Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կորչի՛ կեղծարարների բանդան: Մենք կարող ենք հաղթել միայն միասնաբար՝ քվեարկությանը մասնակցելու միջոցով

21:33, հինգշաբթի, 02 մայիսի, 2013 թ.
Կորչի՛ կեղծարարների բանդան: Մենք կարող ենք հաղթել միայն միասնաբար՝ քվեարկությանը մասնակցելու միջոցով
     «Կորչի՛ կեղծարարների բանդան: Մենք կարող ենք հաղթել միայն միասնաբար՝ քվեարկությանը մասնակցելու միջոցով», - այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
    
     Զոհրաբյանը երևանցիներին կոչ արեց առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու հայտարարեց. «Այսպես շարունակել այլևս չի կարելի, մենք մեր երկիրը կորցնում ենք, կանգնած ենք թշնամու առաջ: Ազգային վիճակագրական ծառայությունը երեք օր առաջ հրապարակեց հերթական թվերը: Հայաստանի տնտեսական աճը 7.2 տոկոս է կազմել, դա նշանակում է, որ Հայաստանն աշխարհի զարգացած երկրների առաջին եռյակում է: Այդ ինչպե՞ս է պատահում, որ հայն արտագաղթում է, եթե զարգացած Հայաստանում է ապրում: Երկիրը հասցված է սոցիալ տնտեսական անդունդի: Տնտեսական այս թիմը կառավարության գլխավորությամբ երկիրը հասցրել է փակուղի: Մենք ունենք հնարավորություն՝ նոր էջ բացելու Երևանի պատմության մեջ, մենք վճռորոշ ընտրության առաջ ենք կանգնած: Բավական է ժողովրդին կերակրեն կեղծ թվերով, մանիպուլյացիաներով, ժողովո՛ւրդ, մենք ձեր ձայներին տեր ենք կանգնելու, մենք ասում ենք՝ երբեք ձեզ կեղծ խոստում չենք տվել, Հայաստանը վերադարձնելու ենք հայաստանցուն, Երևանը վերադարձնելու ենք երևանցուն, հաղթանակ ձեզ, հաղթանակ մեզ բոլորիս»:
    
     ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Հիմա, երբ ընտրարշավը հասել է ավարտին, ես կցանկանայի ամփոփել այս ընտրապայքարի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած գաղափարական գլխավոր ուղերձները:
    
     1. Սա քաղաքական նշանակության ընտրություն է: Երբ ԲՀԿ-ն առանձին կամ ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցությամբ քաղաքի իշխանությունը վերցնի, քաղաքական համակարգում կստեղծվի լրջագույն քաղաքական հակակշիռ, որը և կլինի հանրապետությունում խորքային, համակարգային փոփոխությունների սկիզբը:
    
     2. Ինչու չէ, Երևանի ավագանու ընտրությունները նաև տնտեսական նշանակության ունեցող ընտրություններ են: Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ՝ թելադրողի: Պատկերավոր կերպով ասած` Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է:
    
     3. ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում առաջին հերթին փոխելու ենք քաղաքի կառավարման փիլիսոփայությունն ու մոտեցումները: Երևանի բյուջեից կորուստներն ու մսխումները շատ են, իսկ իրենք նվազագույնի կհասցնեն այդ կորուստները:
    
     ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր ելույթում կոչ արեց, որ ժողովուրդը մոռանա արտագաղթի ճանապարհը: Նրա խոսքով, քաղաքում պետք է լինի մրցակցություն, աշխատանքի պայմաններորպեսզի մարդիկ չմտածեն արտագաղթի մասին. «Այո, մենք պատրաստակամ ենք, ունենք հզոր քաղաքական թիմ, կարող ենք իրականացնել այն ամենը, ինչ պետք է մեր քաղաքին, մեր երկրին, բայց մենք միայնակ չենք կարող անել դա՝ միասին պետք է լինենք»:
    
     ԲՀԿ ղեկավարը նաեւ կոչ արեց չվախենալ ընտրություններին մասնակցել եւ քվեարկել խղճի թելադրանքով. «Դրանք ամենավախկոտ ու թույլ մարդիկ են, ովքեր վախենում են, որ ձայն չեն հավաքի ու իրենց պաշտոնից կզրկվեն, բայց պաշտոնից հեռացնելուց նրանց բարև տվող չի լինելու»:
    
     «Ինչ որ ասել ենք, մենք մեր ասածի տերն ենք լինելու, ես ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունեմ, ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնելու, եթե քաղաքապետը, թաղապետը հղփանա, աշխատանքից հեռացվելու է: Բոլոր խնդիրները լուծվելու են, Երևանում չկա անլուծելի խնդիր: Քաղաքային իշխանություններն իրենց հոր սեփականությունը չեն: Այո, ունենք խոշոր քաղաքական թիմ, բայց մենք մենակ չենք կարող, մենք պետք է միասին դարձնենք մեր ժողովրդի կյանքը բարգավաճ, որ մենք ունենանք հզոր, բարեկեցիկ կյանք:
    
     Ես իմ խոսքը պահել եմ, ձեր հարգանքն ու վստահությունը չեմ կորցնելու: Երևանում չկա չլուծվող խնդիր, բոլորը լուծելի են, միայն հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ մարդիկ: Ունենք ուժեղ քաղաքական թիմ ու կարող ենք այդ բոլորն իրականացնել, բայց միասին պետք է լինենք: Մեր հայը արտագաղթի ճանապարհը պիտի մոռանա: Պիտի կարողանանք միասնական, համախմբված ու կողք կողքի լինել: Մեր երկրում պետք է արդարություն լինի, մրցակցություն, որ ամեն մարդ կարողանա աշխատել և իր ընտանքիը պահել։
    
     Ես օդի մեջ խոսքեր չեմ ասում, ինձ ճիշտ հասկացե՛ք... Պետք է լինի մրցակցություն, պայման և հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա աշխատել և պահել իր ընտանիքը:
    
     Մենք գնում ենք հաղթանակի», - հայտարարեց Ծառուկյանն ու հանրահավաքին մասնակից ժողովրդի հետ միասին երթով շաչժվեց դեպի Հանրապետության հրապարակ:
    
     Zham.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4429 | 0 | 0
Facebook