Loading...

Articles

...Ու վերածնվեցի հայերեն

SH.
Author:
SH.
14:16, Saturday, 07 December, 2013

Երբեք չես կարող նկարագրել տարագիր դարձած մարդուն, ում ճակատագիրը տարել է հեռու մի անկյուն, որտեղ հեռու է իր հայրենիքից, իր տնից, իր ընտանիքից:

Տարիներ առաջ, երբ աղետը չոքեց հայրենիքիս դուռը, իմ աչքի առջև կործանվեց քաղաքս: Ապշահար նայում էի շուրջբոլորս. կարծես կանգնել էր կյանքը: Երբ սթափվեցի, խելագարի նման վազեցի տուն, որտեղ ընտանիքս էր՝ կինս, երեխաներս: Վազում էի ինքնամոռաց, հույսի ու հավատի տուրուտափով. քաոս էր: Մարդկային աչքեր, որոնք անթարթ նայում էին ինձ, օգնության ձեռք աղերսում: Հավիտենական թվացող ճանապարհս ավարտվեց, ավարտվեց այնտեղ, որտեղ իմաստազրկվում է սեփական գոյությունն ու մեռնում է կյանքի լույսը մարդկային հոգում:

Փորձեցի թերթել կյանքիս այս էջը… Թողնելով ամեն ինչ՝ վերջին անգամ այցելեցի ընտանիքիս, ծաղիկներ դրեցի նրանց շիրմաքարերին, արտասուքը սեղմելով հոգումս՝ հեռացա երկրից:

Օտարության մեջ ինձ ծանր օրեր էին սպասվում: Երբ չկա քեզ բռնող մի ձեռք, երբ չկան քեզ լսող ցավակից սրտեր, կյանքն էլ ավելի է դառնանում քեզ համար: Իմ պայքարում ինձ հույս էին տալիս այն աստղերը, որոնք հայտնվում էին երկնքում… Իմ զավակների աստղերը…

Տարիներ անցան: Ես ապրեցի օտարության մեջ՝ օտարանալով ինձնից ու իմ աշխարհից:

Մի անգամ, երբ վերադառնում էի աշխատանքից, հանկարծ ինչ-որ ձայն՝ որպես հեռավոր անցյալից շշուկների ամբողջություն, հասավ ականջիս, ու մարմնովս սարսուռ անցավ:

-Հայրի՜կ…

Ես շտապեցի օգնության հասնել նրան, ով իմ օգնության կարիքն ուներ: Փոքրիկն ընկել էր ճոճանակից ու չէր կարողանում բարձրանալ: Վազեցի… Չէի կարող ուշանալ երկրորդ անգամ… Մինչ ես ինքնամոռաց գրկել էի փոքրիկին, հայրը մոտեցել էր ու տարօրինակ ինձ էր նայում:

Հանդիպեցին երկու զույգ արցունքոտ աչքեր: Մի դեպքում մանկական անմեղ լացից ավելի վճիտ դարձած, մյուս դեպքում՝ տարիների վշտից կուրացած, օտարացած, բայց արդեն իրեն վերագտած ՀԱՅԻ աչքեր:

Ես լսեցի հայերեն… ու վերածնվեցի հայերեն…
    
     հեղինակ՝ Սեդա Մնացականյան


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2750 | 0 | 0
Facebook