներ ունեցող, գործ տվող Արսենյանների մանկլավիկ ու Ֆեյսբուքի «անկապ» ստատուսագիր, այսօր դարձել է լրագրող: Այս մարդը տարիներ շարունակ քծնել է Արսենյաններին և իր ֆեյսբուքյան էջից, ենթադրելով նաև, որ ինքը Ջերմուկ Գրուպի մամուլի քարտուղարն է, ակտիվ մասնակցություն է ունեցել Արսենյանի նախընտրական քարոզարշավին: Գագիկ Ստեփանյանը ավագանու անդամ է, Վայոց Ձորի նախկին ՀՀԿ մարզպետ Հարություն Սարգսյանի փեսան է, իսկ հայրը՝ Ստեփան Ստեփանյանը, Կեչուտի դպրոցի տնօրենը, ով տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները՝ լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ և ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ: Ըստ որոշ տեղեկությունների, այս մարդն ունի կեղծ դիպլոմ և տարիներ շարունակ իր ազգականներին գրանցելով աշխատանքի դպրոցում ՝ պետությունից գրպանել է մեծ գումարներ: Իսկ հիմա ցանկանում է իր տղային դարձնել քաղաքի դեմք: Արթուր Գրիգորյանը, ով Ջերմուկում հայտնի է, որպես «խելառ» մականվամբ, որը ձեռք է բերել իր անադեկվատ պահվածքի և տարիներ շարունակ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել՝ խուլիգանական պահվածքի և արարքների համար: Ասում են նաև, որ հարբած աշխատանքի է գնացել, աշխատելով Լիդիանի կապալառու կազմակերպություններից մեկում, որի պատճառով հեռացրել են աշխատանքից: Նա էլ, հավաքելով իր նման թաղային խուլիգաններին, փորձել է հարձակվել Լիդիանի աշխատակցի վրա, ասելով, որ Ջերմուկը իրենցն է, ինչ ուզեն կանեն, ու ոչ մի արտասահմանցի իրավունք չունի «իրենց հողում» փորձի կանոններ թելադրել (Այդ մասին ճշգրիտ տեղեկություն կարող է տալ ՀՀ Ոստիկանությունը): Շատ կասկածելի է Ջերմուկի որոշ հյուրանոցների տերերի ակտիվությունն այս գործում: Լինելով անկախ բիզնես և միշտ իմանալով հանքի մասին՝ լռել են: Ի՞նչու: Չէ որ ոչ աշխատանքից էին հեռացնելու, ոչ էլ բան ունեին կորցնելու: Իսկ ի՞նչու էին այսօր իրենց բիզնեսի մասին անհանգստացողները տարիներ շարունակ լռում: Հենց նո՞ր հասկացան, որ դա վնաս է: Եթե Ամուլսարն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ վարչապետին մի քանի օր ժամանակ չեն տալիս, ապա ինչու էին այդքան լուռ: Թե՞ իրավիճակ է փոխվել, կամ միգուցե մի օրում այդ ծրագիրը լավից փոխվեց վատի: Կամ էլ միգուցե քաղաքական ֆոնի վրա է, չգիտեմ: Դա պարզ կլինի հետագայում, երբ սկսեն քաղաքապետի աթոռի կռիվ տալ: Կամ միգուցե չեն ուզում կորցնել էժան աշխատուժը, չէ որ մարդիկ 10 ժամից ավելի աշխատում են ու ստանում առավելագույնը 100000դրամ: Հիմա խոսենք մի փոքր այլ հարցի շուրջ։ Ջերմուկում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ով փորձում է մի փոքր այլ կարծիք հայտնել, ենթարկվում է լկտի և սանձարձակ հարձակման: Օրինակ, ցուցարարները ահաբեկել են մի տեղացի աղջկա, ով փոխվարչապետի հայտարարության տակ կարծիք էր գրել։ Նրան սպառնացել են, որ «կփչացնեն» նրա եղբորը: Նշեմ նաև, որ քանզի Ջերմուկում բոլորն իրար ճանաչում են, այդ պատճառով շատ հաճախ մարդիկ չեն կարողանում դուրս գալ ու խոսել, բարձրաձայնել այս ամենի մասին: Այս առումով, կարծում եմ՝ մենք հեղափոխություն չենք արել նոր գեներալ-մանվելներ ստեղծելու համար, այլ արել ենք իրավական երկիր կառուցելու: Այս ցույցի մասնակիցների մեծ մասը հենց Արսենյանի հարազատներն են, որոնք չգիտես ինչու հենց նոր հիշեցին Ամուլսարի մասին, որի դեմ միշտ խոսում էր ժողովուրդը, իսկ վերջինիս ձայնը տեղ չէր հասնում: Եվ ավելին՝ նրանք ովքեր տարիներ առաջ խոսում էին հանքի դեմ, խնդիրներ էին ունենում տեղական իշխանության հետ: Ինչո՞ւ այս խնդրի մասին նրա հարազատները հիշեցին հենց հիմա ու սկսեցին ուլտիմատում ներկայացնել կառավարությանը, որը այդ խնդրով արդեն իսկ զբաղվում է: Ցավոք այս ամենի մասին գիտեն տեղացիները, չնայած Ջերմուկի մասին ապատեղեկատվությունն այս օրերին ավելի շատ է: Քաղաքում շատերն են դեմ հանքարդյունաբերությանը, սակայն այս միջադեպը անհանգստացնում է բոլորին, որովհետև վարչապետի վերջին ելույթից պարզ դարձավ, որ իրականությունը շատ ավելի ողբերգական է: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի ամենամոտ մարդիկ՝ տարածաշրջանի տերերը, հրահրում են մարդկանց դուրս գալ նոր կառավարության դեմ, որը կունենա թե ներքին, թե արտաքին մեծ խնդիրներ: |