Loading...

Articles

Լեգենդներ Կարա-Բալայի մասին

,,, ,,,,
Author:
,,, ,,,,
16:29, Saturday, 15 December, 2012
Լեգենդներ Կարա-Բալայի մասին

ԼԵԳԵՆԴ ԱՌԱՋԻՆ.

Որտեղի՞ց էր նա եկել, ո՞վ էր եղել նախկինում: Ոմանք պնդում էին, թե այլ քաղաքից է հասել Երևան ու հաստատվել այստեղ, մյուսները հակաճառում էին` բացատրելով, որ նա բնիկ երևանցի է, ապրում է Թուրքի թաղում կամ Կոնդում կամ մի այլ տեղում: Բայց մի՞թե դա էական էր, երբ առանց Կարաբալայի Երևանը Երևանի նման լինել չէր կարող: Ոչ ոք նրա մասին ըստ էության ոչինչ չգիտեր, սակայն չկար նաև ավելին իմանալու ցանկությունը: Կար Կարաբալան, նա իր տեղում էր` կնշանակի կյանքը շարունակվում էր: Օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան նա հայտնվում էր նախկին Կուլտուրայի տան մուտքից ոչ հեռու` հենց ոտքերի տակ քչքչոցով հոսող առվի եզրին, ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Հիմնականում վարդեր էր վաճառում, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում: Խոսում էին, թե պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է Կարաբալային, ծիծաղել է նրա վրա ու հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել` սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:
     Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունը այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից: Կարաբալան նրա մասին նույնիսկ մի երգ էր հորինել` «Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ…»: : Իսկ երբ գինովցած էր լինում, բաժակակից ընկերների առաջ բացում էր սրտի գաղտնիքը. «Ինձ Կարաբալա մի ասեք, ինձ ասեք Դարդոտ Բալա…»: :
     Ու մի օր պատահեց անուղղելին: Դա 1926 թվականին էր: Տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին` խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն զգուշացնողի վրա: Այդ ժամանակ ճարպիկ Կարաբալան ոչ միայն խույս է տալիս նրանից, այլև արդյունքում ինքն է դանակահարում հարձակվողին: Նրան ձերբակալեցին ու տարան Երևանի Ուղղիչ տունը: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ դարձավ նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի ետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Այդ ամիսների հիշատակ-վավերագիրը Չարենցի գիրքն է: «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…», -, - հետագայում պիտի գրեր Չարենցն իր նշանավոր «Երևանի Ուղղիչ տնից» հուշագրության մեջ: Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ` Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…

ԼԵԳԵՆԴ ԵՐԿՐՈՐԴ.

Կան հնաբնակ երևանցիներ, ովքեր պնդում են, որ Կարաբալան ինքը չէր այն ծաղիկների տերն ու աճեցնողը, որոնք վաճառում էր: Այս պնդումները կարելի է հավաստի համարել: Դրանք երևանցի ունևոր Գոգոլ աղայի ծաղկանոցներից էին: Գոգոլ աղան արդեն տարիքն առած մարդ էր, նրա տունն ու այգին գտնվում էին հենց Աբովյան փողոցում: Դրանցից զատ նաև մեծ ծիրանանոց ուներ, իսկ Դալմայում` խաղողի այգիներ: Գործերը հաջող էին ընթանում, և այդ օրերին էլ նա գնեց բժիշկ Արամ Տեր-Ավետիքովի տունը (այն մինչ օրս էլ կանգուն է մնացել) ու առաջին հարկում ծաղկի խանութ բացեց: Գոգոլ աղան իր վարդերն աճեցնում էր այգու ջերմոցներում ու բերում էր այստեղ վաճառելու: Բայց շուտով եկան նոր ժամանակներ, ու խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվեց: Գոգոլ աղան մնաց առանց խանութի: Հենց այդ օրերին էլ նա գտավ Կարաբալային: Նոր մշակը նրա սրտով էր. առանձնահատուկ սեր ուներ ծաղիկների նկատմամբ և իր գործը բարեխղճորեն էր կատարում: Մկրատը ձեռքին անցնում էր ծաղկաթմբերի միջով, զգուշությամբ մեկ առ մեկ ընտրում ու զամբյուղի մեջ էր շարում թարմ վարդերը, իսկ երեկոյան Գոգոլ աղային էր տալիս իր վաստակը, որից էլ տերը նրան բաժին էր թողնում: Այդպես նա երկար ժամանակ աշխատում էր, մինչև որ վրա հասան դժվարին ժամանակները: Այսօր ոմանք գրում և պատմում են, թե իբր Կարաբալան 1934-36 թթ. երկրորդ անգամ է բանտարկվել: Համաձայն այդ աղբյուրների, նա դատապարտվել էր իշխանությունների հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնելու ամբաստանությամբ: Սակայն այս փաստը ճշտման կարիք ունի: Բանն այն է, որ նույն աղբյուրների համաձայն, Կարաբալան այդ տարիներին կրկին իր պատիժը կրել է Չարենցի հետ և նույնիսկ դուրս գալուց հետո օգնել է բանաստեղծի ձեռագրերը բանտից հանելու և դրանք թաքցնելու գործում: Նման պատմությունները չեն կարող ճշմարիտ լինել հենց միայն այն պարզ պատճառով, որ Չարենցին այդ տարիներին ոչ ոք չէր կալանել: Իրականում բանաստեղծին ձերբակալեցին 1937-ի հուլիսին, իսկ ծաղկավաճառի ձեռքով փրկված ձեռագրերի մասին որևէ ապացույց առայսօր գոյություն չունի:
     1937-ին շատերի պես աքսորվեց նաև Գոգոլ աղան: Նրա տունն ու ծաղկանոցը բռնագրավվեց: Ու այսպես ավարտվեց հեքիաթը քաղաքի համար:

