Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան

16:23, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան

«Ցավալի է, որ քրեական հետապնդման մարմինները չեն դադարել իրենց արատավոր այն պրակտիկան, որ անգամ իրենց համար ակնհայտ անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահում են կալանքի տակ», - «Փաստինֆո» -ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալների վերաբերյալ մի քրեական գործի, որ հարուցվել է շորթման փորձի առթիվ։

Քրեական գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում արդեն 3 ամիս։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Սմբատ Ավդալյանը եւ Վահրամ Հակոբյանը 100 հզ ԱՄՆ դոլար են ցանկացել շորթել մի անձից, ով նրանց վաղեմի ընկերն էր։ Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջ գործը կառուցված է տուժողի եւ նրա երկու եղբայրների ցուցմունքների հիման վրա. «Գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներով, օրինակ՝ վկաների ցուցմունքներով, մեղադրանքը չի հիմնավորվում։ Բայց մեր պատկերացմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը այդ վկաների ցուցմունքները արժանահավատ չի դիտում այն պատճառով, որ նրանք իմ պաշտպանյալների ընկերներն են, հետեւաբար՝ իբրեւ գործի ելքով շահագրգռված անձինք են։ Իսկ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, պետք է ոչ արժանահավատ դիտարկեն նաեւ տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքները, քանի որ նրանք եւս գործի ելքով շահագրգռված անձինք են» ։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանքի տակ պահելու միակ հիմքը այն ենթադրյալ կասկածն է, որ եթե իր պաշտպանյալը մնա ազատության մեջ, կազդի տուժողի վրա, որպեսզի վերջինս փոխի իր ցուցմունքները. «Սակայն հարկ է նշել, որ իմ պաշտպանյալն ու տուժողը արդեն առերեսվել են, եւ յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքը, այսինքն՝ այդ հիմքը արդեն իսկ վերացել է կամ գոնե էապես նվազել։ Հետեւաբար հարց է առաջանում. ինչու՞ է իմ պաշտպանյալը շարունակում մնալ կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան կամայական մոտեցում եւ ապօրինություն», -ասաց պաշտպանը։

Վերջինս նշեց, որ այժմ ցանկանում են առերեսվել տուժողի եղբայրների հետ, որպեսզի ազատության մեջ մնալու դեպքում ազդեցություն գործադրելու ռիսկը մեկընդմիշտ չեզոքանա. «Միակ միջոցը՝ այդ ռիսկը չեզոքացնելու, առերեսումն է, բայց դա դիտմամբ չեն անում։ Եթե չեն անում, ուրեմն՝ կամայական նպատակ ունեն՝ մարդուն կալանքի տակ պահելու» ։

Փաստաբանն ընդգծեց, որ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, եւ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ դա պետք է կիրառվի այն ժամանակ, երբ նվազ խստության խափանման միջոցները չեն կարող ապահովել այն երաշխիքները, որ կապահովի կալանքը. «Մենք ասում ենք՝ իմ պաշտպանյալը առողջական խնդիր ունի՝ նեւրոզ, եւ վարույթն իրականացնող մարմինը դա պետք է քննարկեր, խափանման միջոցը ընտրելու ժամանակ հաշվի առներ, նույնիսկ դատարանն է իր որոշումներից մեկում արձանագրել, որ այդ հանգամանքը պետք է քննարկման առարկա դառնար, նշանակվեր փորձաքննություն։ Բայց մինչ օրս քննիչը այդ հարցին որեւէ ուշադրություն չի դարձնում» ։

Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց վերջերս հարուցված մի քրեական գործի հետ, որը վերաբերում էր Սամվել Կարապետյանի եղբորորդուն. «Վերջերս լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի եղբորորդին փորձել է ինչ-որ մեկին շորթել 10 միլիոն դրամի չափով, եւ նույն մեղադրանքն առաջադրելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը։ Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերությունը, երբ խոսքը գնում էր նույն հոդվածի նույն մասի նույն կետի մասին» ։

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սմբատ Ավդալյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, եւ հույս ունի, որ այն թույլատրելի կճանաչվի. «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է մի տեղեկանք, ըստ որի՝ Ավդալյանը հանդիսանում է քրեական հեղինակություն, եւ այդ հանգամանքը այն հիմքերից է, ըստ որի՝ եթե մնա դրսում, կազդի գործի վրա։ Բայց այդ օպերատիվ տեղեկանքը գործով որեւէ ապացույցով չի հաստատվում, իսկ միայն այդ տեղեկանքն ինքնին ապացուցողական նշանակություն չունի» ։

Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին՝ Վահրամ Հակոբյանին, նա, ըստ պաշտպանի, երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում չկար. «Ասում են՝ իբր խուսափում է վարույթն իրականացնող մարմնից, բայց նրա նկատմամբ այդ ժամանակ դեռ քրեական հետապնդում չէր իրականացվում։ Նա մարզիկ է, բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարի մրցանակակիր, եւ այսօր այնպիսի պայմաններ են ստեղծել, որ չկարողանա վերադառնալ հայրենիք, որովհետեւ վերադառնալու դեպքում արժանանալու է նույն ճակատագրին» ։

Պաշտպանի խոսքով՝ գործի մեջ առկա է արտաքին դիտման արդյունք, որն իրականացվել է ձայնագրությամբ. «Ուսումնասիրելով ձայնագրությունը՝ կարող ենք ասել, որ իմ պաշտպանյալների կողմից որեւէ սպառնալիք եւ սպառնալիքի միջոցով որեւէ գումար շորթելու ուղղակի խոսակցություն չկա», - նշեց Ալեքսանյանը եւ հավելեց. «Մենք հույս ունենք, որ Դատախազությունը զգոն կլինի եւ թույլ չի տա, որ տուժողի մտացածին տեղեկությունների հիման վրա մարդկանց ճակատագրեր փչանան, եւ նրանք շարունակեն մնալ անազատության մեջ, եւ հետագայում դատապարտվեն։ Այսինքն՝ մեր ասածն այն է, որ միայն տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքներով չպետք է առաջնորդվեն» ։
    
    

Հեղինակ` Միլենա Խաչիկյան
     pastinfo.am

Աղբյուրը` pastinfo.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1121 | 0 | 0
Facebook
COMMENT.am