Loading...

Articles

Վամպիր, սատանա նկարիչը կամ ես ոզնի եմ

Գրեթերթ
Spokesperson:
Գրեթերթ
10:20, Monday, 25 March, 2013
Վամպիր, սատանա նկարիչը կամ ես ոզնի եմ

Սեպտեմբերի 28…
     Տուն եմ բարձրանում:
     Միլան. Ինքնավստահ ու ինքնահավան քաղաք, շենքերը խորխում` թքում են երեկոն կոշիկիս ներկոտ ծայրերին, ներկերը մաշվել են` բայց դեռ չեն դավաճանել: Փեշերս հավաքած, ծանր պայուսակս ու մազերս ուսիս` խաղաղ բարձրանում եմ տուն: Առջևից բարձրանում է երկրորդ հարկի չինացի հարևանս, իր աղջնակի հետ, ինձ նկատում է ու մի պահ կանգ առնում, ես առաջ եմ անցնում: Արևը շատ բարի է այսօր:
     Երբ մոտենում եմ դռանը, հարևանս, որ այդպես էլ կանգնած էր, իմ կողմ է նայում և իր չինա-իտալական լեզվով ասում.
     - Այ signorina ջան, էդ որ նկարում ես, ու աշխատանքներդ թողնում պատշգամբում, հանի, ես քեզ շատ եմ խնդրում, աղջիկս տեսել է քո էդ ինքնադիմանկարը, 4 օր է վախեցած` տանից դուրս չի գալիս, երազում էլ տեսնում է, վախենում, հանի, խնդրում եմ, նման բան երբեք չէր եղել, բալիկս ֆանտաստիկ ֆիլմերի սիրահար է, բայց էն որ դու ես նկարում…
     Ես արագ, օձի նման աչքերս սրեցի, զգաց չինացի կինը ու լռեց:
     Մի քանի րոպե լուռ կանգնել էի, այս փոքր չինացի աղջնակը կարողացել է տեսնել ինձ, այո, նա տեսել է հոգուս բոլոր այլանդակ անկյունները, տեսել է, վախեցել, ես էլ անելիք չունեմ, կարող եմ հանգիստ մեռնել, ուրիշ ինչ է հարկավոր նկարիչ-կնոջը, նա տեսել է` ինչքան ես մեծ հրեշ ունեմ իմ ներսում, փաստորեն այս չինացի աղջնակն ու Աստված գիտեն իմ մասին ամեն ինչ, դա արդեն քիչ չէ:
     Ուզում էի լաց լինել… դե ոչ, ես չափից ավելի տականք եմ դրա համար, դա ինձ հեչ էլ հարկավոր չէ, ընդամենը կվնասվի շպարս, ինչը ես չէի ուզում:
     -Այո, իհարկե կհանեմ, հենց հիմա, ներողությում են խնդրում, - ասացի և արագ հեռացրեցի կտավը, չինացին էլ ավելացրեց. " Արի տես, բալես, չկա էլ սատանան, գնաց…- Սատանան գնաց` կրկնեցի ես, անկախ ժպտացի, ու հայերեն ավելացրեցի` հաստատ չէ, գնաց սատանան, թե դեռ էստեղ անելիքներ ունի:
     Ներս մտա տուն ու ոգևորվել եմ, շատ եմ ուրախացել, մի հատ էլ հայկական զուռնա` ոգևորվածությունը ավելի հնչեղ դարձնելու համար, փեշերս բռնել եմ ու պտտվում եմ տանը…


    
Հոկտեմբերի 8…
    
«Սատանան» արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղափոխվել է: Վերջին իրերս երբ հավաքում էի, հուզված էի, հեշտ չէ…
     Չինացի աղջնակը պատուհանից նայում էր, նա առանց այն էլ փոքր աչուկները կկոցել էր ու հաստատ մտածում էր` դու հաստատ գնում ես, սատանա, ինչ լավ է, որ դու գնում ես: Ես էլ պատասխան նայեցի ու բարձրաձայն հայերենով ասացի. " Դե սիրելիս, լավ եղիր, էլ երբեք չվախենաս…


