Loading...

Articles

Ինչու են խցանված դիվանագիտական խողովակները

18:34, Tuesday, 11 June, 2013
Ինչու են խցանված դիվանագիտական խողովակները
    
    

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայցով դիմել է միջազգային դատարան՝ այսպես կոչված ադրբեջանական օկուպացված տարածքների դիմաց հայկական կողմից փոխհատուցում ստանալու համար:

Տեղեկատվությունն առաջին անգամ տարածեց Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի նախագահ` ոմն Հասանովը:

Մենք սովոր ենք, երբ ադրբեջանական ապատեղեկատվական մեխանզիմներն ու պետական կառավարման օղակները, ընդհուպ մինչև նախագահ Ալիև, կատարյալ սուտ են տարածում:

Սակայն վերջին միջադեպը լուրջ ազդակ պետք է հանդիսանա բոլորիս համար, քանի որ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձևաչափով է սկսում աշխատել:

Տվյալ գործընթացը ղեկավարվում է անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ Հայաստանից ակնկալվող բռնագանձվող գումարը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 300 միլիարդ ԱՄՆ դոլար:

Նողկալի գործընթացը դառնում է ավելի գարշելի, երբ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտում է, որ ադրբեջանցին այնքան մեծահոգի էր, որ այս քայլին չէր գնում` սպասելով Հայկական կողմի Ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ գործողություններին:

Այս համատեքստում միաժամանակ արվեց ադրբեջանական քաղաքականությանը բնորոշ քայլ, երբ նավթային ընկերության նախագահը հայտարարեց, թե պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ադրբեջանական կողմին:

Հաշվի առնելով նման կեղտոտ, բայց լավ հաշվարկված դիվանագիտական քայլերը` արդյո՞ք մեր երկրի արտաքին գերատեսչությունն ադեկվատ քայլեր է ձեռնարկում կասեցնելու և միջազգային հարթակում պատասխան տալու ադրբեջանական գործընթացին, թե՞ ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում եղավ, երբ հայկական կողմն իմացավ արտահանձնման մասին միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր:

Ինչու՞ են խցանված դիվանագիտական խողովակներն ու ովքե՞ր են մեղավոր դրա համար:

Հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի միջազգային մարտահրավերներին արժանի հակահարված տալու և դիվանագիտական գրագետ քաղաքականություն վարելու համար:

Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությունը ժամանակին և ճիշտ քայլերով պատասխանի բոլոր այն միջազգային ազդակներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել մեր երկրի համար:

Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել, այլ ոչ` դրանց կողքից հետևելու և արդեն տեղի ունեցած փաստերին ընդամենն արձագանքելու:


    

ՀՀ ԱԺ պատգամավոր

Վահե Էնֆիաջյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3046 | 0 | 0
Facebook