Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՑԵՂ, ՉՃՇԳՐՏՎԱԾ ՌԱՍԱ

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:40, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՑԵՂ, ՉՃՇԳՐՏՎԱԾ ՌԱՍԱ

Անտոն Չեխովի «Սախալին կղզին» ճամփորդական նոթերում ենթաբաժին կա ԱՅՆԵՐԻ մասին։ Մերոնցից ոմանց համոզմամբ նրանք Հայաստանից ինչ-որ ժամանակ գնացածներ են։ Գրողը Սախալինում եղել է 1890-ին։ Հուսամ՝ գոնե պատմությամբ հետաքրքրվողները կնկատեն գրքի ստորև թարգմանածս հատվածը։

Այներ․ բնակության սահմանները, քանակը, արտաքինը, սնունդը, հագուստը, կացարանը, բարքերը

Հարավային Սախալինի բնիկները՝ այստեղի ոչ ռուսները, հարցին, թե ովքեր են, իրենց ոչ ցեղ են կոչում, ոչ ազգ, պարզապես պատասխանում են՝ այն /Չեխովը գրում է айно, ծան․ թարգմ․/, որը նշանակում է մարդ: Շրենկի ազգագրական քարտեզում այների կամ այնուների բնակության տարածքը նշվում է դեղինով, և այդ գույնն ամբողջությամբ ծածկում է ճապոնական Մացմայ կղզին, Սախալինի հարավային մասը, մինչև Տերպենիա ծոց: Նրանք ապրում են նաև Կուրիլյան կղզիներում, ըստ այդմ ռուսների շրջանում կուրիլներ էլ են կոչվում: Սախալինում բնակվող այների թիվը ճշգրտված չէ, բայց կասկած չկա, որ այդ ցեղն անհետանում է, ընդսմին՝ անսովոր արագ: Բժիշկ Դոբրոտվորսկին, որը 25 տարի առաջ ծառայել է Հարավային Սախալինում1, ասում է, որ ժամանակին Բուսե ծովախորշի մերձակայքում 8 մեծ այնական գյուղ կար, և դրանցից մեկի բնակիչների թիվը հասնում էր 200-ի, Նայբայի մոտ նա բազմաթիվ գյուղահետքեր է տեսել և տարբեր աղբյուրներից վերցված երեք թիվ է անհաստատ մատնանշում ՝ 2885, 2418, 2050՝ վերջինը համարելով ամենահավանականը: Նրա ժամանակակից մեկ այլ հեղինակի վկայությամբ, Կորսակովսկի պահակակետի երկու կողմում սփռված էին այնական բնակավայրերը: Ես պահակետի հարևանությամբ ոչ մի գյուղ չգտա, այնական մի քանի յուրդ տեսա միայն Մեծ Տակոեի և Սիանցիի մերձակայքում: «Կորսակովսկյան շրջանի այլազգիների քանակի 1889-ի Տեղեկագիր» -ում այների թիվն այսկերպ է՝ 581 տղամարդ, 569 կին:

Ըստ Դոբրոտվորսկու, այների անհետացման պատճառներ են ինչ-որ ժամանակ Սախալինում տեղի ունեցած ավերիչ պատերազմները, ծնելիության ցածր մակարդակը, ինչը հետևանք է այնուհիների սակավապտղության, և գլխավորը` հիվանդությունները: Նրանց շրջանում միշտ նկատվել են սիֆիլիս, ցինգա, հավանական է նաև՝ ծաղկախտ2: Այդուհանդերձ այս բոլոր պատճառները, որոնցով սովորաբար հիմնավորվում է այլազգիների շարունակական մահացությունը, չեն բացատրում, թե ինչու են այներն այդքան արագ անհետանում՝ գրեթե մեր աչքի առաջ, քանի որ վերջին 25-30 տարիներին ոչ կռիվ է եղել, ոչ էական համաճարակ, մինչդեռ այս ժամանակահատվածում ցեղը գրեթե կիսով չափ նվազել է: Թվում է առավել հավանական, որ այս արագ անհետացումը՝ նման հալոցքի, ոչ միայն մահացության հետևանք է, այլև հարևան կղզիներ այների վերաբնակվելու:

