Loading...

Articles

Ամուսնական գործակալությունները միջնորդի դեր են կատարում

12:11, Sunday, 29 November, 2015
Ամուսնական գործակալությունները միջնորդի դեր են կատարում

Ամուսնական գործակալությունները միջնորդի դեր են կատարում
    
     Հունիսի 7-ին «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի` «Եվրոպա» ռեստորանում կազմակերպած միջոցառմանը Ռազմիկն ու Լիանան հանդիպեցին և քսան օր հետո ամուսնացան: Մինչ այդ Ռազմիկը մի քանի կանանց հետ էր հանդիպել, բայց նրան վախեցնում էին նրանց պահանջները. «Ասում էին, որ պետք է թոշակովս իր երեխեքին պահեմ, պետք է անպայման օրինականացնեմ ամուսնությունը և այլն: Իսկ ես փնտրում էի տան կին և գտա: Հենց առաջին հայացքից հասկացա, որ Լիանան ինձ համար լավ կին կլինի: Ես երջանիկ եմ իմ ընտանիքում», - պատմում է 74-ամյա Ռազմիկը: Ամուսնական գործակալություններն իրենց հայտարարություններում գրում են «Ամուր և երջանիկ ընտանիք կազմել ցանկացողներին հրավիրում ենք, երկարամյա փորձ, տվյալների մեծ բազա նաև ԱՄՆ-ում, եղեք մեզ հետ և չեք լինի միայնակ, մենք կօգնենք Ձեզ գտնելու Ձեր երկրորդ կեսին» և նման տողեր: Չնայած այս ամենին` հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Այս մասին գործակալություններում ևս փաստեցին` նշելով, որ նախկինում շատ ավելի վատ էր, մարդիկ ընդհանրապես հավատ չէին ընծայում, իսկ այսօր այդ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է: «Հասարակության վերաբերմունքը ժամանակի ընթացքում կփոխվի», - հավաստիացնում է գործակալության աշխատակիցը: 35-ամյա Նելլին ամուսնացած չէ, բայց ամուսնանալու համար երբեք չի դիմի ամուսնական գործակալության: «Նրանք բիզնես են անում, իսկ այդտեղ դիմողներն էլ անճար մարդիկ են: Մարդ պետք է ինքը կառուցի իր անձնական կյանքը և իր երկրորդ կեսին էլ ինքնուրույն ընտրի: Ինչ-որ մեկին ընտրելու համար նախ պետք է ճանաչես, այս պարագայում ինչ գիտես` այնտեղ դիմողները ովքեր են», - նշում է զրուցակիցս: ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Նարինե Հարությունյանը, հասարակության վերաբերմունքի մասին խոսելով, նշում է, որ մեր էթնոսը, հոգեկերտվածքը մարդկանց թույլ չի տալիս դիմել նման գործակալություններ: Ընտանիքի հոգեբանությունը ուսումնասիրող հոգեբանը բացատրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են մարդկանց դրդել դիմել ամուսնական գործակալություններին` ցածր ինքնագնահատականը, անձնական փորձը և այլն: Հոգեբանը կարևորում է ամուսնական գործակալությունների գործունեության ճիշտ կազմակերպումը. «Ամուսնական գործակալությունները «սաբաբի» ժամանակակից տարբերակն են: Լավ կլիներ, որ նրանք համագործակցեին ընտանեկան հոգեբանների հետ, ժամանակ առ ժամանակ կազմակերպեին սեմինար-թրեյնինգներ` մարդկանց նախապատրաստելով նախամուսնական կյանքին, օգնելով նրանց հաղթահարել ամուսնական կյանքի խոչընդոտները», - ասում է հոգեբանը: Ամուսնական գործակալությունների գործունեության ընթացքում կարևոր է ոչ միայն ճիշտ ձևով այն կազմակերպելը, այլև ամուր, համերաշխ և երջանիկ ընտանիքներ կազմելը: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ սպասավոր Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանն այդքան էլ չի վստահում ամուսնական գործակալություններին, քանի որ վստահ չէ, որ այդտեղ ամեն ինչ ազնիվ սկզբունքներով է կատարվում: «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի երջանիկ լինելու, և յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի իր երկրորդ կեսին, միջնորդը նույնիսկ կարող է խանգարել: Ամուր ընտանիքը ամուր պետականության հիմքն է, և կարևոր է, թե որքանով են երջանիկ և համերաշխ այդ ճանապարհով կազմավորված ընտանիքները: Բայց այսօր հակված եմ մտածելու, որ դա էլ է դրամ վաստակելու միջոց, և ամուսնական գործակալություններն էլ բիզնես են անում, ոչ թե ուզում են օգնել մարդկանց», - ասում է Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը: 19-20-րդ դարերում տարբեր գյուղերում եղել են միջնորդ կանայք` սաբաբներ, ովքեր քաջածանոթ լինելով երկու ընտանիքներին` միջնորդում էին, որպեսզի նրանց մեջ խնամիական կապեր գոյանան: Հաշվի էր առնվում տնտեսական գործոնը: Լինում էր այնպես, որ երբ երեխաները ծնվում էին, արդեն որոշված էր, թե ում հետ են նրանք ամուսնանալու: Այսօր ամուսնության ինստիտուտը փոխվել է, և եթե նախկինում ընտանիքն էր ընտրում, ապա այժմ անհատն է ընտրում: Ինչպես բացատրում է ազգագրագետ Գայանե Շագոյանը, գործառույթային առումով ամուսնական գործակալությունները շատ նման են սաբաբին կամ սաբիբին: Ամուսնական ինստիտուտի փոփոխության հետ փոխվել է նաև հասարակությունը, այն խիստ անհատականացվել և մեկուսացվել է, այս հանգամանքով էլ պայմանավորված է ամուսնական գործակալությունների