Loading...

Articles

Հռոմի կայսերական գահին նույնիսկ արաբ է բազմել (2)

09:09, Tuesday, 25 June, 2024
Հռոմի կայսերական գահին նույնիսկ արաբ է բազմել (2)
    

Կայսրն իր պաշտած սեմական աստծուն դարձրել է Հռոմեական կայսրության գլխավոր աստված

Էլագաբալուսը (հունարեն՝ Հելիոգաբալոս, հին հունարեն՝Էլագաբալոս, լատիներեն՝ Հելիոգաբալուս, հին լատիներեն՝ Էլագաբալուս) ՝ արևմտասեմական և հռոմեական դիցաբանության մեջ՝ արևի և պտղաբերության աստվածն է՝ արամերեն արտասանությամբ. նշանակել է «Լեռան աստված» ։

Էլագաբալուս կայսրի օրոք, որը, ինչպես նախորդիվ ասվեց, մինչև կայսր դառնալը եղել է այս աստծո տաճարի քրմապետը, Հռոմեական կայսրությունում ներմուծել է նրա պաշտամունքը: Նրան երկրպագել են որպես Յուպիտերից էլ գերագույն աստված ։ Հռոմեական մետաղադրամների վրա այս աստծո անվան միայն հռոմեական տարբերակն է արձանագրվել:

Ինչպես նախորդ հոդվածում ասվեց, Էլագաբալուսին ի սկզբանե պաշտել են Էմեսում:

Մ.թ. երկրորդ դարում աստվածության պաշտամունքը տարածվել է նաև Հռոմեական կայսրության այլ մասերում:

Էմեսի տաճարում գտնվող պաշտամունքի սև քարը, որը, ըստ այս քաղաքի բնակիչների հավատալիքի, աստված է ուղարկել, տեղափոխվել է Հռոմ՝ կայսր Մարկոս Ավրելիոս Անտոնինոս Օգոստոսի պահանջով: Հենց այս կայսրն է եղել այն քրմապետը, որը մինչև Հռոմի կայսերական գահին բազմելը ծառայել է Էմես քաղաքի՝ Էլագաբալուս աստծու տաճարում: Նա հրաժարվել է իր անունից և, ի պատիվ իր աստվածության, ընդունել է Էլագաբալուս անունը: Սիրիական այս աստվածությունը ձուլվել է հռոմեական արևի աստծուն, որը հայտնի է Սոլ անունով, իսկ ավելի ուշ անվանվել է Sol Invictus («Անհաղթ Արև») ։

Հռոմի Պալատին բլրի արևելյան լանջին կառուցվել է Էլագաբալուսի տաճարը, որում պահվել է Էմեսի տաճարի սրբազան քարը՝ սև կոնաձև երկնաքարը:

Հույն պատմիչ Հերոդիանոսը գրում է, թե Էլագաբալոս կայսրը ստիպել է սենատորներին դիտել, թե ինչպես է ինքը պարում իր աստվածության զոհասեղանի շուրջ թմբուկների և ծնծղաների ձայնի հնչյունների ներքո: Յուրաքանչյուր ամառային արևադարձի ժամանակ նա ի պատիվ այս աստվածության Հռոմում մեծ տոնախմբություն է կազմակերպել, որը ժողովրդականություն է վայելել՝ հատկապես այն պատճառով, որ մասնակցողներին ձրի սնունդ է բաժանվել: Տոնակատարության ժամանակ կայսրն անձամբ սուրբ քարը դրել է ոսկով և թանկարժեք քարերով զարդարված կառքի վրա ու շրջել է ամբողջ քաղաքում։

Ըստ հռոմեացի կոնսուլ և պատմագիր Դիոն Կասիոսի՝ կայսրը փորձել է նաև միավորել հռոմեական և սիրիական կրոնները իր աստվածության «գերիշխանության» ներքո: Նորաթուխ կայսրը նույնիսկ իր երկրպագած աստծու կին է նշանակել կա´մ Աստարտեին, կա´մ Միներվային, կա´մ Ուրանիային, կա´մ այս երեք աստվածուհիների համադրությամբ հորինված մեկ այլ աստվածուհու: Հռոմեական աստվածների տաճարների ամենասուրբ մասունքները իրենց սրբավայրերից տեղափոխվել են Էլագաբալիում։ Այս տաճարում են հավաքվել հռոմեացիների համար ամենասուրբ առարկաները՝ Կիբելե աստվածուհու արձանը, ընտանիքի և զոհաբերության կրակի հովանավոր աստվածուհի Վեստայի կրակը, Մարս աստծու վահանը և պալադիումը: Այսպիսով, հռոմեացիներին արգելվել է Էլագաբալուսից բացի այլ աստծու երկրպագվել։ Ծագումով արաբ կայսրը նաև պահանջել է, որ հրեաները, սամարացիները և քրիստոնյաներն իրենց ծեսերը տեղափոխեն իր տաճար, որպեսզի այն «ներառի պաշտամունքի բոլոր ձևերի գաղտնիքները» ։

Մ.թ. 222 թվականին կայսրին սպանել են, որից հետո պաշտամունքին վերաբերող նրա բոլոր հրամանները չեղարկվել են, իսկ Էլագաբալոսի պաշտամունքը վերադարձել է իր հարազատ Էմես։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
443 | 0 | 0
Facebook