Հեռավոր ժամանակների խրատանի
Երեք մարգարեություն հազար դինարի դիմաց
-Հազար դինարով մարգարեություն եմ վաճառում: Ով ուզում է, թո՛ղ մոտենա, ով ուզում է, թո՛ղ գնի: Երբ Խոսրով թագավորը լսում է մարգարեություն վաճառողի կոչը, նրան իր մոտ է կանչում ու հարցնում է. -Այդ ի՞նչ մարգարեություն ես վաճառում: -Փողը տո՛ւր ու կիմանաս, - պատասխանում է իմաստունը: Երբ դինարները նախապատրաստում են, իմաստունն ասում է. -Իմ առաջին մարգարեությունը հետևյալն է. «Քո թագավորությունում գոնե մեկ կատարյալ պարկեշտ մարդ չկա»: Իմ երկրորդ մարգարեությունն ազդարարում է. «Թեպետ բոլոր մարդիկ անպարկեշտ են, այնուամենայնիվ անհնար է նրանցից խուսափել ու առանց նրանց յոլա հնալ»: Իսկ երրորդ մարգարեությունս բխում է նախորդ երկուսից. «Թագավորը պարտավոր է իմանալ մարդկանց մեջ անթեղված չարիքի չափը, որպեսզի հնարավորիս խուսափի դրանից»: Թագավորին դուր է գալիս այս մարգարեությունը: Նա դրվատում է իմաստունին ու հանձնարարում է նրան տալ խոստացված վարձը, բայց իմաստունը հրաժարվում է փողից: -Հապա ինչո՞ւ էիր կանխավ պահանջում, - զարմանում է թագավորը: -Մտքովս անցավ ստուգել, թե մեր ժամանակներում կլինի՞ գոնե մեկ մարդ, որն իմաստուն խորհրդի համար չի զլանա ոսկի տալ, - պատասխանում է իմաստունը: ***** Այս նույն Խոսրովը մի անգամ իր իմաստուններից մեկին հարցնում է. -Աշխարհում մարդի՞կ են շատ, թե՞ դևերը: -Եթե քրդերին ու առևտրականներին մարդ համարենք, ապա, թերևս, մարդկանց ընդհանուր քանակը դևերի քանակին կգերազանցի, - պատասխանում է իմաստունը: (այս պատումն արտահայտում է միջնադարյան պարսիկների թշնամական վերաբերմունքը քրդերի նկատմամբ) Խոսրովի հետ առնչվող ևս մեկ պատում: ***** -Քո որդիներից որի՞ն ես ամենից շատ սիրում: Նա պատասխանում է. -Նրան, որը սիրում է կարգապահությունը, սարսափում է պատվազրկումից ու շարունակ ձգտում է հասարակության մեջ առավել բարձր դիրքի հասնել: ***** Ով կասի, թե ինքն արհամարում է հարստությունը, ես ստախոս նրան եմ համարում՝ քանի դեռ իր իրավացիությունն ապացուցող արժանահավատ ապացույցներ չի ներկայացրել: Իսկ երբ համոզվում եմ, որ նա անկեղծ է ու ճշմարիտ է ասում, այդժամ ես վստահաբար ասում եմ, որ նա հիմար է: ***** Հույն բժիշկ Հիպոկրատեսն ասել է. «Խելացի մարդուն օգտակար է ժամանակ առ ժամանակ իրեն հայելու մեջ զննել: Եթե նրա դեմքը տգեղ է, ապա թող այն գոնե չկեղտոտի անբարո արարքներով: Եթե նրա դեմքը գեղեցիկ է, ապա թող այն չապականի անվայել արարքներով: » |