     Հոկտեմբերի 15

     Իմ քնքուշ Նառա, գրիչը ձեռքիս պտտեցնում եմ, օդում վրձնահարվածներ անում, ես խանդում եմ, որ հիմա իմ ներկերը բառերի են վերածվել, բայց ես սիրեցի այս նկարված տառերը: Այս տողերը շարելուց առաջ կշռվեցի, միգուցե հետո ավել կամ պակաս լինեմ:
     Գիտե՞ս, ես հավատում եմ ինձ ատողներին, հավատում եմ իմ սեփական էգոիզմին, գեղեցկություն-բախումներին, մեքենաներին, որ խաղաղության մեջ ընկղմված սավառնում են այս քաղաքում, հավատում եմ օրգաններին, քո սրտի թրթիռներին, հավատում եմ ցնցած րոպեներին, հավատում են բռնությանը, իմ սև երկար փեշին, քո ցինիկ ձեռքերին ու իմ շպարին, հավատում եմ Լուկաս Կրանակին, Ջիոտտոյին, Հոլբայնին, հավատում եմ Գ. Խանջյանի «Հիվանդանոցին», Հ. Սիմոնյանի կոշիկներին, Հարենցի էլեգանտ շապիկին, ես ձեզ եմ հավատում, իմ Նառա, հավատում եմ քո փափուկ ձեռքերին, հավատում եմ ֆանտազմներին, ստախոսներին, իմ էմոցիաներին…
     Հավատով ասում եմ քեզ, նկարել եմ այս տառերը… խանդում եմ այս տառերին, սրանք գրված են, նկարված չեն… առայժմ նկարված չեն…

Credo a tutte le mitologie, ricordi, bugie, fantasie, evasioni.
     Credo nel mistero e nella malinconia di una mano, nella gentilezza degli alberi, nella saggezza della luce.


     Հոկտեմբերի 25

Վիրահատել են Մորս:
     Իմ սիրտ " սեր " ստամոքսս " ձգվում է Միլան " Երևան, թելը ձգվում է, ցավեցնում ամբողջ մարմինս: Պատկերացնում եմ Մորս հիվանդասենյակում իր նուրբ ու խաղաղ դեմքով` պառկած իր մտքերի մեջ, ու թելը ձգվում է Երևան-Միլան…

Մորս թելերը:
     Դուստր, նկարիչ- դուստր, ինչ- որ բաներ անող դուստր, շպարվող, «Black Zara» օծվող, ընթրող դուստր, որն աշխատում է collezionisti-ների հետ խաղաղ լինել (սրանք ինձ պետք են): Դուստր, որ իր Մոր մոտ չէ, գիտե՞ս, Նառա, հարմարվել եմ արհամարհանքով սեղանից վեր կենալ ու վերջին կում գինին կուլ տալ ցավի թարախի հետ, հարմարվել եմ իմ սև ու սպիտակ պատերի բաղնիքում մաշկիս մազերի հետ հեռացնել նաև վախի բշտիկները, միշտ մտածել եմ, որ վախը ինձանից հեռու հրեշ է, Նառա, ընտանիքս մի սիրուն ու ամուր «հրեշ» է: Եվ հետո ինչ, որ ես ուսերիս նկարել եմ «Հոր» դեմքը, ու վերջերս այդ դիմակով եմ ապրում, «Հոգեբանաբուժական Հայր-Դուստր» Կին " Դուստր, Հայր " Դուստր, Կին, Նկարիչ " Կին, վախկոտ " Կին, ձևական-Կին, falso (կեղծ) - Կին, Քար- Կին, Լուսին-Կին, արնահող ծնող- Կին, Կին, որ հիմա իր Մոր մոտ չէ, որ ատում է Մոր հիվանդանոցային սավանները, ասում է «հավատում եմ», այո, հավատում է մոր բոլոր սավաններին: Mcdonalds – ը դարձել է տուն, գրադարան, լաց լինելու տեղ, մի քիչ էլ մեծ լիներ` կտեղափոխվեմ նկարելու, սիրում եմ իմ այս քաղաքը, ինքնավստահ քաղաքը, նա էլ ինձ է սիրում, դավաճանում, ապտակում, հեռանում, գալիս` համբուրում, բայց սիրում է:
     Նառա, Մորս ասա, որ իր համար գլուխս կսափրեմ, հրեշտակի թևեր կկարեմ ուսերիս, մուրճը կխցկեմ բերանս ու թաքուն, շատ թաքուն ետևից կպտտվեմ ու շատ կամաց կերգեմ, ես հավատում եմ…


