Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

Արտասահմանյան հումոր նորկտակարանային թեմաներով

20:03, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Արտասահմանյան հումոր նորկտակարանային թեմաներով

Երեխան շարունակ ցածր գնահատականներ է ստանում «Մաթեմատիկա» առարկայից, և ծնողները ստիպված են լինում նրան տեղափոխել լավ համբավ ունեցող կաթոլիկական դպրոց:

Մի քանի ամիս անց ծնողները զարմանքով և ուրախությամբ բացահայտում են, որ իրենց որդին գրեթե կատարյալ առաջադիմություն է դրսևորել բոլոր առարկաներից: Նրանք երեխայից հարցնում են պատճառը և հետևյալ պատասխանն են ստանում.

-Անկեղծ ասեմ, երբ ես մտա քոլեջի մատուռ ու այնտեղ տեսա խաչին գամված մի խեղճ մարդու, անմիջապես հասկացա, որ այս նոր դպրոցի ուսուցիչները չեն կատակում և սպառնալիքներն իրականացնում են:

*****

Սեփական ավտոմեքենայով ուխտագնացությունից վերադարձած քահանային մաքսակետում հարցնում են.

-Չհայտարարագրված որևէ ապրանք կա՞ բեռնախցիկում:

-Ես ուխտատեղիից եմ վերադառնում, և այնտեղից միայն սուրբ ջուր եմ բերել, - պատասխանում է քահանան:

-Հայր սուրբ, այնուամենայնիվ, բացեք, խնդրում եմ, մեքենայի բեռնախցիկը, - ասում է մաքսավորը:

Քահանան հնազանդվում և բացում է տարատեսակ ոգելից խմիչքներով բերնեբերան լի բեռնախցիկը, ապա ձեռքերը երկինք է հառում ու ջերմեռանդորեն բացականչում է.

-Օ՜ հրաշք: Ամենակարող Քրիստոսը նորից, ինչպես Կանայում, ջուրը գինի է դարձրել:

*****

Մի մարդ, երբ մահանալուց հետո հայտնվում է երկնքում, որպեսզի դատվի, Պետրոս առաքյալը նրան ասում է.

-Երկրի վրա ձեր ապրած կյանքն այնքան էլ արգահատելի չի եղել. մի քանի անգամ ամուսնական անհավատարմություն, հայհոյանքներ, հազվադեպ մասնակցություն պատարագներին…Ես չեմ կարող ձեզ թույլ տալ, որ դրախտ մտնեք, բայց քանի որ ոչ մի ծանր մեղք չեք գործել ու քանի որ դուք սահմանին եք մահացել, ձեզ եմ թողնում գերմանական կամ ֆրանսիական դժոխք մտնելու ընտրությունը:

-Բայց, սուրբ Պողոս, ես երկուսի մասին էլ ոչինչ չգիտեմ: Խնդրում եմ, գոնե մի քանի տեղեկություն հաղորդեք դրանց մասին:

-Դե լավ, ուրեմն լսիր. գերմանական դժոխքում ձեզ գցելու են ջրիկ թրիքով լի մեծ կաթսայի մեջ, անասելի չար ու գարշահոտ արձակող թզուկները փայտ են գցելու կաթսայի տակ, վիշապը վառելու է փայտերը, և դուք ամբողջ օրը եփվելու եք: Եվ այսպես լինելու է ամեն օր:

-Իսկ ֆրանսիկա՞ն դժոխքը, - հարցնում է հանգուցյալը:

-Ֆրանսիական դժոխքում ձեզ գցելու են ջրիկ թրիքով լի մեծ կաթսայի մեջ, անասելի չար ու գարշահոտ արձակող թզուկները փայտ են գցելու կաթսայի տակ, վիշապը վառելու է փայտերը, և դուք ամբողջ օրը եփվելու եք: Եվ այսպես լինելու է ամեն օր:

-Սուրբ Պողոս, բայց երկուսն էլ բացարձակորեն նույնն են:

-Ո՛չ, ո՛չ, ամենևին էլ նույնը չեն. ֆրանսիական դժոխքում թզուկները մի օր գործադուլ են անում, մի օր վառելափայտ չի տրամադրվում, մի օր վիշապը տեղում չէ, մի օր կաթսա չի լինում, մի օր վիշապն հիվանդանում է, մի օր ջրիկ գոմաղբի պատվեր տված չեն լինում…

*****

Մի մարդ, ցանկանալով Սուրբ երկրում անցկացնել արձակուրդը, կնոջ հետ մեկնում է Երուսաղեմ: Բայց այցելության ընթացքում կինը մահանում է: Թաղման գործակալության տնօրենն ամուսնուն ասում է.

-Եթե ցանկանում եք ձեր կնոջ մարմինը ձեր երկիր տանել, պիտի 5000 եվրո վճարեք, իսկ եթե ուզում եք այստեղ՝ Սուրբ երկրում թաղել, ապա պիտի 150 եվրո վճարեք:

Մարդը մտորում է ու պատասխանում, թե ուզում է կնոջ դին իր երկիր տեղափոխել:

Թաղման գործակալության զարմացած տնօրենը նրան հարցնում է.

-Ինչո՞ւ եք 5000 եվրո վճարում ձեր կնոջ մարմինը տեղափոխելու համար, երբ ավելի լավ կլինի նրան այստեղ՝ ընդամենը 150 եվրոյով թաղել:

Հանգուցյալի ամուսինը պատասխանում է.

-Մոտ երկու հազար տարի առաջ այստեղ՝ Երուսաղեմում, մի մարդ է մահացել, նրան այստեղ թաղել են, բայց երեք օր անց նա հարություն է առել: Ես չեմ ուզում այդ ռիսկին ենթարկվել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1685 | 0 | 0
Facebook
COMMENT.am