Loading...

Articles

Աղքատության և հանցագործությունների թվի միջև կապը Հայաստանում

Armenien
Author:
Armenien
19:13, Tuesday, 08 January, 2013
Աղքատության և հանցագործությունների թվի միջև կապը Հայաստանում
     Երկրում հանցագործությունների թվի վրա ազդում են բազմաթիվ գործոններ և պայմաններ:Դրանց մեջ իրենց ուրույն դերն ունեն նաև տնտեսական ճգնաժամերը, աղքատությունը և այլն, որոնք ուղեկցվում են սոցիալական բազմաթիվ բացասական երևույթներով` մարմնավաճառության, թմրամոլության աճ: Փորձենք պարզել, թե մեր երկրում ինչպիսին է կապը աղքատության, տնտեսության անկման և հանցագործությունների թվի միջև:Ստորև վերլուծված բոլոր տվյալները կարելի է գտնել Ազգային Վիճակագրական Ծառայության կայքում` համապատասխան բաժիններում: Մինչև ճգնաժամային 2009թ.-ը Հայաստանում աղքատության մակարդակը տատանվել է 25-27, 6 տոկոս սահմաններում, իսկ 2009-ին հասել է 34, 1 տոկոսի` աճելով միանգամից 6, 5 տոկոսային կետով: Նույն միտումն է նաև մայրաքաղաքում` մինչև ճգնաժամը 20-21 տոկոս, իսկ 2009-ին աղքատության աճ միանգամից 6, 6 տոկոսային կետով: Փաստորեն 2009-ին աղքատության մակարդակը ՀՀ-ում կտրուկ աճել է: Հանցագործությունների թիվը 2005-2008թթ. չի գերազանցել 10000-ը, մինչդեռ 2009թ.-ին այն հասել է աննախադեպ` 14339-ի, հավելաճը` 54, 7 տոկոս: Նույն միտումն է Երևանում` հանցագործությունների թվի աճ 45, 9 տոկոսով:
     Հետաքրքիր է ՀՀ-ում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դինամիկան: 2008 թ. համեմատ 2009-ին դրանք աճել են 62, 2 տոկոսով: Նույն օրինաչափությունը կարելի է դիտել նաև սեփականության դեմ կատարված հանցագործությունների առումով: Փաստորեն 2009թ.-ը ուղեկցվել է հանցագործությունների ինչպես ընդհանուր թվի այնպես էլ առանձին տեսակների էական աճով:
     Այժմ փորձենք էկոնոմետրիկ մոդելով գնահատել ՀՀ-ում աղքատության և հանցագործությունների թվի միջև կապը: Ընտրանքը ձևավորելու համար համապատասխան տվյալները վերցնենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից: Համադրենք ամեն տարվա ամեն մարզում աղքատության մակարդակի ցուցանիշը նույն տարվա նույն մարզում հանցագործությունների թվի ցուցանիշի հետ: Բնականաբար որպես ռեգրեսոր հանդես է գալիս աղքատության մակարդակը` Նշանակենք այն X պատահական մեծությամբ, որի արժեքները 2005-2010 թթ ՀՀ մարզերում աղքատության մակարդակի ցուցանիշներն են: Որպես բացատրվող փոփոխական հանդես է գալիս հանցագործությունների թիվը` նշանակենք այն Y պատահական մեծությամբ, որի արժեքները 2005-2010 թթ. ՀՀ մարզերում կատարված հանցագործությունների թիվն է:Մոդելը բազմագործոն է, ընտրանքի ծավալը `60: Հաշվարկը կատարվել է Microsoft Excel համակարգչային ծրագրով, ստացվել է հետևյալ մոդելը`
     Y=-269, 67+26, 55X, դետերմինացիայի 0, 54 գործակցով:
     Մոդելը հաստատում է այն ենթադրությունը, որ աղքատության և հանցագործությունների թվի միջև կա դրական կապ: Դա երևում է ռեգրեսորի գործակցից, որը ցույց է տալիս նաև, որ աղքատության մակարդակի 1 տոկոս աճը հանգեցնում է մարզերում միջինում 26, 5-ով ավելի հանցագործության կատարման:
     Սովորաբար ռեգրեսորի և բացատրվող փոփոխականի միջև կապը համարվում է նշանակալի, երբ դետերմինացիայի գործակիցը մեծ է 0, 5-ից: Մեր կողմից ստացված գործակիցը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դիտարկվող փոփոխականների միջև կապը իսկապես նշանակալի է:
     Ամփոփելով կարելի է ասել, որ մեր երկրում բնակչության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա էական ազդեցություն ունի աղքատության մակարդակը: Հանցագործությունների թվի և աղքատության դինամիկաների վերլուծությունը, ինչպես նաև կառուցված էկոնոմետրիկ մոդելը ցույց են տալիս, որ մեր երկրում հանցագործությունների մի զգալի մասը կատարվում է հենց աղքատության հողի վրա: Առողջ հասարակություն ունենալու համար հարկավոր վերացնել այն դրդապատճառները, որոնք ընկած են սոցիալական բացասական երևույթների հիմքում և որոնք մարդկանց օբյետիվորեն մղում են հանցավոր գործունեության: Անհրաժեշտ է բարելավել մարդկանց նյութական պայմանները և նրանք կդառնան ավելի օրինապաշտ և ավելի լավ քաղաքացիներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3196 | 0 | 0
Facebook