Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր փոխարեն մեր գործով գրեթե քառորդ դար զբաղված են ուրիշները, ում չէր կարելի մոտիկ թողնել այդ գործին

09:15, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Մեր փոխարեն մեր գործով գրեթե քառորդ դար զբաղված են ուրիշները, ում չէր կարելի մոտիկ թողնել այդ գործին
     Հայաստանի Եվրոպական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին հայտնելուց հետո ստացա ու շարունակում եմ ստանալ տարբեր արձագանքներ։ Խրախուսանք ու հեգնանք, աջակցություն ու հայհոյանք, նեցուկ ու անեծք՝ ոչ մի բանի պակաս չկա։ Բայց առավել անձնավորված ու պատասխան պահանջող համարեցի մեկ այլ կարգի հարցեր ու հորդորներ, որոնք ամփոփված են մասնավորապես պարոն Գուրգեն Հախնազարյանի նամակում, որին հավանություն հայտնեց ևս մի քանի ընթերցող։ Խնդիրը ձևակերպված է այսպես՝ ինչու՞ եմ ես թողնում կինոռեժիսորի մասնագիտությունս և ձգտում քաղաքականությամբ զբաղվել։ Ընդ որում հեղինակը բարձր է գնահատում խոնարհիս աշխատանքը և մտահոգվում է, որ հասարակությունը կորցնելու է հանձինս ինձ լավ արվեստագետի, փոխարենը չստանալով քաղաքական գործչի։ Պարոն Հախնազարյանը հարցնում է՝ ի՞նչ, եթե Տրյուֆֆոն, Բունյուէլը, Ֆելլինին կինոյի փոխարեն զբաղվեին քաղաքականությամբ, և եզրակացնում է՝ «կներեք, բայց քաղաքականությունը ձերը չէ, զբաղվեք այն գործով, որը շատ ավելի լավ է ստացվում ձեզ մոտ՝ արվեստով» ։
     Ուստի, փորձեմ պատասխանել՝ ինչու «գործովս չեմ զբաղվում» ։
     Միանգամից ասեմ՝ Դուք իրավացի էք, պարոն Հախնավերդյան՝ դա իմ գործը չէ։ Իմ գործը ֆիլմեր նկարահանելն է, գրքեր գրելը, ուսանողներին դասավանդելը՝ այն ամենը, ինչով ես զբաղվում էի տարիներ շարունակ, հասցնելով ստեղծել երեք խաղարկային և քսան վավերագրական կինոնկար, ստանալով յոթ միջազգային կինոփառատոնների մրցանակներ, ավելացնելով երկրիս փառքը ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, Թուրքիայում ու Ռուսաստանում, Գերմանիայում ու Բրիտանիայում։ Ողջ խնդիրն այն է, որ ես, ինչպես և իմ ողջ սերունդը, վաղուց արդեն զրկված եմ մեր գործով զբաղվելու տարրական իրավունքից։ Մեր փոխարեն մեր գործով գրեթե քառորդ դար զբաղված են ուրիշները, ում չեր կարելի մոտիկ թողնել այդ գորժին։ Ահա ինչու գրվեցին կեղծ գրքեր, նկարահանվեցին խայտառակ ֆիլմեր, բուհերը թողարկեցին թերուս շրջանավարտներ։ Անգրագետներն ու թերուսները լցվեցին մեր կյանքի բոլոր ոլորտները։ Ավազակները օրենքներ էին ընդունում, դավաճանները երկիր էին ղեկավարում, գողերը գանձապահ էին կարգվում, տգետները գիտություն ու մշակույթ էին «կերտում» ։ Նրանք «զբաղվում» էին քաղաքականությամբ, որը հաստատ նրանց գործը չեր։ Քաղաքականությունը՝ մարդկանց, ազգերի և պետությունների հարաբերությունների արվեստ է ու գիտություն և երբ դրանով զբաղվում են մարդասպաններն ու ******ները, արդյունքում ստացվում է սպանություն ու *****ություն, բայց դրանում մեղավոր է ոչ թե քաղաքականությունը, այլ դրանով «զբաղվողները» ։
     Իսկ ինչո՞վ էինք զբաղվում մենք այդ ընթացքում։ Խոսեմ սեփական օրինակով։ 2005-ին փակվեցին ու լուծարվեցին «Հայֆիլմն» ու «Երևան» կինոստուդիաները՝ Քոչարյանի ու նրա ավազակախմբի քմահաճույքով։ 2009-ին հատուկ ծառայությունների պահանջով ինձ հեռացրեցին պետհամալսարանից, իսկ 2015-ին մեկ այլ ԲՈՒՀ-ից, այս անգամ արդեն Ռուսաստանի պահանջով։ ՀՀ ոստիկանությունը այդ տարիներին երեք դատական գործ էր հարուցել իմ դեմ՝ բողոքի ցույցերին և ակցիաներին մասմակցելու համար։ Արդեն մեկ ու կես տասնամյակ ֆիլմերս չեն ցուցադրվում հայկական հեռուստատեսությամբ՝ հայոց պատմությանը և մշակույթին նվիրված ֆիլմեր։ Եվ նման պատմությունները ոչ թե տասնյակներով կամ հարյուրներով՝ միլիոններով կարելի է հաշվել։ Հայաստանից հեռացած, դուրս մղված, դեն շպրտված ամեն մի հայը նման կամ շատ ավելի ողբերգական պատմություն կարող է պատմել։ Ահա ինչու եմ ես հիմա որոշել զբաղվել քաղաքականությամբ, «ոչ իմ գործով» ՝ որպեսզի դուք, ձեր երեխաները կարողանաք ՁԵՐ գործով զբաղվել, տիկնայք ու պարոնայք։
     Ի միջի այլոց, եթե սա լիներ բանավեճ, ես կհիշեցնեի, որ Գոդարը և Ֆելլինին ցույցեր էին կազմակերպում Փառաջանովին բանտից ազատելու պահանջով, որ մեր հարազատ Թումանյանը 1912 թվականին բանտարկված էր Պետերբուրգում հեղափոխական գործունեության մեղադրանքով, որ Իսահակյանը մասնակցում էր թուրք դահիճներին պատժելու վրիժառության գործողություններին։ Արվեստը չի կարող չզբաղվել քաղաքակամությամբ, թե չէ վերածվում է էժանագին արհեստի։ Հայաստանում Եվրոպական կուսակցության հիմնադրումը ոչ թե հակասում է, այլ բխում է իմ ողջ նախորդ կենսագրությունից և հանդիսանում է դրա տրամաբանական շարունակությունը։ Իսկ ֆիլմեր ես դեռ կնկարահանեմ։
    
     Տիգրան Խզմալյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3261 | 0 | 0
Facebook