Բաց նամակ՝ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին՝ Ջերմուկ քաղաքի մի երիտասարդ քաղաքացուհուց
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում մի շատ կարևոր և հրատապ հարցով՝ խնդրելով վերահսկել և արդարացի լուծում տալ այս պահին իմ և ընտանիքիս միակ սեփականություն հանդիսացող Ջերմուկի նախկին հանրախանութի սեփականության հարցով գործին:09.09.1997 թ.ին 19 աշխատող՝ այդ թվում և մայրս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության թիվ 6809 առաջարկով գնել էր պետության սեփականություն հանդիսացող Ջերմուկ ք.Շահումյան 3 հասցեում գտնվող հանրախանութի շենքը: Սակայն 1999թ.-ին՝ առանց սեփականության վկայականի (սեփականության գործընթացը դեռ չեր ավարտվել) հանրախանութի տնօրեն Հայրիկ Ստեփանյանը, կեղծելով կոլեկտիվի անդամների ստորագրությունները, հանրախանութի շենքը գրավ է դրել բանկում՝ վերցնելով վարկային գումար: Այդ պահին նա աշխատում էր նույն բանկում՝որպես վարկային բաժնի պետ:Այնուհետև, մտածված կերպով չի մարել վարկը, որպեսզի շենքը հանվի աճուրդի և շատ «պատահական» կերպով իր համակուրսեցի Տիգրան Պետրոսյանը գնի այն:10 տարի շարունակ դիմել ենք տարբեր դատական ատյանների, սակայն ոչ մի դրական արդյունք: Ս/թ նույն հարցով նորից դատավարություն է գնում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ մայրիկիս՝Վարդիթեր Աբգարյանի անունով՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին: Տեղի են ունեցել մի քանի նախնական լսումներ, որոնցից առաջ Տիգրան Պետրոսյանն ու իր փաստաբանը բացահայտ կերպով հայտարարել են, որ միևնույնն է, իրենք 10.000 ԱՄՆ դոլլարի չափով գումար կտան դատավորին և կշահեն դատը, եթե մենք դիմումը հետ չվերցնենք: Այս պահին գործը լսում է դատավոր Հենրիկ Դարբինյանը: Փաստորեն այսքան են գնահատվում այժմյան դատավորների խիղճն ու տարատեսակ վճիռները:Իրենց այս արարքներով այս անձիք հակասում են Ձեր՝ օրենքները վերահսկելու և անաչառ դատավորներ ունենալու խոստմանն ու պահանջին: Նրանք, իրենց ասածը հաստատել են, քանի որ այս վերջին նախնական քննարկման արդյունքում, դատավորն ընդունել է նրանց միջնորդությունը և մինչև վճիռ կայացնելը հայցի ապահովումով կատարել է ամբողջ պահանջի բավարարում՝մայրիկիս վտարել տվյալ տարածքից, արգելել կատարել առևտրային գործունեություն տվյալ տարածքում՝չնայած.որ նա իրականացնում է այն արդեն տարիներ շարունակ, բարեխիղճ կերպով վճարում է բոլոր հարկերն ու կոմունալ ծախսերը:Այժմ խանութը փակ է, քանի որ շղթայական կերպով իրար են հաջորդում անօրեն արարքները: Ես, լինելով ՀՀ քաղաքացի, ցանկություն չունեմ ապրելու նման անօրեն, հղփացած և ամենաթող երկրում, որտեղ հանգիստ կարող են ապրել Հայրիկ Ստեփանյանի նման հանցագործներ, Տիգրան Պետրոսյանի նման օդից հայտնված սեփականատերեր և 10.000 ԱՄՆ դոլլարով ծախված դատավորներ:Նշեմ նաև, որ Տիգրան Պետրոսյանի՝ շենքը գնելուց հետո, Հայրիկ Ստեփանյանը շարունակում է մնալ այդտեղ, իրականացնում է հյուրանոցային գործունեություն, չի ներկայանում դատերին և հանգիստ վայելում է իր եկամուտները: Խնդրանքս է, որ որպես ՀՀ նախագահ, վերահսկեք այս գործընթացը՝ օրենքի ուժով պատժելով մեղավորներին, հսկելով դատավորի գործողությունները: Դատական նիստը տեղի է ունենալու ս/թ հոկտեմբերի 25-ին: |