     Նոյեմբերի 2

     Բարև, խաղաղ ու արևոտ օր է, ու այսօր շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար: Մեջքիս նկարում եմ իմ երկար, շատ սև, մինչև ոտքերս հասնող վիլվետի capotto-ն (երկար, պալտո հիշեցնող, մոռացել եմ հայերեն ինչպես է, կամ էլ եթե նույնիսկ հիշեի, երևի capotto ավելի էլեգանտ է), մեջքս գրկում` ամուր ձգում եմ գոտիով: Նիհարել եմ, ամենաքիչը 4 կիլո, բայց ներսից հարուստ եմ ու կուշտ, ինձ ավելի էլեգանտ եմ զգում, երբ նիհար եմ, ավելի նեղ ու սլացիկ է դառնում գոտկատեղիս խաղը, շատանում են գոտիների անցքերը, այտոսկրերս խստանում են, լավ երևում, աչքերս ավելի գեղեցկացնում:
     Այո… այսօր շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար, սև, լավ, քնքուշ ներկած աչքեր, սև, խառը, ազատ մազեր, էլեգանտ capotto, մեջքը գրկող ամուր գոտի:
     Գիտես, երկնքում կան կրքի էլեկտրական լարեր, ամեն մեկը ունի իր էլեկտրական լարերը, դրանք տարբեր գույների են, ու ես «հյուր» դերից շատ թաքուն դուրս եմ եկել ու հպվել եմ այս կորեացու լարերին, չէի ուզում հավատա… կամաց-կամաց խազը կծկվել է այդ լարերի հետ, պտտվում են լարերը, ու նա էլ է պտտվում, հասկանո՞ւմ ես, երբ ներսիդ լիրբ-կինը մաշկիդ տակից, սև լույսն աչքերում` ասում է. «Խժռել այս կորեացու լարերը», պարզապես` ընդամենը մի փորձ է, շատ աննկատ փորձ, տեսնենք ունե՞ս դեռ կանացի նուրբ, սառը զենքեր, ընկեր Լիանա, թե արդեն ամեն բան կուլ է տվել քո կտավը: Ոչ, փորձը մեծանում է, դառնում կավի մի մեծ գունդ, տաք շաքարաջրով շաղաղված գունդ… սկսում է շնչել, ուտել է պահանջում, ու ես չեմ ուզում կերակրել, կերակրողը կորեացին է, նկատում է այդ կավե գունդը, սնում, գուրգուրում ու ես…
     Նրա չոր ասիական հոտը ու իմ «Black Zara» բուրմունքը շատ անհամապատասխան ու համապատասխան են, բախտի բերմամբ, թե դժբախտաբար` միասին ենք ապրում, ես ժամանակավոր հյուր եմ այս ընկերների մոտ, մինչև հարմար տարբերակ գտնելը: Չոր հոտը խոսելիս պահպանում է 3 մետր հեռավորություն:
     «Ես նկարում էի capotto-ն, մեջքիս, դռանը մոտենալով, զգացի նրա ստվերը, արագ բռնել էր ձեռքս` պատասխան չստանալով, թե ուր եմ ես գնում, ամուր սեղմել էր ձեռքս, ուր որ է մատերս փշրվելու են, մոտեցավ` ամբողջ մարմնով շնչում էր, լռում ու սպասում, որ կգոռամ, կծղրտամ, ես լուռ եմ, լիրբ, գոհ եմ, ինքնավստահ…»
     Դուռը շրխկում է, իմ «Black Zara» բուրմունքը մնում է միջանցքում: Չոր հոտը ասում է. «Դու քեզ իրավունք մի վերապահի վարվելու` ինչպես ուզում ես, ես կորեացի տղամարդ եմ, ութ տարի էլ քեզանից ավել ապրած, դու երևի չես ուզում հասկանալ» …
     Հասկանում եմ, սիրելիս, բայց արհամարհում եմ քո ութ տարիները խոհանոցի անտանելի ասիական բրնձի հոտի հետ:
     Ամեն դեպքում, արդեն երեք գիշեր է, քնելուց առաջ փակում եմ սենյակիս դուռը…
     Չոր հոտը դուրս է եկել (որովհետև տանն եմ), երեկո է, ցուրտ, նա սովոր չէ Եվրոպայի այս խոնավ եղանակին, թոքերը հաճախ չոր երգում են: Ես զանգ եմ տալիս, ասում եմ «Տուն արի, ցուրտ է, միչև գաս, ես տաք թեյ կդնեմ կրակին»: Լռում է, չի լսում …
     Իմ «Թաջ Մահալ» հնդկական թեյը արդեն հայհոյում է կրակի վրա: Ես սպասում եմ Միլան քաղաքի Բլիգնի փողոցի 42 հասցեի չորրորդ հարկում, իմ հնդկական թեյով, սպասում եմ չոր հոտին: Հնդկական թեյը էլ ասելիք չունի, հանգչում է արդեն: Ես կում-կում կուլ եմ տալիս թեյը նրա ութ տարիների հետ, շաքարը վերջացել է, վաղը հարկավոր է գնել, չոր հոտը չի սիրում առանց շաքարի թեյ: Պառկում եմ քնելու ու բանալիով նորից փակում սենյակիս դուռը, վաղը նորից ժամը ութին պետք է դուրս գալ, չոր հոտին չզգալու, չհանդիպելու…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8176 | 0 | 0
Facebook