Երեք մարգարեություն հազար դինարի դիմաց
Պատմում են, թե պարսից Խոսրով թագավորի ժամանակներում մի իմաստուն շրջել է փողոցներում ու ազդարարել է.
-Հազար դինարով մարգարեություն եմ վաճառում: Ով ուզում է, թո՛ղ մոտենա, ով ուզում է, թո՛ղ գնի:
Երբ Խոսրով թագավորը լսում է մարգարեություն վաճառողի կոչը, նրան իր մոտ է կանչում ու հարցնում է.
-Այդ ի՞նչ մարգարեություն ես վաճառում:
-Փողը տո՛ւր ու կիմանաս, - պատասխանում է իմաստունը:
Երբ դինարները նախապատրաստում են, իմաստունն ասում է.
-Իմ առաջին մարգարեությունը հետևյալն է. «Քո թագավորությունում գոնե մեկ կատարյալ պարկեշտ մարդ չկա»:
Իմ երկրորդ մարգարեությունն ազդարարում է. «Թեպետ բոլոր մարդիկ անպարկեշտ են, այնուամենայնիվ անհնար է նրանցից խուսափել ու առանց նրանց յոլա հնալ»:
Իսկ երրորդ մարգարեությունս բխում է նախորդ երկուսից. «Թագավորը պարտավոր է իմանալ մարդկանց մեջ անթեղված չարիքի չափը, որպեսզի հնարավորիս խուսափի դրանից»:
Թագավորին դուր է գալիս այս մարգարեությունը: Նա դրվատում է իմաստունին ու հանձնարարում է նրան տալ խոստացված վարձը, բայց իմաստունը հրաժարվում է փողից:
-Հապա ինչո՞ւ էիր կանխավ պահանջում, - զարմանում է թագավորը:
-Մտքովս անցավ ստուգել, թե մեր ժամանակներում կլինի՞ գոնե մեկ մարդ, որն իմաստուն խորհրդի համար չի զլանա ոսկի տալ, - պատասխանում է իմաստունը:
*****
Այս նույն Խոսրովը մի անգամ իր իմաստուններից մեկին հարցնում է.
-Աշխարհում մարդի՞կ են շատ, թե՞ դևերը:
-Եթե քրդերին ու առևտրականներին մարդ համարենք, ապա, թերևս, մարդկանց ընդհանուր քանակը դևերի քանակին կգերազանցի, - պատասխանում է իմաստունը:
(այս պատումն արտահայտում է միջնադարյան պարսիկների թշնամական վերաբերմունքը քրդերի նկատմամբ)
Խոսրովի հետ առնչվող ևս մեկ պատում:
*****
Մի անգամ նրան հարցնում են.
-Քո որդիներից որի՞ն ես ամենից շատ սիրում:
Նա պատասխանում է.
-Նրան, որը սիրում է կարգապահությունը, սարսափում է պատվազրկումից ու շարունակ ձգտում է հասարակության մեջ առավել բարձր դիրքի հասնել:
*****
Մի իմաստուն ասել է.
Ով կասի, թե ինքն արհամարում է հարստությունը, ես ստախոս նրան եմ համարում՝ քանի դեռ իր իրավացիությունն ապացուցող արժանահավատ ապացույցներ չի ներկայացրել: Իսկ երբ համոզվում եմ, որ նա անկեղծ է ու ճշմարիտ է ասում, այդժամ ես վստահաբար ասում եմ, որ նա հիմար է:
*****
Հույն բժիշկ Հիպոկրատեսն ասել է.
«Խելացի մարդուն օգտակար է ժամանակ առ ժամանակ իրեն հայելու մեջ զննել: Եթե նրա դեմքը տգեղ է, ապա թող այն գոնե չկեղտոտի անբարո արարքներով: Եթե նրա դեմքը գեղեցիկ է, ապա թող այն չապականի անվայել արարքներով: »