Loading...

Articles

Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ...

Sati
Author:
Sati
02:14, Tuesday, 05 March, 2013
Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ...

1959 թ-ի մարտի 5-ին է ծնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր նա կդառնար 52 տարեկան:

1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով։

Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

Նրա մտքերից մի քանիսը.

Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
    
     Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին:
    
     Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք:

«Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա: Ու՞մ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը: Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ: Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով»:


    

«Դարը շուռ է գալիս: Էջ ենք թերթում: Նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս»:

«Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով: Շատ սիրողական բան եմ ասելու: Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին: Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4856 | 1 | 0
Facebook