Loading...

Articles

Առողջ ապրելակերպի հիմունքները . ♣ .

K a rEN U-yAn
19:30, Tuesday, 27 November, 2012
Առողջ ապրելակերպի հիմունքները . ♣ .
     Սթրեսի վերահսկում
    
     Մեր առօրյա կյանքում մենք բոլորս ենթարկվում ենք տարբեր սթրեսների։ Սթրեսային վիճակները երբեք ընդմիշտ չեն վերանում։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել և վերահսկել իրենց զգացմունքները կամ իրենց առաջ դնում են անհասանելի նպատակներ, ավելի հակված են վնասակար սովորություններ ձեռք բերելու։ Ընդհանրապես, սթրեսային իրավիճակներից լրիվ խուսափել հնարավոր չէ, սակայն լավ ինքնատիրապետման շնորհիվ կարելի է որոշ չափով վերահսկել դրանց բացասական ազդեցությունն առողջության վրա։ Աշխատեք կյանքում կիրառել հետևյալ խորհուրդները՝
     - Զբաղվեք սիրելի գործով, որը ձեզ հաճույք է պարգևում։
     - Ձեր առջև դրեք հասանելի խնդիրներ և նպատակներ։ Անիրագործելի նպատակն ինքնին կարող է սթրեսների պատճառ դառնալ։
     - Խուսափեք կոֆեին կամ այլ հոգեխթանիչներ պարունակող սննդամթերքի (թեյ, սուրճ, որոշ զովացուցիչ ոչ ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ) և ցավազրկող դեղամիջոցների չարաշահումից։ Եթե արդեն ընտելացել եք դրանց մեծաքանակ ընդունմանը, գլխացավերից և այլ անհարմարություններից խուսափելու համար հրաժարվեք դրանցից աստիճանաբար։
     - Լարված պահերին կատարեք թուլացնող շնչառական վարժություններ։ Քթով խորը ներշնչեք և արտաշնչեք բերանով։ Կենտրոնացրեք ուշադրությունը շնչառության վրա, կրկնեք այդ վարժությունները 10 րոպե։
     - Զբաղվեք սպորտով։
     Սխալ ընդունվող և չարաշահվող նյութեր
    
     Առողջության վրա կործանարար ազդեցություն են ունենում որոշ նյութերի ընդունումն ու չարաշահումը։ Դրանք կարող են լուրջ հիվանդությունների կամ վնասակար սովորությունների պատճառ դառնալ։ Վնասակար սովորություններն առողջության համար վտանգավոր սովորություններ կամ մոլություններ են, օրինակ՝ ծխախոտամոլությունը, թմրամոլությունը, թունամոլությունը, հարբեցողությունը։ Այդ սովորությունները հիմնականում կապված են որևէ նյութի ընդունման հետ։ Սխալ ընդունվող և չարաշահվող նյութերը կարելի է բաժանել կախյալություն առաջացնողների և չառաջացնողների։ Որևէ նյութ անընդհատ ընդունելու ժամանակի ընթացքում սովորություն դարձած կարիքը կոչվում է կախյալություն: Այն լինում է հոգեբանական և ֆիզիկական։ Կախյալություն առաջացրած նյութի ընդունման ընդհատումը բերում է ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի՝ ժուժկալման։ Նման դեպքում անհատի մոտ լինում է անքնություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, գրգռված, ագրեսիվ կամ ճնշված վիճակ, ընդհուպ մինչև գիտակցության մթագնում և հոգեկան խանգարումներ։ Այս վիճակում գտնվող մարդիկ հաճախ անկառավարելի են, ցանկացած գնով ձգտում են ընդունել կախյալություն առաջացրած նյութը և կարող են վտանգավոր լինել շրջապատի համար։
     Կախյալություն առաջացնում են հոգեխթանիչները, քնաբերները, թմրադեղերը, ալկոհոլը, պատրանքածինները, լուծիչները և այլն։ Թմրանյութերի ցուցակը կախյալություն առաջացնող նյութերի՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կոմիտեի կողմից հաստատված ցանկն է։ Այս նյութերը սահմանվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի վրա թողած ազդեցության։ Որոշ նյութեր ընկճում Են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, մյուսները՝ խթանում։ Կան նյութեր, որոնք դժվար է դասակարգել իրենց թողած բազմաթիվ ազդեցությունների հետևանքով։ Սրանց որոշ մասը կիրառվում է բժշկության մեջ որպես դեղանյութեր։ Սակայն ճիշտ դեղաչափը չպահպանելու դեպքում այս դեղանյութերը ևս կարող են կախյալություն առաջացնել։ Դեղաչափը դեղի օգտագործվող քանակն է։ Կախված քանակից՝ դեղաչափը լինում է բուժիչ, թունավոր և մահացու։
     Կախյալություն չառաջացնող դեղերից ավելի հաճախ չարաշահվում կամ սխալ են օգտագործվում ցավազրկողները (ասպիրին, անալգին), լուծողականները, անտիբիոտիկները, հակաալերգիկ դեղանյութերը, անաբոլիկները, ստերոիդ հորմոնները և այլն։
    
     Աղբյուրը` Հայկական կարմիր խաչի ընկերություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8957 | 0 | 0
Facebook