Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մի քանի ամիս անց դարձա գյուղի միակ ու ամենամեծ եզդի աղջիկը»...

20:10, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
«Մի քանի ամիս անց դարձա գյուղի միակ ու ամենամեծ եզդի աղջիկը»...

Ես Լենան եմ, 17 տարեկան, բայց չգիտես ինչու բոլոր հեռու-մոտիկ բարեկամներս խոսում են իմ ամուսնության մասին։ Ապագա լրագրող եմ։ Ազգությամբ՝ եզդի։ Սիրում եմ մեր յուրահատուկ ավանդույթներից երկար-բարակ խոսել այլազգի ընկերներիս ու ուսուցիչներիս hետ։ Ծնվել մեծացել եմ Հայաստանում։ Անսահման սիրում եմ երկրիս ամեն մի սար, ծառ, քար, փողոց, շենք, տուն...
    

Հայաստանում երբեք չեմ բախվել խտրականության, բայց ազգիս ներսում բախվում եմ խնդիրների, որոնց բացակայության դեպքում երևի պետություն կունենայինք։ Ազգս միասնության, համախմբման ու քայլ անելու, շատ բաներ վերացնելու ու շատ բաներ էլ ստեղծելու, իսկ երիտասարդները հնարավորություն ու, թերևս, ամենակարևորը՝ լիարժեք կրթություն ստանալու կարիք ունեն։
    

Մի քանի ամիս էլ չկա, ինչ իմ հասակակիցներն ու ինձնից փոքրերն ամուսնացան՝ կիսատ թողնելով կրթությունը։ «Ես բժիշկ կդառնամ» կամ «Ես իրավաբան եմ ուզում դառնալ», ասում էին գիտակցելով, որ փուչ խոսքեր են ու հոգոց հանում՝ 80 տարին գլորած, իր կյանքից բան չհասկացած մեծի պես, մի կերպ կուլ տալով կոկորդը նեղող արցունքները։
    

Գյուղի եզդիական խմբակի շրջանակներում մտերմացել էինք բոլորով։ Խմբակում 40-ից էլ շատ էինք։ Մի առավոտ իմացանք, որ մեզնից մի աղջկա նշանել են։ Լուրը շոկային էր։ Իմանալուն պես շտապեցի նրան տեսնելու. կարծեցի, թե շատ վատ վիճակում է։ Լեյլան (անունը փոխվել է) լուռ էր, ամոթից այտերը վարդագույն երանգ էին ստացել։ Աշխատում էր մատանին թաքցնել մեզանից։ Մեկ֊-մեկ ժպտում էր, մեկ֊-մեկ էլ` մտքերով ընկնում ու հետ մնում խոսակցությունից։ Իր խոսքերից հասկացա, որ չէր ուզի նշանվել, բայց, եթե նշանել են, ոչինչ անել չի կարող, պիտի համակերպվի։ Փորձում էի համոզել, որ կարող է ինչ֊ որ բան փոխել, եթե իսկապես չի ուզում, ապարդյուն էր...
    

Մի քանի շաբաթ անց մեզնից մի աղջկա էլ նշանեցին` 15 տարեկանում։ Նույն ցավը զգացի, բայց ավելի թեթև տարա։ Այդպես մի քանի ամիս անց դարձա գյուղի միակ ու ամենամեծ եզդի աղջիկը...
    

Երախտապարտ եմ ծնողներիս ինձ հասկանալու, կարծիքս հաշվի առնելու, իրավունքներս չոտնահարելու, ինձ վրա հույս դնելու ու ինձ թևեր տալու համար։
    
Սիրելի՛ ընթերցող, դու էլ ինձնից մեկն ես, հուսով եմ, որ չձանձրացար ու մինչև վերջ կարդացիր գրածս։ Ընդունիր սա որպես նամակ, որն ուղղված է հենց քեզ։ Ցանկացած պարագայում մի՛ վախեցիր խոսելուց, մի՛ վախեցիր կարծիքդ հայտնելուց, ճախրելուց ու պայքարելուց։ Ամեն գնով գնա՛ երազանքիդ հետևից։ Դու ինձանից մեկն ես, ու մենք գրեթե նույնն ենք։ Մենք դեմ ենք վաղ ամուսնություններին, ու մեր ձայնը լսելի է։
    
     Լենա Միրզոյան
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9909 | 0 | 0
Facebook