Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էրիկ Կանտոնա: Մանչեսթեր Յունայթեդի մեծագույն տաղանդն ու սկանդալիստը

17:42, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Էրիկ Կանտոնա: Մանչեսթեր Յունայթեդի մեծագույն տաղանդն ու սկանդալիստը
     Կան տաղանդներ, որոնց անցած ուղին փառահեղ հաղթանակների, նվաճումների և աղմկահարույց սկանդալների անընդմեջ հաջորդականություն է: Այսպես կարելի է բնութագրել նաև Էրիկ Կանտոնայի անցած մարզական ճանապարհը:
    
     Կանտոնայի կարիերան յուրօրինակ ու ոչ ստանդարտ է եղել հենց սկզբից: Թեպետ ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնվել է Մարսելում և փոքրուց երազել է խաղալ տեղի «Օլիմպիկում», նրա տաղանդը բացահայտել են «Օսեր» ակումբում. հենց տեղի պատանեկան թիմում էլ 15 տարեկանից սկսել է խաղալ Էրիկը: Ընդամենը մեկ տարի անց Կանտոնան հրավեր է ստանում Ֆրանսիայի պատանեկան հավաքականից: Նրա' այդ ժամանակվա մարզիչները բազմիցս նշել են. «Թեպետ Կանտոնան աչքի չի ընկնում մեծ արագությամբ, բայց կարողանում է հուսալիորեն տիրել գնդակին, չի վախենում պաշտպանների հետ պայքարից»: Դրան գումարած Կանտոնայի մոտ պատանեկան տարիքից նկատելի է եղել, այսպես ասենք' բռնցքամարտիկի ոգի, ինչի շնորհիվ նա ոչ միայն թիմակիցների համար ոգեշնչման աղբյուր էր, այլև մի շարք տհաճ իրադարձությունների պատճառ:
    
     «Օսերում» Կանտոնան խաղացել է մինչև 1984 թվականը, որից հետո մեկ տարի ծառայել է բանակում: Վերադարձից հետո ակումբի ղեկավարությունը մարզավիճակը վերադարձնելու նպատակով ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրում է ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մարտիգին»: Երբ 1986-1987 թվականների մրցաշրջանը Կանտոնան կրկին անցկացրեց «Օսերում», նրա փայլուն խաղի պատասխանը եղավ Ֆրանսիայի և´ ազգային, և´ երիտասարդական հավաքականների ուշադրությունը: 1988 թվականին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հետ Էրիկ Կանտոնան դարձավ Եվրոպայի չեմպիոն, ինչից հետո էլ վերջապես արժանացավ այդքան բաղձալի Մարսելի «Օլիմպիկի» հրավերին:
    
     Հենց այդ շրջանից էլ Կանտոնայի կարիերան դարձավ սկանդալային. Կանտոնան մեծ վիճաբանություն ունեցավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անրի Միշելի հետ. նախ հնչեցին անձնական վիրավորանքներ, ապա Կանտոնայի հրապարակավ ներողությունը, սակայն Միշելն այլևս չէր ցանկանում Կանտոնային տեսնել հավաքականում:
     Կանտոնայի տաքարյունության հաջորդ դրսևորումը «Օլիմպիկում» էր. Մոսկվայի «Տորպեդոյի» հետ ընկերական խաղի ժամանակ, դժգոհ լինելով իրեն փոխարինելուց, Կանտոնան պատռեց հագի մարզաշապիկը ու նետեց այն մարզչի վրա….տեղի ունեցածից հետո ակումբի ղեկավարությունը նրան վարձավճարով տրամադրեց «Բորդոյին», իսկ արդեն 1989 թվականին Կանտոնան պայմանագիր կնքեց «Մոնպոլիեի» հետ:
    
     Այս ակումբի հետ 1990 թվականին նա նվաճեց Ֆրանսիայի գավաթը: Սակայն նոր ակումբում էլ Կանտոնան չփոխեց բնավորությունը. «Մոնպոլիեում» հիշատակվում է Կանտոնայի ծեծկռտուքը ակումբի աշխատողներից մեկի հետ: Դրանից հետո Էրիկը որոշ ժամանակով վերադարձավ «Օլիմպիկ», սակայն ծնկի վնասվածքի պատճառով երկարատև բացակայությունից հետո Մարսելի ակումբի ղեկավարությունը նրան այս անգամ վաճառեց «Նիմին»: Այստեղ կարճ ժամանակահատվածում Էրիկ Կանտոնան մեծ հեղինակություն ձեռք բերեց և դարձավ թիմի ավագը, բայց շուտով վրա հասավ նոր տհաճ իրավիճակը. խաղերից մեկի ժամանակ կարմիր քարտ ստանալն այնքան զայրացրեց Ֆուտբոլիստին, որ նա գնդակը նետեց մրցավարի վրա: Ֆրանսիայի առաջնության Կարգապահական կոմիտեն նրան որակազրկեց մեկ ամսով, սակայն, երբ Կանտոնան հրապարակավ ասաց, թե ինչ է մտածում այդ կոմիտեի մասին, ավելացրին ևս մեկ ամիս:
    