Մինչ ռուսների Հարավային Սախալինն զբաղեցնելը, այները ճապոնացիներից գրեթե ճորտային կախման մեջ էին, և նրանց շահագործելն ավելի դյուրին էր, քանի որ հեզ էին, հլու, ամենակարևորը՝ քաղցած և չէին կարող ապրել առանց բրնձի3: Գրավելով Հարավային Սախալինը՝ ռուսները փրկեցին այներին և մինչև վերջերս զորավիգ էին նրանց ազատությանը՝ պաշտպանելով ճնշումներից և խուսափելով միջամտել ներքին կյանքին: Փախստական դատապարտյալներն 1884 թվին մորթոտեցին մի քանի այնական ընտանիք, պատմում են նույնպես, թե, իբր, մտրակահարել են ոմն այն-սահնակորդի, որը հրաժարվել է տեղափոխել փոստը, եղել են այնուհիների առևանգմամբ բռնաբարումներ, բայց նման ճնշումները և նվաստացումները ներկայացվում էին որպես ծայրահեղ մասնակի դեպքեր: Դժբախտաբար ռուսներն ազատության հետ բրինձ չբերեցին, ճապոնացիների հեռանալուց հետո այլևս ոչ ոք ձուկ չէր որսում, վաստակը դադարեց, և այներն սկսեցին քաղցել: Գիլյակների նման /նիվխերի նախկին անվանումը, ծան․ թարգմ․/ նրանք չէին կարող կերակրվել միայն ձկներով և մսով. պետք էր բրինձ, և ահա, չնայած ճապոնացիների հանդեպ անհանդուրժողականությանը, սովի հարկադրանքով նրանք սկսեցին տեղափոխվել Մացմայ: Մի թղթակցությունում (Գոլոս, 1876, թ. 16) կարդացի, որ, իբր, այների մի պատգամախումբ ժամանել է Կորսակովսկի պահակատեղի՝ խնդրելով աշխատանք կամ գոնե կարտոֆիլի սերմ և սովորեցնել, թե ինչպես մշակել հողը ցանքսի համար։ Աշխատանքը մերժվել է, սերմ խոստացել են ուղարկել, բայց հետո խոստումը չեն կատարել, և ընչազուրկ այները շարունակել են տեղափոխվել Մացմայ: 1885-ին թվագրված մեկ այլ թղթակցությունում (Վլադիվոստոկ, թիվ 38) ասվում է նաև, թե այները որոշ հայտարարություններ են արել, որոնք, ըստ երևույթին, չեն հարգվել, և որ նրանք սաստիկ ցանկանում են վերաբնակվել Մացմայում:

Այները թուխ են, ինչպես գնչուները. ունեն լայնաթավ մորուք, բեղեր և սև մազեր՝ թանձր ու կոշտ, աչքերը մուգ են, արտահայտիչ, հեզ: Միջահասակ են, ամուր կազմվածքով, հաստամարմին, խոշոր, կոպիտ դիմագծերով, բայց, ըստ ծովագնաց Վ. Ռիմսկի-Կորսակովի, մոնղոլական տափակադիմություն, չինական նեղաչքություն առկա չեն: Գտնում են, որ մորուքավոր այները շատ նման են ռուս գեղջուկներին: Իրականում, երբ այնը հագնում է մեր կապայի նման խալաթը և կապում գոտին, վաճառական դասի կառապան է հիշեցնում4:

Այնի մարմինը պատած է սևավուն մազերով, որոնք կրծքավանդակին երբեմն աճում են խիտ, փնջերով, բայց դեռ հեռու են թավամազությունից, թեև մորուքն ու մազոտությունը՝ հազվադեպ երևույթ վայրենիների շրջանում, ապշեցնում են ճանապարհորդներին, որոնք վերդառնալով՝ այներին բնութագրում են փրչոտ: Անցյալ հարյուրամյակում Կուրիլյան կղզիներում այներից հարկ գանձող մեր կոզակները նույնպես նրանց թավամազ էին ներկայացնում:

Այների հարևանությամբ ապրում են ժողովուրդներ, որոնց մազածածկույթը սակավ է, այդ իսկ պատճառով բնական է, որ նրանց փարթամ մորուքներն ազգագրագետներին դժվար կացության մեջ են դնում․ գիտությունը մինչ օրս չի հստակել նրանց իսկական տեղը ռասայական համակարգում։ Այներին մեկ համարում են մոնղոլական, մեկ՝ կովկասյան ցեղախումբ․ մի անգլիացի նույնիսկ գտել է, որ հրեաների նախնիք են՝ ժամանակին նետված ճապոնական կզիներ։ Ներկայում երկու իշխող հավանական վարկած կա․ մեկը, որ այները ինչ-որ ժամանակ արևելա-ասիական կղզիներում բնակված հատուկ ռասա են, մյուսը մեր Շրենկինը, ըստ որի՝ հնաբնիկ ասիական ժողովուրդ, մոնղոլական ցեղերից շատ վաղ Ասիա մայրցամաքից արտաքսված նրա արևելյան եզրակղզիները, և որ նրանց երթուղին անցել է Կորեայով։ Բոլոր դեպքերում այները հարավից գնացել են հյուսիս, տաքից սառը՝ մշտապես բարենպաստը փոխելով վատթարով։ Նրանք ռազմատենչ չեն, չեն տանում ճնշումը․ նրանց հնազանդեցնելը, հպատակեցնելը կամ վտարելը դժվար չէր։ Ասիայից նրանց քշեցին մոնղոլները, Նիպոնից և Մացմայից՝ ճապոնացիք, Սախալինում գիլյակները չթողեցին Տարայկայից վերև, Կուրիլյան կղզիներում հանդիպեցին կոզակներին՝ այդպիսով հայտնվելով անելանելի կացության մեջ։ Այժմյան այները սովորաբար առանց գլխարկի են, ոտաբոբիկ, ծնկից վեր քշտած վարտիքով, հանդիպելով ձեզ ճամփին, խոնարհվում են, միաժամանակ բարյացակամ, սակայն հիվանդագին թախիծով նայում, ինչպես անհաջողակը, և կարծես ցանկանալիս լինեն ներողություն հայցել, որ մորուքն այդքան շատ աճել է, իսկ ինքը դեռ կարիերա չի արել։

Այների մասին մանրամասները տեսնել Շրենկի, Դոբրոտվորսկու և Ա. Պոլոնսկու մոտ5: Այն, ինչ ասվել է գիլյակների սննդի և հագուստի մասին, վերաբերում է նաև այներին, մի հավելմամբ, որ բրնձի պակասը, ինչի հանդեպ սերը նրանք ժառանգել են ժամանակին հարավային կղզիներում ապրած նախորդներից, դարձել է լուրջ զրկանք: Նրանք չեն սիրում ռուսական հացը: Սնունդն ավելի բազմազան է համեմատ գիլյակների. բացի մսից և ձկից, ուտում են տարբեր բույսեր, կակղամորթներ և այն ամենը, ինչ սովորաբար իտալացի չքավորներն անվանում են frutti di mare6: Նրանք քիչ են սնվում, բայց հաճախ, գրեթե ամեն ժամ։ Խորովելը, որը բնորոշ է հյուսիսի բոլոր վայրենիներին, նրանցում առկա չէ: Քանի որ նորածիններն ստիպված են կաթից ուղղակի անցնել ձկան և կետի ճարպի, ուշ են կրծքից կտրում: Ռիմսկի-Կորսակովը տեսել է, թե ինչպես է այնուհուն ծծում երեք տարեկան երեխան, որն արդեն ինքնուրույն վարժ շարժվում էր և նույնիսկ կաշեգոտում դանակ ուներ, ինչպես մեծը: Հագուստի և կացարանի վրա հստակ նկատելի է հարավի ազդեցությունը․ ոչ թե սախալինյան, այլ իրական հարավի։ Ամռանը այները շրջում են խոտից կամ կեղևից հյուսած վերնաշապիկով, իսկ նախկինում, երբ այնքան էլ աղքատ չէին, մետաքսե խալաթներ էին հագնում: Նրանք գլխարկ չեն կրում, ամռանը և ողջ աշունը, մինչև ձյան դնելը բոբիկ են: Նրանց յուրդերում ծուխ է և գարշահոտ, բայց միևնույն է, շատ ավելի լուսավոր է, կոկիկ և, այսպես ասած, կուլտուրական, քան գիլյակներինը: Յուրդի հարևանությամբ սովորաբար նեխահոտ սփռող ձկան չորանոցներն են, շները ոռնում են և գզվռտում, երբեմն կարող եք տեսնել փոքրիկ վանդակ՝ մեջը նստած մատղաշ արջով, որին կսպանեն և կուտեն ձմռանը, այսպես կոչված, արջի տոնակատարությանը: Մի առավոտ ես տեսա, թե իչպես է դեռահաս աղջիկն արջին կերակրում՝ նրա թաթի մեջ խոթելով ջրում փափկացրած չորացած ձուկը: Յուրդը ձողաններից և տախտակներից է, տանիքը՝ բարակ ձողերից, ծածկված չոր խոտով: Ներսում պատերի երկայնքով ձգվում են նառերը, ավելի վերև զանազան իրերով դարակներ են․ այնտեղ մորթուց, յուղի կաշեպարկերից, ցանցերից, սպասքից և այլնից բացի կգտնեք զամբյուղներ, խսիրներ և նույնիսկ երաժշտական գործիք: Սովորաբար տանտերը նստած է լինում ներսում ու անընդմեջ ծխում է ծխամորճը, և երբ հարց եք տալիս, պատասխանում է դժկամորեն, հակիրճ, բայց և՝ քաղաքավարի: Յուրդի կենտրոնում օջախն է, որում վառվում է փայտը, ծուխը ելնում է տանիքի բացվածքով: Կրակին կեռիկից կախված է մեծ սև կաթսան, որտեղ եռում է ուխան ՝ մոխրագույն, փրփուրոտ, ինչը, կարծում եմ, եվրոպացին ոչ մի փողի դիմաց չի ուտի: Կաթսայի շուրջը վհուկներ են նստոտած: Որքան պատկառազդու, բարեհաճ են տղամարդիկ, կանայք և մայրերն այնքան անբարետես են: Այնուհիների արտաքինը հեղինակները բնորոշում են տգեղ և նույնիսկ տհաճ: Գույնը մուգ դեղին է, մագաղաթյա, աչքերը նեղ են, դիմագծերը՝ կոպիտ, հարթ, կոշտ ծամերը խռիվ կախված են դեմքին, ինչպես ծղոտը հին մարագում, հագուստը փնթի է, տգեղ և այս ամենի հետ` անբնական նիհար, տարիքի կնիքով: Ամուսնացած կանայք շրթունքները ներկում են ինչ-ր կապույտով, որից դեմքերը կորցնում են մարդկային կերպարանքը, և երբ առիթ է տրվել հետևել, թե ինչ լրջությամբ, գրեթե բարկացկոտ են խառնում կաթսայում եղածն ու հեռացնում կեղտոտ փրփուրը, թվացել է՝ իսկական կախարդ եմ տեսնում: Բայց աղջնակներն ու աղջիկներն այդչափ վանող տպավորություն չեն թողնում7: Այները երբեք չի լվացվում, քնում են չհանված: Գրեթե բոլոր նրանք, ովքեր գրել են այների մասին, դրական են ներկայացրել բարքերը: Ընդհանուր կարծիքն այն է, որ նրանք հեզ են, համեստ, բարեսիրտ, դյուրահաճ, շփվող, քաղաքավարի, սեփականությունը հարգող, որսի ժամանակ համարձակ, դոկտոր Ռոլենի՝ Լապերուսի ուղեկցի բնորոշմամբ, նույնիսկ կիրթ:

Պարզասրտությունը, շիտակությունը, բարեկամի հանդեպ հավատը և առատաձեռնությունը նրանց հիմնական որակներն են: Նրանք ազնիվ են և չեն հանդուրժում խաբեությունը: Կրուզենշտերնը հիացած էր նրանցով. թվարկելով նրանց հոգևոր հատկությունները՝ նա եզրափակում է. «Նման իրոք հազվագյուտ որակները, որոնցով նրանք պարտական են ոչ թե բարձրակարգ կրթությանը, այլ միայն բնությանը, ծնեցին զգացողություն, որ ես այս ժողովրդին համարեմ լավագույնը բոլոր մյուսներից, ում ցայսօր գիտեմ» 8: Իսկ Ռուդանովսկին գրում է. «Ավելի խաղաղ և համեստ բնակչություն, որ հանդիպել Սախալինի հարավում, դժվար թե լինի»: Ցանկացած բռնություն նրանց մեջ զզվանք և սարսափ է առաջացնում: Ա.Պոլոնսկին պատմում է արխիվներից քաղված հետևյալ տխուր դրվագը: Դեպքը վաղուց է եղել՝ անցյալ դարում: Կոզակ հարյուրապետ Չերնին, որը Կուրիլյան այներին Ռուսաստանին էր ենթարկեցնում, որոշեց ճիպոտահարել մի քանիսին. «Պատժի միայն նախապատրաստությունն այներին սարսափի մատնեց, և երբ երկու կնոջ ձեռքերը հետևը կապեցին, որպեսզի հարմար լինի պատժելը, մի մասը փախավ անմատչելի ժայռը, իսկ մի այն 20 կանանց և երեխաների հետ բայդարկայով մտավ ծովը... Փախչել չհասցրած կանանց հանեցին, իսկ 6 տղամարդկանց վերցրին նավակները, փախուստը կանխելու համար ձեռքերը կապեցին, սակայն այնքան անողոք, որ մեկը մեռավ։ Երբ նրան՝ այտուցված և կարծես խաշած ձեռքերով, քարով հանդերձ նետեցին ծովը, Չերնին խրատելու մտադրանքով մյուսներին ասաց. «Ռուսներս այդպես ենք վարվում»:

Ծանոթություններ

1․ «Южная частъ Сахалина» և «Аинско-русский словаръ» ։

2․Դժվար է պատկերացնել, թե Հյուսիսային Սախալինը և Կուրիլյան կղզիներն ամայացրած այս հիվանդությունը խնայեր Հարավային Սախալինը։ Ա․ Պոլոնսկին գրում է, որ յուրդը, որտեղ մահ է եղել, այնը լքում է և փոխարենը նորը կառուցում այլ վայրում։ Նման սովորույթը, ակնհայտ է, գալիս է այն ժամանակներից, երբ այնը, համաճարակից սարսափած, լքել է վարակված բնակավայրերն ու նոր վայրում հիմնել մեկ ուրիշը։

3․ Ռիմսկի-Կորսակովին այնուհին ասել է․ «Սիզամը քնում է, իսկ այնը նրա փոխարեն աշխատում․ անտառ է հատում, ձուկ որսում, այնը չի ուզում բանել, Սիզամը նրան ջարդում է» ։

4․ Շրենկի գրքում, որի մասին ասել եմ, աղյուսակ կա այների պատկերով։ Նայել նաև ֆր․ Գելվալդի «Естественная история племен и народов» հ․ 2, որտեղ այնը կանգնած է ողջ հասակով՝ հագին խալաթ։

5․ Ա․ Պոլոնսկու «Курилы» -ն տպվել է «Записки имп․ Русского геогр․ общества» -ում, 1871-ին։

6․Ծովի բարիքներ։

7․Ն․ Վ․ Բուսեն, որը հազվադեպ է մեկնումեկի մասին բարեհաճ արտահայտվում, ի դեպ, այսպես է բնութագրում այնուհիներին․ «Երեկոյան ինձ այցեց հարբած այնը՝ հայտնի մեծ հարբեցող։ Նա հետը բերել էր կնոջը և, որքան հասկացա, անկողնային հավատարմությունը զոհաբերելու մտադրությամբ՝ այդ կերպ ինձնից լավ նվեր կորզելու հույսով։ Բավական գեղեցիկ այնուհին, թվում էր, պատրաստ է օգնել ամուսնուն, սակայն ես ձևացրի, թե չեմ ըմբռնում իրենց բացատրությունները։ Տնիցս դուրս գալով՝ կինն ու ամուսինը առանց ձևականության պատուհանիս և պահակի առաջ տրվեցին բնական պետքին։ Այդ այնուհին կանացի առանձնակի ամոթ չէր ցուցաբերում։ Նրա ստինքները գրեթե ծածկված չէին։ Նույնպիսի զգեստ էր կրում, ինչ տղամարդիկ, այն է՝ մի քանի գոտեպատ լայն կարճ խալաթ։ Շապիկ և ներքնազգեստ նրանք չունեն, ուստի աննշան անփութությունն ի ցույց է հանում ողջ բարեմասնությունները» ։ Նույնիսկ այս խստաբարո հեղինակը խոստովանում է, որ «ջահել աղջիկների շրջանում հանդիպում են հաճելի և փափկադեմ լավերը՝ բոցկլտուն սևաչյա» ։ Ինչ էլ լինի, այնուհին ֆիզիկական զարգացմամբ հետ է մնացել, նա ծերանում, թարշամում է տղամարդուց վաղ։ Կարելի է սա վերագրել նրան, որ դարերի ընթացքում ծանր գործի և արցունքի առյուծի բաժինը հասել է նրան։

8․Ահա այդ որակները․ «Ռումյանցևի ծովախորշի ափի այների կացարան մերոնց այցի ժամանակ ընտանիքներից մեկում նկատեցի երջանիկ համերաշխություն, կարելի է ասել, գրեթե հավասարություն ընտանիքի անդամների։ Մի քանի ժամ մնալով նրանց հետ՝ չկարողացանք որոշել տոհմավագին։ Տարեցները հանդեպ երիտասարդները արտոնյալ պահվածք ի ցույց չդրեցին։ Նրանց նվերներ առանձնացնելիս ոչ ոք դժգոհություն չհայտնեց, թե իրեն ավելի քիչ հասավ մյուսից։ Մեզ անդադար տարբեր ծառայություններ էին մատուցում։

Թարգմանությունը՝ Ա․ Հովհաննիսյանի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8628 | 0 | 0
Facebook