ԼԵԳԵՆԴ ԵՐՐՈՐԴ.

Կարաբալայի մասին շրջանառվող պատմություններից մեկի համաձայն նա բոլորովին էլ ծաղկավաճառ չի եղել: Համենայն դեպս այն տարիքում, երբ դեռ երիտասարդ ու առույգ էր, նրան վիճակված էր զբաղվել միանգամայն այլ աշխատանքով: Նա հանձնարարություններ կատարող էր: Կանգնում էր այս կամ այն մարդաշատ վայրում, առավոտից մինչև ուշ գիշեր ու սպասում էր, մինչև որ ծանոթ մեկը աննշան վճարի դիմաց նրան որևէ գործ կտար: Սովորաբար Կարաբալայի ծառայություններից օգտվում էին խորտկարաններում ու գինետներում հավաքվածները: Իսկ ավելի հաճախ` Չարենցն ու իր ընկերները: Խնջույքի թեժ պահին Չարենցը նրան ձեռքով կաներ, կպարզեր անձեռոցիկի վրա արված որևէ գրություն ու կասեր.
     - Կարաբալա, ուստա Մարգարին գիտե՞ս… Բաղնիքի մոտի` Ռաբիսի դուքանում կլինի: Տար, սա հանձնիր նրան:
     Կարաբալան վազ էր տալիս ու քիչ անց վերադառնում էր Մարգարի ու նրա նվագածուների հետ:
     - Մարգար ջան`«Ես պուճուր, յարս պուճուր», - պատվիրում էր Չարենցն ու գրպանից հանած թղթադրամները խոթում Կարաբալայի բռան մեջ:
     Իսկ քիչ անց Կարաբալան գնում էր գարեջրի ետևից, հետո ֆայտոն էր գտնում Զանգվի ձորը իջնելու համար և կամ պարզապես ընդունում էր նրանց հրավերը, մոտենում էր սեղանին ու բաժակն առած` միանում էր անվերջանալի կենացներին: Այո, Կարաբալան խմում էր: Հատկապես կյանքի վերջին տարիներին հազվադեպ էր պատահում, որ նա գինովցած չլիներ: Ու թերևս հենց այդ շրջանում էլ տարածվեցին ասեկոսեներն այն մասին, թե ծերունին դարձել է անուղղելի հարբեցող, հայհոյում ու վիրավորում է մարդկանց, կեղտոտ ու խղճուկ մուրացկանի տեսք ուներ, իսկ կանայք փողոցում նրան տեսնելիս վախվորած թեքում են իրենց ճանապարհը: Դա, իհարկե, այդպես չէր: Նրանք, ովքեր առիթ էին ունեցել ծաղկավաճառի հետ սեղան նստելու, պատմում են, որ խմելիս համարյա չէր հարբում և նույն բարի, անչար մարդն էր` ավելի շատ լուռ, քան խոսող: «Երևան» հյուրանոցի բակում մի ժամանակ գործող բացօթյա սրճարանում, որտեղ հիմնականում հավաքվում էին գրողներ, դերասաններ, արվեստի մարդիկ, հաճախ կարելի էր տեսնել նաև Կարաբալային: Նա միշտ էլ ցանկալի սեղանակից էր նրանց համար, ովքեր հիշելու, վերապրելու բան ունեին:

ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ…

Ճշմարտությունը գուցե թե այնքան գունեղ ու ուշագրավ լինել չի կարող, ինչպիսին լինում է առասպելը: Սակայն կա նաև իրական պատմությունը Կարաբալայի մասին: Նա ծնվել էր 20-րդ դարի սկզբին (երբեմն նշում են հենց 1900 թվականը, սակայն սա ստույգ համարել չի կարելի): Մանկությունն անցել էր Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում: Ոմանք ասում են, թե նրա անունը Կարապետ էր, սակայն սա ևս անճշտություն է: Նրա իսկական անուն-ազգանունը Ստեփան Հարությունյան էր: Ճանաչողները վկայում են, որ նրա ընտանիքի սեփականությունն են եղել Ֆլորայի այգիները` այն տարածքը, որտեղ այսօր մետրոյի «Երիտասարդական» կայարանն է գտնվում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հարությունյանները կորցրեցին իրենց ունեցվածքը: Շուտով երիտասարդ Ստեփանն ամուսնացավ Աշխեն անունով մի աղջկա հետ, որին հանդիպել էր Ղանթարի շուկայում: Աշխենը ծնունդով Ներքին Ախտայից էր (ներկայիս Հրազդան քաղաքից): 1926 թ, ծնվեց նրանց որդին: Նորածնին տվեցին Ժորժիկ անունը: Սակայն, ինչպես արդեն ասել էինք, այդ թվին Կարաբալան ձերբակալվեց ու բանտարկվեց: Մինչ նա կրում էր իր պատիժն ու երազում այն օրը, երբ կրկին կվերադառնա հարազատների մոտ, կինը որոշեց լքել անուսնուն և ամուսնանալ մեկ ուրիշի հետ: Աշխենն իր հետ տարավ նաև Ժորժիկին: Բանտից դուրս գալուց հետո Կարաբալան այլևս ոչինչ չուներ: Խոսում էին այն մասին, թե իբր Աշխենը իրավապահներին ինչ-որ լուսանկարներ էր ցույց տվել, որոնք ապացուցում էին իր ամուսնու անհավատարմությունը, և այդ գնով նրանից խլել էր ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլև արգելք էր դրել որդուն տեսնելու հոր իրավունքի վրա: Դժվար է ասել, թե թե որքանով էին այդ ամբաստանությունները հիմնավոր, բայց Կարաբալան իսկապես զրկվեց իր զավակի հետ հանդիպելու բախտավորությունից: Ասում են նաև, որ միայն շատ տարիներ անց, երբ արդեն Ժորժիկն էր հայր դարձել, Աշխենն, այնուամենայնիվ, որոշում է ամուսնուն ցույց տալ նորածին թոռանը: Մայր ու որդի գնում են Աբովյան փողոցի այն հատվածը, որտեղ սովորաբար կանգնում էր ծաղկավաճառը, և Կարաբալան դողդողացող ձեռքերով կրծքին է սեղմում փոքրիկ Լևոնին` իր կյանքի ամենաթանկ ու ամենագեղեցիկ ծաղիկը: Նա դեռ չգիտեր, որ երեխային տեսնում էր առաջին և վերջին անգամ: Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվ է նշվում 1965 թ.: Կա նաև այլ տարբերակ` 1970 թվականը, սակայն երկու դեպքում էլ դրանց հավաստի լինելը կասկած է հարուցում: Բանն այն է, որ պահպանվել է նրա մի լուսանկարը` արված 1972 թվին:
     Ահա այսպես, մարդը, որ եկել էր անհայտությունից, ապրեց ու գնաց նույն այդ անհայտությունը: Բայց ոչ մոռացումը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9577 | 0 | 0
Facebook