Loading...
Օդնոկլասնիկի

Articles

Մայաների առասպելը մարդկանց արարելու երկու անհաջող փորձերի մասին

18:16, Saturday, 01 October, 2022
Մայաների առասպելը մարդկանց արարելու երկու անհաջող փորձերի մասին

Ամենասկզբում աշխարհն ամայի է եղել, և այնտեղ սաստիկ ցուրտն է ամենուրեք գերիշխել: Չե՛ն եղել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ թռչունները, . ո՛չ ձկները, ո՛չ էլ ծառերը…Միայն սառը ծովն է եղել՝ միայնակ ու խաղաղ ու մեկ էլ՝ երկնքի մեծ տարածությունը: Խավարում գոյություն են ունեցել միայն անշարժությունն ու լռությունը:

Բայց անեզր ջրերի խորքում բնակվել են արարիչները՝ կապույտ և կանաչ փետուրներով զարդարված Մեծ մայր Տեպեուն և Մեծ հայր Կուկումացը:

Մի անգամ Հուրականը՝ Երկնքի սիրտը (այդ է անեզր երկնքի անունը, և որը երեք էությունից է բաղկացած) որոշում է խոսել ծովում թաքնված Աստվածների հետ: Նրանք երեքով հանդիպեցին խավարում, գիշերը և սկսեցին խոսել: Եվ միահյուսվեցին նրանց բառերն ու մտքերը, և դրանք համահունչ էին: Աստվածներին պարզ դարձավ, որ որ աշխարհն արարելու ժամանակն է: Խորհրդածեցին աստվածներն այն մասին, թե ինչ պետք է արվի, որ լույս ու այգաբաց լինի:

-Թո՛ղ լցվի դատարկությունը, - բացականչեցին Աստվածները: - Թո՛ղ ջրերը քաշվեն և թո՛ղ հայտնվի երկիրն ու ամուր լինի: Թո՛ղ լույս լինի, թո՛ղ այգաբաց լինի երկնքում և երկրի վրա:

Արարեցին Աստվածներն աշխարհը, բայց իրենցից բացի ոչ մեկը չկար, որ նրանց հետ միասին ուրախանար, չկար մեկը, որ խոնարհվեր Արարչի ուժի ու մեծության առջև: Եվ Աստվածները որոշեցին, որ եկել է մարդ արարելու ժամանակը: Բայց մարդը պիտի ապրելու տեղ ունենար ու ինչ-որ բանով սնվեր: Այդժամ Աստվածները ստեղծեցին երկիրը:

-Երկի՛ր, - բացականչեցին Ասվածները, և նույն պահին, մառախուղի կամ ամպի կամ էլ ջրի փոշու նման հայտնվեց երկիրը: Ջրերից բարձրացան հզոր լեռները, դրանց մեջ ծլեցին առաջին շիվերը, և շուտով կանաչ հագան անտառներն ու պուրակները: Բլուրների միջակայքերով հոսեցին գետերը, աղմկեցին լեռներում ծնված արագահոս վտակները:

Աստվածների սիրտը երգեց ուրախությունից, քանի որ իմաստուն եղավ աշխարհը կյանքով լցնել ցանկացող Հուրականը: Երկիրն արարվեց ու պտղաբեր եղավ, իսկ այդ փառահեղության Արարիչները եղել են Երկնքի սիրտ Մայրն ու Հայրը և ծովի խորքերից եկած Երկնքի սիրտը: Աստվածներն ստեղծեցին վայրի մանր կենդանիներին, անտառային մարդուկներին, լեռների ոգիներին, եղնիկներին, թռչուններին, յագուարներին, զեռուններին, օձերին, եքիդնաներին, անտառային բացատների պահապաններին: Բայց Մեծ մայրն ու Մեծ հայրը հարցրեցին. «Մի՞թե միայն լռությունն է լինելու ծառերի տակ: Լավ կլինի, որ ապագայում մեկը լինի այնտեղ, որպեսզի պահպանի դրանք»: Այդժամ Աստվածները ստեղծեցին եղնիկին, որպեսզի դեգերի ծառերի ու խոտերի միջև, և՝ թռչուններին, որպեսզի ծառերի ճյուղերին իրենց բներն հյուսեն: Ծլվլացին, մռնչացին ու խշխշացին Երկրի բնակիչները, բայց նրանցից ոչ մեկն ունակ չէր բառեր արտաբերել ու փառաբանել իրենց Արարողներին: Դա Աստվածներին դուր չեկավ, և արարչագործության պտուղը զոհաբերվեց, և երկրի վրա եղած բոլոր կենդանիները դատապարտվեցին այն բանին, որ նրանց սպանեն և ուտեն:

-Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի երկրից մեզ կանչեն, որպեսզի երկրում մեզ հիշեն, - մեկմեկու հարցրեցին Աստվածները: - Գուցե պետք է հնազանդ, հարգանքով լեցուն արարածնե՞ր ստեղծել, որպեսզի նրանք կերակրեն մեզ:

Եվ աստվածները կավից մարդ ծեփեցին, բայց նրա միսն այնքան փափուկ էր ու թույլ, որ ջրում կակղում էր, ու մարդը չէր կարողանում ինքնուրույն շարժվել: Զննեցին Աստվածներն իրենց զավակին ու էլ ավելի ուժգին վշտացան, քանի որ մոտենում էր Առաջին Արշալույսի ժամանակը, իսկ նրանք դեռ չէին կարողացել մարդուն արարել:

Աստվածները փշրում են կավե մարդուկին, որը չէր կարողանում ո՛չ քայլել, ո՛չ բազմանալ ու, ամենակարևորը, չէր կարող երկրպագել ու աղոթել Արարիչներին: Եվ Աստվածները պայծառատեսներին հարցրին, որպեսզի նրանք օգնեն իրենց նոր արարած ստեղծել, այնպիսի արարածներ, որոնք կարողանան կերակրել աստվածներին, կանչել նրանց ու հիշել նրանց:

Ծերերը խնդրեցին, որ արարվող մարդիկ իրենց էլ մեծարեն և ասացին Աստվածներին. «Վիճա՛կ գցեք, ո՜վ Մայր և Հայր: Նետեք եգիպտացորենի և ցիտեի հատիկները, իսկ մենք այդժամ կորեշենք, թե դուք ինչ անեք…»:

Ծերերը հետևեցին գուշակության հատիկների ընկնելուն և պատասխանեցին Աստվածներին.

-Ձեր մարդուկները, որոնց դուք ուզում եք պատրաստել փայտից, երկրի վրա խոսելու են:

Եվ նույն պահին փայտից պատկերներ ստեղծվեցին.տղամարդուն ստեղծեցին ցիտեի (կուրացնող ծառ կամ ագալոշա) փայտից, իսկ կնոջը՝ եղեգնի միջուկից: Նրանք նման էին մարդկանց, բայց նրանց դեմքերը ոչ մի զգացմունք չէին արտահայտում, իսկ ձեռքերն ու ոտքերը չափազանց թույլ էին, որովհետև նրանց մարմնով արյուն չէր հոսում: Փայտակերտ մարդիկ աննպատակ դեգերեցին երկրի վրա և բազմացան՝ ծնելով իրենց նմաններին: Բայց փայտե մարդիկ ո՛չ հոգի ունեին, ո՛չ խելք և չէին հիշում իրենց Արարչագործուհուն և Արարչին:

Աստվածներն ստիպված եղան նորից ոչնչացնել իրենց արարումները: Երկնքի սիրտը մեծ ջրհեղեղ արեց, որը կործանեց բոլոր փայտաշեն արարածներին: Թանձր խեժը թափվեց երկնքից, և ոգիները կտրեցին նրանց գլուխները, հանեցին նրանց աչքերը, խժռեցին նրանց մարմինները, քանի որ նրանք իրապես կենդանի չէին եղել, և նրանց մտքերը չէին հասնում ո՛չ Մորը, ո՛չ Հորը:

Մթագնեց երկրի դեմքը, և սկսեց սև անձրև տեղալ. հեղեղ էր ցերեկը, հեղեղ էր գիշերը: Այդժամ իրար մոտեցան բոլորը՝ և՛ կենդանիները, և՛ ծառերը, և՛ ժայռերը, նույնիսկ կահկարասին, որոնցից օգտվում էին փայտե մարդիկ: Իսկ ուտելիքներըը, որ մարդիկ ուտում էին, սկսեցին խփել նրանց երեսներին:

-Դուք մեզ շատ վատ բաներ արեցիք, դուք կերաք մեզ, և հիմա մենք կսպանենք ձեզ, - ասացին նրանց իրենց շներն ու տնային թռչունները:

Իսկ երկանքներն ասացին. «Դուք մեզ տանջել, չարչարել եք ամեն օր, ամեն օր՝ գիշեր ու ցերեկ: Բայց հիմա դուք՝ մարդիկդ, վերջապես կզգաք մեր ուժը: Մենք կաղանք ձեզ և ձեր միսը կտոր-կտոր կանենք»:

Մարդիկ ոչ մի տեղ չկարողացան փրկություն գտնել.և՛ ժայռերը, և՛ ծառերը նրանց ապաստան ու կացարան չտվեցին, փակեցին իրենց քարանձավների մուտքերը, ծառերը նրանց իրենց հզոր ճյուղերով նրանց դեն նետեցին: Այդպես ավարտվեց մարդկանց երկրորդ կործանումը: Ասում են, թե քչերը կարողացան փրկվել, և դրանցից առաջացան կապիկները:

Նկարում՝ մայաների աստվածների և կիսաաստվածների տոհմածառը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
413 | 0 | 0
Facebook