Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Տոնոյանը Մոսկվայում խոսում էր «հաղթող պետության և անվտանգային պատասխանատու սուբյեկտի դիրքերից»

Blog About Everything
Մամուլի խոսնակ`
Blog About Everything
13:07, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Տոնոյանը Մոսկվայում խոսում էր «հաղթող պետության և անվտանգային պատասխանատու սուբյեկտի դիրքերից»
    
    

Անընդունելի են տարածաշրջանային հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը: Այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի իր ելույթում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ակնհայտորեն ակնարկելով Թուրքիային։

«Մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կոնֆլիկտային մեծ ներուժ ունի: Վերջին ժամանակներս տարածաշրջանում նկատվում է տարաձայնությունների սրում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է», - հայտարարել է Տոնոյանը՝ շարունակելով. - «Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի են ռազմատենչ հռետորաբանությունն ու այդ հակամարտություններում նոր պետություններ ներքաշելու փորձերը՝ իրավիճակի հետագա սրմամբ» ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը սա ռեգիոնալ անվտանգության պատասխանատու սուբյեկտի ելույթ է համարում։ Նա հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանն ընդլայնում է իր անվտանգային շահերն ու հետաքրքրությունները։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ
     Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ
     «Կարծում եմ՝ արվեցին էական ընդգծումներ, մասնավորապես՝ Թուրքիայի որոշակի ապակառուցողական դերակատարման իմաստով, իհարկե՝ ոչ անմիջապես տալով Թուրքիայի անունը, բայց շատ թափանցիկ ակնարկով», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը՝ շարունակելով. - «Եվ բացի դրանից շատ առանցքային է այն, որ պաշտպանության նախարարը ընդգծեց Հայաստանի անվտանգային շահերի և հետաքրքրությունների սահմանը, որը ամենևին չի սահմանափակվում միայն Կովկասով: Նշվեց, որ մենք դիտարկում ենք դա մինչև Կենտրոնական Ասիա և ընդհուպ նաև մինչև Միջերկրածովյան շրջան, որտեղ մենք գիտենք ռեգիոններ, որոնք ևս թուրքական ագրեսիվ քաղաքականության տիրույթում են, և էդ քաղաքականությունը էապես առնչվում է մեր անվտանգային շահերին»:

Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը իր ելույթում Տոնոյանը կարևորագույն զսպող գործոն էր համարել, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը: Օրերս հենց «Ազատության» եթերում էր նախարարըհայտարարել, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում շատ մեծ դինամիկա կա, իսկ օդուժի մասով այդ համագործակցությունն աննախադեպ էր որակել։

Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը այս ամբիոնից չբարձրաձայնեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումների ժամանակ ՀԱՊԿ-ի, որոշ գնահատականներով՝ ոչ համարժեք արձագանքի հարցը։ Բադալյանը վստահ է՝ նման շեշտադրումները պետք է արվեն նեղ շրջանակում:

«Եթե մենք էական արդյունք, իրական փոփոխություն այդ պահին չենք ստանալու ՀԱՊԿ վարքագծում, ապա, կարծում եմ, անիմաստ է բավական լայն ֆորմատներում դիտարկել այս հարցը: Ի վերջո, Մոսկվայի այդ համատեղ մեծ նիստում, որտեղ, էլի կրկնեմ Շանհայի գործակցության կազմակերպության ձևաչափի կարևորությունը, Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում էր փաստացի հաղթող պետության և անվտանգային պատասխանատու սուբյեկտի դիրքերից, և այդ հաղթանակի դիրքը ապահովված էր, բնականաբար, Տավուշում, տավուշյան մարտերում Հայկական բանակի արձանագրած արդյունքով», - շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Նիստին հաջորդած հարցազրույցում Դավիթ Տոնոյանը տեղեկացնում է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկու խոշոր զորավարժությունների մասին, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի Զինված ուժերը։
    
    
    
     Տեսանյութը դիտեք այստեղ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1303 | 0 | 0
Facebook
COMMENT.am