     1992 թվականը Կանտոնայի կարիերայում նոր շրջափուլի սկիզբն էր' լի հաղթանակներով և նոր սկանդալներով: Այդ տարի նա պայմանագիր կնքեց «Լիդսի» հետ: Շուտով Կանտոնան դարձավ ակումբի երկրպագուների կուռքը, խաղերին հնչում էին հենց Կանտոնային ձոնված երգեր, բացականչություններ: 1992 թվականի գարնանը 1974 թվականից ի վեր առաջին անգամ «Լիդսը» նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:
    
     Սակայն երկրպագուների նման ոգևորությունը երկար չտևեց, որովհետև արդեն 1992 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Էրիկ Կանտոնան տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաների» կազմում Կանտոնան նորամուտը նշեց դեկտեմբերի 6-ին' «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ, իսկ առաջին գոլը նոր թիմի կազմում ուղարկեց «Չելսիի» դարպասը' դեկտեմբերի 19-ին: Շատերը կես կատակ կես լուրջ նշում են, որ «Ման. Յունայթեդը», հենց Կանտոնայով ոգեշնչվելով, 1993 թվականին նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը, ինչն ակումբին չէր հաջողվել հեռավոր 1967 թվականից, երբ թիմում խաղում էին լեգենդար Բոբի Չարլտոնը, Ջորջ Բեստը, Դենիս Լոուն:
    
     Կանտոնայի գալուստով մանչեսթերյան ակումբը զարթոնք ապրեց. թիմը հաղթանակներ էր տոնում, Կանտոնան գոլեր խփում: Այս ամենի շնորհիվ էլ 1994 թվականին ֆրանսիացուն շնորհվեց Անգլիայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Բայց կանտոնայական սկանդալները դեռ չէին մարել…նույն 1994 թվականի Կանտոնան յուրահատուկ ռեկորդ սահմանեց' 4 օրվա ընթացքում երկու անգամ կարմիր քարտ ստանալով: Սակայն սա դեռ փառք կարելի է համարել այն ամենի կողքին, ինչ տեղի ունեցավ Ստամբուլում' Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ. ֆրանսիացին ոչ միայն հեռացվեց խաղադաշտից, վիրավորեց մրցավարին, այլև ծեծկռտուք սարքեց թուրք ոստիկանի հետ' արդյունքում, 4 խաղյա որակազրկում Չեմպիոնների լիգայում:
    
     Սակայն Էրիկ Կանտոնայի սկանդալներից ամենահիշարժանն ու քննարկվածը տեղի ունեցավ 1995 թվականի հունվարի 25-ին: Զայրանալով երկրպագուի վիրավորական բացականչություններից' Կանտոնան ցատկեց խաղադաշտից դուրս և կարատեիստի ոճով հարվածեց երկրպագուին: «Ման. Յունայթեդի» ղեկավարությունը ստիպված հայտարարեց, որ ֆրանսիացին մեծ տուգանք կվճարի և չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն Անգլիայի առաջնության Կարգապահական կոմիտեի համար դա գոհացուցիչ չէր. Կանտոնային արգելեցին խաղալ մինչև 1996 թվականի սեպտեմբեր: Բացի այդ մարտին դատարանը նրան նախ դատապարտեց երկու տարվա ազատազրկման, ապա որոշումը մեղմվեց, և Էրիկը 120 ժամ հասարակական աշխատանք կատարեց: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակեց փայլուն հանդես գալ արդեն առանց Կանտոնայի, իսկ Ֆրանսիայի հավաքական ֆուտբոլիստը տեղի ունեցածից հետո այլևս չհրավիրվեց: Թեպետ «կարմիր սատանաների» կազմ Կանտոնայի վերադարձը փայլուն ստացվեց (1996 թվականի հոկտեմբերի 1-ին «Լիվերպուլի» հետ խաղում Կանտոնան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ), բայց 1997 թվականի գարնանը Էրիկ Կանտոնան անսպասելիերոն հայտարարեց մեծ ֆուտբոլից հեռանալու մասին: Ակումբի ղեկավարության և հազարավոր երկրպագուների խնդրանքները անօգուտ էին. Կանտոնան որոշել էր հաստատապես:
    
     Ով գիտի, գուցե Կանտոնան այդ քայլին դիմեց' վիրավորված լինելով Ֆրանսիայի հավաքականից, երկրպագուներից…վիրավորված լինելով ամբողջովին չհասկացվելուց կամ գուցեև չգնահատվելուց…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4936 | 0 | 0
Facebook