Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդարանն ինքնալուծարվեց. մնացել է վավերացումը

NERUS blog
Հեղինակ`
NERUS blog
18:22, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Խորհրդարանն ինքնալուծարվեց. մնացել է վավերացումը
     Ազգային ժողովի 16 պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության ներկա ու նախկին անդամներ ու ԲՀԿ խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը, ով համարվում է խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի հիմնական լոբբիստներից մեկը, համատեղ հայտարարություն են արել, որով պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի օրակարգը՝ անհրաժեշտ համարելով դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ։
    
    

Փաստաթուղթն առանձնահատուկ է մի քանի տեսանկյունից։ Այն ստորագրել են պատգամավորներ, որոնք հիմնականում, այսպես կոչված, գործարար շերտի կամ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներ են՝ այն սեգմենտը, որը «կենսունակություն» է հաղորդել այսօրվա ՀՀԿ-ին։ Սա վերջինիս անվերապահ կապիտուլյացիայի կատարյալ դրսևորումն է, որովհետև նույնիսկ տեսականորեն վերանում է ռևանշի հնարավորությունը։ Անգամ անհասկանալի է մնում, թե այսօր իրենից ի՞նչ է ներկայացնում ՀՀԿ-ն. այլևս որևէ արժեք չունեն այս կուսակցության խմբակցության առաջին դեմքերի հայտարարությունները, որոնց հետևում, ըստ էության, կանգնած չէ որևէ սեգմենտ, հասարակական խումբ, նույնիսկ հին համակարգը։ ՀՀԿ խմբակցությունում այս պահին փաստացի մնացած պատգամավորները չեն ներկայացնում անգամ Սերժ Սարգսյանին. համենայնդեպս, նա հեռանալուց հետո որևէ անգամ չի բարձրաձայնել որևէ նախադասություն, հանդես չի եկել հայտարարությամբ, որոնցով կասկածի տակ դրվեր նրա ապրիլի 23-ի հայտարարությունը, որով լեգիտիմացվում էր իշխանության փոխանցումը Նիկոլ Փաշինյանին։

Իրադարձությունները զարգանում են հենց այդ հունով՝ իշխանությունն ամբողջովին փոխանցվում է հեղափոխության թիմին, ու պարզ չէ՝ խորհրդարանում ում են ներկայացնում ընդդիմացող մի քանի պատգամավորները, որոնք կասկածի տակ են դնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը։ Առավելագույնը նրանք պաշտպանում են մանդատ ունենալու իրենց իրավունքը, որը, սակայն, որևէ առնչություն չունի ոչ քաղաքականության, ոչ էլ հանրային տրամադրությունների հետ։

Երկրորդ հանգամանքը, ինչպես արդեն նշեցինք, հայտարարությանը Իշխան Զաքարյանի միանալն է, որն, ըստ տարածված կարծիքի, եղել է խորհրդարանի հոկտեմբերի 2-ի ավանտյուրայի հեղինակներից մեկը։ Կամ Զաքարյանն ապահովագրում է սեփական անձը՝ իրեն դուրս դնելով Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ծրագրերից, կամ էլ երկրորդ նախագահը չունի գործողությունների հստակ ծրագիր, պատկերացումներ, ինչի հետևանքով նրա թիմի յուրաքյանչյուր անդամ ինքնուրույն է տնօրինում իր քաղաքական ճակատագիրը։ Արժանահավատ է թվում երկրորդ վարկածը, որովհետև Քոչարյանը մնացել է հասարակության մոտ հումորի զգացում առաջացնող գործիչների աջակցության հույսին։

Սակայն շատ ավելի էական է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյան-ԲՀԿ հուշագրից, խորհրդարանի պատգամավորներ Արման Սահակյանի, Արթուր Գևորգյանի, Գևորգ Կոստանյանի երեկվա, 16-ի այսօրվա հայտարարություններից հետո նույնիսկ ֆորմալ առումով խորհրդարանում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք կողմ են ԱԺ-ի արձակմանը։ Խորհրդարանը փաստացի ինքնալուծարվել է, ու այդ փաստը սպասում է վավերացման։

ՀՀԿ պայմանական խմբակցության առաջին դեմքերը զրկվել են դիմադրության որևէ մոտիվացիայից, ու շատ ավելի խելամիտ կլիներ, եթե ՀՀԿ-ն գոնե մեկ անգամ վերջին հինգ ամիսներին ռացիոնալ ու համարժեք քաղաքական վարքագիծ ցուցաբերեր՝ հրապարակավ հայտարարելով, որ անհրաժեշտ է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ թեկուզև այն պատճառով, որ գործող խորհրդարանում էապես փոխվել է ուժերի բալանսը։ Իհարկե, այդ հայտարարությունն այս պահին արդեն իսկ ժամանակավրեպ է, որովհետև կուսակցությունը չորս կողմից պաշարված է, սակայն գոնե կվկայեր ՀՀԿ-ի համարժեքության կամ այդ կուսակցության՝ ռացիոնալիզմի վերադարձի հնարավորության մասին։ Դա ՀՀԿ-ին ոչինչ չէր տա առաջիկա ընտրություններում, սակայն կարող էր գոնե տեսական շանսեր ստեղծել, որ այդ թիմում հնարավոր են արդիականացման միտումներ։ Իսկ առայժմ իրադարձությունները զարգանում են այն հունով, որ ՀՀԿ-ից մնացել է միայն ցուցանակը, որի հետևում դատարկություն է։

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5256 | 0 | 0
Facebook