Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

NERUS blog
Հեղինակ`
NERUS blog
15:59, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը 2» նախագիծն օրերս հայտնվել էր երկրպագուների քննարկումների կիզակետում։ Բեն Ավետիսյանի մուտքից հետո նոր պոստեր թողարկվեց, ինչը հեռուստադիտողներին ենթադրությունների տեղիք տվեց, որ դերերի վերադասավորում է եղել և որոշ գլխավոր հերոսներ տեղը զիջելու են նորերին։

Tert.am Life–ի խմբագրություն դիմած հեռուստադիտողները նաև խնդրում էին պարզել, արդյոք ճիշտ են լուրերը, որ Մարինկա Խաչատրյանը շուտով դադարելու է նկարահանվել նախագծում։ Այս և այլ հարցերի պատասխանները Tert.am Life–ը ստացել է սցենարիստ Անի Մաղաքյանից։

«Բենի մուտքը նախագիծ, ըստ մտածվածի, պետք է հաճելի անակնկալ լիներ հեռուստադիտողների համար։ Կարծում եմ` այդպես էլ եղավ, բայց ենթադրել, որ դերերի վերաբաշխում կամ կերպարների կարևորության փոփոխություն կլինի, սխալ է:

Սերիալ է մտնում նոր, հետաքրքիր, գունեղ կերպար, որն իր առաքելությունն ունի, իր պատմությունը, իր սյուժետային գիծը։ Սերիալի ընթացքում նրա ուղին, բնականաբար, կհատվի մեր մյուս հերոսների հետ, սակայն «Էլենի օրագրի» երկրպագուները մտահոգության և անհանգստության պատճառ չունեն: Սա պարզապես կերպարային համալրում է և ոչ ոք մյուսին չի փոխարինելու», – ասաց Անին` փարատելով երկրպագուների անհանգստությունը, որ պոստերի փոփոխությունը ենթադրում է նաև գլխավոր կերպարների փոփոխություն։
    
    

Անդրադառնալով Մարինկայի` այլևս չնկարահանվելու խոսակցություններին, սցենարիստն ասաց, որ նման բան չի նախատեսվում։ Նա շեշտեց, որ Մարինկա Խաչատրյանի համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության, մասնավորապես, «Էլենի օրագրի» հետ շարունակվում է:

Ավելի վաղ Անին հայտնել էր, թե նախագծի առաջին մասից որ կերպարներն են մնալու երկրորդ մասում։ Մարիամ Ադամյանի և Մուրադ Նադիրյանի մասին ոչինչ չէր ասել, սակայն նրանք ևս վերադառնում են նախագիծ. «Մարիամի ու Մուրադի վերադարձը ևս մի անակնկալ էր հեռուստադիտողի համար, որի մասին չէինք ուզում նախապես խոսել»:

Սցենարիստը հայտնեց նաև, որ առաջիկայում այլևս նոր կերպարների մուտք չի նախատեսվում, սերիալը քիչ-քիչ ստանում է այն տեսքը, ինչ նախատեսել էին:

Անդրադառնալով հետագա զարգացումներին` սցենարիստը նկատեց, որ դրանք լինելու են բուռն և անսպասելի: «Երբեմն հետևում եմ համացանցի քննարկումներին, շատերը փորձում են կանխատեսել իրադարձությունները, պարզապես, ժպտում եմ և սպասում, թե որքան են զարմանալու հետո: Կարծում եմ` իմ լսարանը դեռ չի կորցրել վստահությունը իմ հանդեպ և համբերատար կհետևի սերիալի հետագա զարգացումներին: Լինելու է հետաքրքիր, ռոմանտիկ, տխուր ու ուրախ», – ընդգծեց նա։
    
    

Մինչև երկրորդ մասի մեկնարկն Անին որոշակի մտավախություններ ուներ, որպեսզի հեռուստադիտողներն ընդունեին հերոսներին նոր իրականության մեջ։ Ամփոփելով առաջին արձագանքները` նա նշեց, որ դրանք դրական են։

«Իհարկե, նոր միջավայրը, հատկապես, արդեն սիրված և ընդունված հերոսների կողքին նորերի ներկայությունը փոքր–ինչ խորթ է թվում որոշ մարդկանց: Հերոսների կյանքի բերումով ունեցած բնավորության, արժեքների, նպատակների փոփոխությունները շփոթության մեջ կարող են գցել, բայց ոչ մի հերոս չի հասնի դրական արդյունքի, եթե չանցնի որոշակի դժվարությունների միջով: Կարծում եմ` հիասթափեցնելու առիթ չենք տվել: Նախագիծը նոր է եթերում, դեռ բազմաթիվ շրջադարձեր ու անսպասելի իրավիճակներ են լինելու, որոնց հետևելն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնալու», – ասաց Անին ու կոչ արեց վստահել իրենց թիմին, քանի որ ոչինչ հենց այնպես չեն անում:

Աղբյուրը` Tert.am Life
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7304 | 0 | 0
Facebook