Արդեն չորրորդ տարին է, ինչ Երևանում անցկացվում է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները ներկայացրին Համբարձման տոնը: Սեղանը զարդարված էր տոնին բնորոշ ուտեստներով:
Երևանի Ա. Չեխովի անվ. թիվ 55 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Վալենտինա Գլոյանը, որը նույնպես ԵՊԱ անդամ է, ուրախությամբ նշեց, որ այս տարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել էին իր աշակերտները: Նրա խոսքով, իրենց պատրաստած սեղանի կողքով անտարբեր չէին կարողանում անցնել երևանցիներն ու զբոսաշրջիկները, ինչի արդյունքում շատ արագ սպառվեցին ուտեստները: Մասնակիցներին տպավորեց հատկապես վիճակի արարողությունը, որը տոնի անբաժան մասն է կազմում: