Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն մասին, թե ինչպես է Վասպուրականը հանձնվել Բյուզանդիային

19:39, կիրակի, 01 մարտի, 2020 թ.
Այն մասին, թե ինչպես է Վասպուրականը հանձնվել Բյուզանդիային

1000 թվականին աշխարհի կործանումը կանխատեսող խավարամիտների բարձրացրած վայնասունի հենքը մի կեղծ գրություն է եղել, որը վերագրվել է Ներսես կաթողիկոսին և որում նկարագրվել է Հայոց աշխարհի, հայոց թագավորության կործանումը արևելքից եկած դժնադեմ և անողոք ազգերի կողմից: Ինքն իրեն համոզելով, թե այդ ազգերը հենց այն թուրքերն են, որոնց հետ բախվել են Շապուհ սպարապետն ու իր Դավիթ որդին, Սենեքերիմ թագավորը փրկություն է փնտրոմ և այն գտնում է Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլի մեջ: Նա որոշում է Վասպուրականը հանձնել Բյուզանդիային և փոխարենը հողեր ստանալ կայսրության խորքերում ու հանգիստ ապրել:


    

Մատթեոս Ոռհայեցին գրում է.

«Հունաց Վասիլ կայսեր օրոք և հայոց 452 թվականին (1003-ի մատի 21 – 1004-ի մարտի 19) երկնքում երևաց հրատեսիլ մի աստղ՝ վկան մարդկության վրա աստծո ցասման և աշխարհի կործանման: Բովանդակ երկրում ուժեղ երկրաշարժ եղավ՝ այն աստիճան, որ շատերը կարծեցին, թե աշխարհի վերջին օրն է եկել: Ինչպես ջրհեղեղի ժամանակ, բոլոր արարածներն ընկան ահ ու դողի մեջ: Աստծու ցասման ահարկու ձայնից շատերը տեղն ու տեղը մեռան: Այնուհետև երկրի վրա խուժեց «խովիկ» կոչվող հիվանդությունը, որն ամայացրեց բազում գավառներ. այն հասավ մինչև Սեբաստիա: Ախտանշանները մարմնի վրա հաստակ երևում էին, և հիվանդությունն այնքան ծանր էր, որ մարդիկ չէին հասցնում խոստովանել իրենց մեղքերն ու հաղորդություն ստանալ: Երկրի երեսից նվազեցին մարդիկ և անասունները, իսկ ողջ մնացած չորքոտանիները անտերունչ թափառում էին դաշտերում»:

«...Նրանք գնացին Ոստան քաղաքը և Սենեքերիմ թագավորին պատմեցին այլազգիների արտաքինի մասին: Սենեքերիմը, լսելով դա, շատ ազդվեց. նա ո՛չ կերավ, ո՛չ խմեց, այլ, տրտմությամբ լի մտքերի մեջ խորասուզված, ամբողջ գիշերն անքուն անցկացրեց: Նա նստեց, քննության ենթարկեց ժամանակագրությունները, աստվածախոս մարգարեների, սուրբ վարդապետների ասույթները և գրքերում գրված գտավ զինվորների և զորականների հանդես գալու ժամանակի մասին, նրա համար պարզ դարձավ, որ ողջ երկիրը կորստյան ու ավերի է ենթակա: Նա գրքերում գտավ գրված, թե «Այն ժամանակ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ են փախչելու և երկրի վրա հանգիստ չեն գտնելու, որովհետև դաշտերն ու լեռները արյամբ են ողողվելու»: Ապա և Եսայի մարգարեի ասույթը, թե «Նրանց ձիերի սմբակներն ամուր են»: Այն ժամանակ Սենեքերիմը որոշեց իր հայրենի երկիրը տալ հույների Վասիլ արքային ու փոխարենը ստանալ Սեբաստիան, և անմիջապես նամակ գրեց կայսրին: Վասիլ կայսրը, տեղեկանալով այդ մասին, գոհ մնաց ու նրան տվեց Սեբասիան: Եվ Սենեքերիմը տվեց Վասպուրական երկիրը՝ 72 թեմաբերդ և 4400 գյուղ, բայց վանքերը՝ 115 վանք, չտվեց, այլ պահեց, որպեսզի իր համար աղոթեն: Այդ բոլորը նա գրավոր հանձնեց Վասիլին: Վասիլ կայսրը դիմեց Սենեքերիմին, որպեսզի նա թագավորական հանդիսավորությամբ իր մոտ ուղարկի: Սենեքերիմն իր որդուն ուղարկեց, նրա հետ նաև ազատների որդիներին և տեր Եղիշե եպիսկոպոսին, գանձերով և զանազան իրերով բարձված բեռնակիր 300 ջորի և 1000 արաբական ձի: Ահա այսպիսի հանդիսավորությամբ Դավիթը մուտք գործեց Կոստանդնուպոլիս: Քաղաքը դղրդաց, բոլորը դուրս եկան նրան ընդառաջ, զարդարեցին փողոցներն ու պալատները, և Դավթի վրա բազում դրամ ցրիվ տվին: Վասիլ կայսրը, տեսնելով Դավթին, շատ ուրախացավ, տարավ Սուրբ Սոֆիա տաճար և որդեգրեց նրան: Բոլորը պատվում էին Դավթին որպես կայսերորդի: Կայսրը, տալով նրան բազում նվերներ, ուղարկեց հոր մոտ, որին տվեց Սեբաստիան՝ բազմաթիվ գավառներով հանդերձ: Սենեքերիմն իր ամբողջ ընտանիքով և ռամիկներով եկավ Սեբաստիա: Հայոց երկիրը թագավորներից ու իշխաններից անտերացավ»:

Ցավոք, շատ միակողմանի ու միամիտ է իրադարձությունների այս լուսաբանությունը, և մեր աղբյուրների տված գլխավոր պատճառաբանությունը շատ խախուտ է: Որքան էլ սարսափազդու լիներ սելջուկյան թուրքերի այս թեթևակի հարվածը Վասպուրականին, որքան էլ նախապաշարված ու վախկոտ լիներ Սենեքերիմ թագավորը, բայց փաստ է, որ 1019 թվականից հետո երկար ժամանակ սելջուկ թուրքերը Վասպուրականում չհայտնվեցին, և հետևաբար, անկարելի է եզրակացնել, որ այդ միակ ու առանձնապես մեծ ավերածություններ չառաջացրած ներխուժումը բավական էր, որ երկու տարի անց երկիրը բյուզանդացիներին հանձնելու բանակցությունների միակ առիթը դառնար: Հայ ժամանակագիրներն աշխատել են արդարացնել այն թագավորներին ու իշխաններին, որոնք կամովին կամ, գուցե, ակամա զոհ գնացին Վասիլ 2-րդի նվաճողական քաղաքականությանը: Այն, ինչ տեղի էր ունենում Վասպուրականում, նախորոշվել էր դեռ այն ժամանակ, երբ Տայքի Դավիթ կուրապաղատն ստիպված է լինում իր երկիրը Բյուզանդիային կտակել: 1003 թվականին այս կտակն ի կատար ածելուց հետո հերթը հասնում է Բյուզանդիայի արևելյան սահմանին շղթա կազմած հայոց մյուս կիսաանկախ թագավորություններին: Վասիլ կայսրը Դավիթ կյուրապաղատի ժառանգության յուրացմամբ սկիզբ է դնում այն քաղաքականությանը, որին հետզհետե պիտի կուլ գնային հայոց գավառական պետականությունները: Եվ առիթը նրան ընծայում է Աբխազների փոքրիկ թագավորությունում սկսված ապստամբությունը: 1021 թվականին կայսրն անձամբ է գլխավորում ապստամբության ճնշման գործը, և հենց այդ ժամանակ էլ սկսվում են բանակցությունները նրա և Սենեքերիմի միջև: Թերևս այն պատճառով, որ Վասիլը ծագումով հայ էր և բարեկամական հարաբերություններ ուներ Սենեքերիմի հետ, Վասպուրականի բռնի ուժով չկցվեց կայսրությանը: Վասպուրականը ոչ թե խլվում էր իր տիրոջից, այլ դառնում էր փոխանակության առարկա: Խնդրողը, ձևական առոմով, Սենեքերիմն էր: Դրա համար էին նրան որպես արդարացում տվել Ներսես Մեծի «գուշակությունը» և կրոնական այլ «զորավոր» ապացույցներ: Թովմա Արծրունի պամիչի Շարունակողն ասում է, թե Սենեքերիմը Վասպուրականից հեռանալու վճիռն ընդունել է՝ հենվելով Հիսուսի այն խոսքի վրա, թե «եթե ձեզ այս քաղաքում հալածեն, փախիր մյուս քաղաքը»:

Եվ Սենեքերիմի որդի Դավիթը չէր կարող կայսրի հետ բանակցություններ վարելու համար Կոստանդնուպոլիս գնալ, քանի որ Վասիլն այդ ժամանակ այնտեղ չէր: Նա Տրապիզոնում էր և այստեղ էլ ընդունել է Դավթին սիրալիր մեծարանքներով: Այդ միջոցին այս նույն Տրապիզոնում վճռվում էր Անիի բախտը: Հենց այստեղ էլ կայսրը համաձայնում է Սենեքերիմին տալ Սեբաստիան իր գավառներով:

1021 թվականին ամբողջ Վասպուրականը ներկայացրել է կամավոր արտագաղթի մի այնպիսի տեսարան, որի նմանը հայ ժողովուրդը չէր տեսել: Մինչ այդ եղել էին բռնի տեղահանություններ, որոնք տեղի էին ունեցել Բյուզանդիայի Չմշկիկ և Վասիլ 2-րդ կայսրների հրամանով: Մինչև այդ էլ Հայոց աշխարհից հայ գաղթականությունն անընդհատ է եղել: Գաղթել են հոժարակամ, փոքրիկ խմբերով՝ դրդված առևտրական օգտավետությամբ, զինվորական ծառայության հրապույրներով, ու տասնամյակների ընթացքում հայ գաղթականությունը Սիրիայի արևմտյան կողմերում և Կիլիկիայում այնքան է ավելացել, որ Գագիկ 1-ինի ժամանակ Խաչիկ կաթողիկոսն առանձին եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Անտիոք և Տարսոն քաղաքներում: Արդ, չնայած Հայոց աշխարն արդեն սովորած էր գաղթականությանը, այնուամենայնիվ Սենեքերիմ թագավորի գլխավորած արտագաղթը բոլորովին նոր երևույթ էր, որովհետև գաղթում էր երկրի կազմակերպված իշխանությունը, որպեսզի իր հայրենիքը հանձնի օտարին: Իշխանությունն իր հետ տանում էր ժողովրդի մի ստվար զանգվածի: Սենեքերիմի հետ էին նրա չորս որդիները և Վասպուրականի ազնվականության մի ստվար մասը: Իսկ թագավորի և ազնվականների հպատակ ռամիկների թիվը 14 հազար է եղել՝ չհաշված հանանց ու երեխաներին: Այնպես որ Սեբաստիա է տեղափոխվել առնվազն 30 հազար մարդ:

Վասպուրականը դառնում է Բյուզանդական կայսրության ասիական թեմերից մեկը: Այս նոր թեմում բյուզանդացիների տիրապետության տակ է անցնում, ըստ ժամանակագիր Սամվել Անեցու, 72 բերդ, ութ քաղաք, 400 գյուղ, 115 վանք:

Այս գաղթն աղետալի էր ոչ միայն այն պատճառով, որ երկրից հեռացան թագավորն ու ազնվականները, այլ այն պատճառով, որ երկրում նվազեց հայ բնակչության թիվը և, ի հետևանս, ավելացավ օտար տարրը՝ հիմնականում քրդական ցեղերը: Դրա հետևանքով հիշյալ ժամանակաշրջանում գրեթե օտարաբնակ էին դարձել Դվին ու Գողթնը, Խլաթը, Մանազկերտն ու Վանա լճի արևմտյան շրջանի այլ բնակավայրեր:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2227 | 0 | 0
Facebook
COMMENT.am