Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան եռատոնի առթիվ ԱրՊՀ-ում արիության դաս է վարել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

21:58, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Մայիսյան եռատոնի առթիվ ԱրՊՀ-ում արիության դաս է վարել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

Մայիսյան եռատոնի առթիվ այսօր` մայիսի 7-ին, ԱրՊՀ-ում արիության դաս է վարել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Ողջունելով նախարարներին և համալսարանականներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մայիսյան եռատոնի առթիվ` կարևորելով եռատոնի կապակցությամբ կազմակերպվող հանդիպում-բանախոսությունն ու նշել, որ ԿԳՍ նախարարությունից հետո ԱրՊՀ-ի ամենասերտ համագործակցությունը ՊՆ-ի հետ է:

«ՊՆ-ի հետ համագործակցության ծրագրերի վկան այն բազմաթիվ այցելություններն են զորամասեր, որ իրականացվում են պրոռեկտորի և համապատասխան բաժնի միջոցով, այն բազմաթիվ դասընթացները, որոնք անց են կացվում սպա-հոգեբանների հետ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում», - նշել է ռեկտորը:

Ողջունելով ներկաներին` ՊԲ հրամանատարը շնորհավորել է եռատոնի առթիվ` կարևորելով մայիսյան հաղթանակների խորհուրդն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության և մեր պետականության գոյության ու ամրապնդման գործում:

«Պատմությունը ցույց է տվել, որ մեր բոլոր հաղթանակները մեր միասնության արդյունքում են ձեռք բերվել: Մենք իրավունք չունենք միասնական չլինել: Այսօր առավել, քան երբևէ, պետք է լինենք միասնական և կարողանանք պահպանել 88-ի ոգին», -նշել է նա` ընդգծելով, որ մեր անկախ պետականության երաշխիքը հայոց բանակն է, մեր ժողովրդի և պետականության լինելիության գրավականը նույնպես մարտունակ բանակն է: Նրա խոսքով` օրեցօր ավելի է արդիականացվում բանակն ու բանակաշինության ուղղությամբ կատարվում են համապատասխան անհրաժեշտ աշխատանքները:

«Իրադրությունը սահմանին հարաբերական կայուն է, սակայն մենք ամեն պահի հակառակորդի կողմից սպասում ենք սադրանքների: Անհրաժշետության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև հուժկու հարված հասցնելու», -շեշտել է ՊԲ հրամանատարը:

ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը ևս շնորհավորանքի խոսք է ասել համալսարանականներին:

«Նոր սերունդը հասկանում է, թե ինչ ճանապարհ են անցել նախնիները: Յուրաքանչյուր սերունդ իր պայքարն ունի: Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, որովհետև արժանապատվության հաղթանակ ենք կռել` աշխարհին ներկայանալով որպես արժանապատիվ ժողովուրդ», -ասել է ԿԳՍ նախարարը` հավելելով, որ յուրաքանչյուր նոր սերունդ ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է կատարի իր առաքելությունը և վայ այն սերնդին, ով թեկուզ փոքր-ինչ կզիջի ձեռքբերումները:

Հանդիպման երկրորդ հատվածում ՊԲ հրամանատարը պատասխանել է ներկաների հարցերին` դրականորեն արձագանքելով կառուցողական առաջարկներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2334 | 0 | 0
Facebook