գոյությունը» «Այսօր ոչ մի նորմալ աղջիկ փողոցում չի ծանոթանա տղայի հետ, դա լուրջ չի դիտվում, իսկ ամուսնական գործակալությունները միջոց են մարդկանց ծանոթանալու համար», - ասում է ազգագրագետը: Ամուսնության հարցում 25-ամյա Գևորգը չի հանդուրժի ոչ մի տեսակի միջնորդություն. «Թույլ չեմ տա ինչ-որ մեկին ինձ համար հարսնացու ընտրել, ոչ էլ կդիմեմ ամուսնական գործակալություն: Ես չեմ վստահում նրանց»: Ամուսնական գործակալություն դիմելու ընթացքը ներառում է մի քանի քայլեր, որոնք հիմնականում նույնն են բոլոր կենտրոնների դեպքում: Նախ` քաղաքացին անձնագրով ներկայանում է, գրանցվում, լրացնում հարցաթերթիկ իր և իր ցանկալիի մասին: Դրան հաջորդում է ընտրության փուլը. նայելով տվյալ կենտրոնի մյուս այցելուների նկարները` ընտրում է, իսկ կենտրոնի աշխատակիցը պատմում է տվյալ անձնավորության մասին, ներկայացնում իր տպավորությունները: Ինչպես մեզ հավաստիացրին գործակալություններում, ցանկալիին ընտրելիս քաղաքացիները կարևորություն են տալիս արտաքինին, նյութական բարեկեցությանը, բնավորությանը. այս չափանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են: «Տերյան» մշակութային կենտրոնն առաջին հասարակական կազմակերպությունն է, որի օղակներից մեկն է ամուսնական ակումբը: Այս ակումբի նպատակը, ըստ կենտրոնի տնօրենի օգնական Արմինե Հովհաննիսյանի, Հայաստանի տարածքում և արտասահմանում զույգերի կազմմանը նպաստելն է: Այս նպատակի իրագործման համար ակումբը կազմակերպում է տարբեր միջոցառումներ` ցուցահանդեսներ, տոնախմբություններ, խմբային հավաքներ, անհատական հանդիպումներ, ճանապարհորդություններ և արշավներ: 7 տարվա գործունեության արդյունքում այս կենտրոնի միջոցով ստեղծվել են 500-ից ավելի ընտանիքներ, այստեղ անդամավճար չկա, և արդեն 5000 մարդ կա գրանցված` 18-80 տարիքային խմբի: «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնը 6 տարվա պատմություն ունի: Այդ տարիների ընթացքում ամեն մի եռամսյակի ամփոփման արդյունքում ձևավորվում է 20-22 ամուսնական զույգ: Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանի խոսքերով` այստեղ գալիս են իրենց արժեքը իմացող մարդիկ և գալիս են ընտրելու: Կենտրոնում 17-80 տարիքային խմբի 1000 մարդ կա գրանցված: Իրենց երկրորդ կեսին այս կենտրոնի միջոցով փնտրել և գտել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար մարդիկ այդ թվում հայաշատ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, իրավաբաններ, երգչուհիներ, բժիշկներ, մի խոսքով` ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, բայց ամենից շատ դիմում են կին ուսուցչուհիները: Կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ մանկավարժ-իրավաբան է, ունեն նաև հոգեբան բժիշկ: Այս կենտրոնում անդամավճարը 10 500դրամ է: Կենտրոնը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է երեկույթներ, որը ևս հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալու և շփվելու միմյանց հետ: 49-ամյա Ռուզաննան ամուսնալուծված է և կես տարի է, ինչ դիմել է այս կենտրոն` ամուսնանալու համար: «Հանդիպումներ ունեցել եմ, բայց դեռևս չեմ գտել իմ երկրորդ կեսին: Հուսով եմ, որ հենց այս կենտրոնի միջոցով կգտնեմ ապագա ամուսնուս», - ասում է Ռուզաննան: Նրա համար առաջնահերթ է այն, որ տղամարդը լինի քաղաքակիրթ, ունենա աշխատանք և նյութապես ապահոված լինի: 29-ամյա Արմինեն իրավաբան է, իր իսկ խոսքերով` չի կարողացել սեփական ուժերով դասավորել անձնական կյանքը, ուստի դիմել է «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի օգնությանը: Դեռևս չի գտել իր երկրորդ կեսին. «Ամենակարևորն այն է, որ նա լինի խելացի և կիրթ», - ասաց զրուցակիցս: «Երջանկության գաղտնիք» կենտրոնը Ռուսաստանի համանուն կենտրոնի մասնաճյուղն է և երկու ամիս է, ինչ գործում է Հայաստանում: Այդ ժամանակահատվածում ձևավորվել է 15-ից-20 զույգ: Քաղաքացին այստեղ գրանցվելու համար կնքում է մեկ տարվա պայմանագիր և վճարում 9 900դրամ: Բայց կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքերով` ելնելով հաճախորդների և իր անվտանգությունից` տղաներին գրանցում է 25-ից ոչ շուտ, իսկ աղջիկներին` 18 տարեկանից: Մասնագիտությամբ հոգեբան տնօրենը, Հայաստանի և Ռուսաստանի փորձը համեմատելով, շատ տարբերություններ է տեսնում հատկապես հասարակության վերաբերմուքի և քաղաքացիների չափանիշների հետ: «Այստեղ շատ են ուշադրություն դարձնում արտաքինին, կրթությանը, ինչպես նաև` ամուսնալուծված լինելուն», - ասում է Իլոնա Բաղիշյանը: Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթանալուց զատ` այսօր մեծ տարածում ունեն նաև ինտերնետային և հեռախոսային ծանոթությունները հատկապես երիտասարդների շրջանում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7630 | 0 | 0
Facebook