Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»

yerevanci
Հեղինակ`
yerevanci
15:58, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
«Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»
     Iravunk.com/Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վիրավորանքները` ուղղված ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին եւ դերասանի կողմից հնչեցված արձագանքը նրան, կարծես, հասավ իր կուլմինացիային: Այսօր Երեւանի ավագանու նիստում ընդգրկված օրակարգային հարցերի թվում է Հ. Թոխատյանի «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երեւան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության եւ վերանորոգման ծրագրին հավանություն տալու հարցը: Որոշման համաձայն` Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, տրամադրվելու է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին:
     Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը մեծ աղմուկ էր բարձրացրել` հայտարարելով, թե Կանազի մշակույթի պալատը 99 տարով Հ. Թոխատյանին են տալիս` լռելու, իշխանություններին ծառայելու համար: Ինչպես նաեւ անվստահություն էր հայտնել` ասելով, թե Երեւանի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդամենը դիմումի եւ կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի եւ երաշխիքների, տրամադրվի այս հիմնադրամին: Մինչդեռ Հ. Թոխատյանը պատրաստվում է այսօր ավագանու նիստում անձամբ ներկայացնել ծրագիրը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ սա եզակի դեպք է, երբ ինքն է ներկայացնելու այս ծրագիրը ավագանուն, ու ավագանին կընդունի համապատասխան որոշում:
     – Ասեմ, որ Կանազի մշակույթի տունը Կանազ գործարանի վաճառքից հետո` մնացել էր անտեր, օդում կախված, ինչպես եւ իրենց սպորտ համալիրը: Մեր այն ժամանակվա չինովնիկներից մեկի կողմից Կանազը հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, կեսից շատն էլ գույքը վաճառել էին, հետո իրենք էլ վաճառել էին ինչ-որ մեկին, ու այդպես շարունակ: Եվ միայն 2007 թ.-ին այդ շենքը շատ պատահական, այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք էր բերվել, ու առաջարկեցին, որ գնանք բեմն օգտագործենք: Իմ երազանքն է եղել ունենալ մանկական թատերական դպրոց եւ թատրոն: Եվ մենք ուզում ենք շենքը խելքի բերել: Շենքը, բնականաբար, ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, այն պետական շինություն է եւ մտնում է քաղաքապետարանի բալանսի վրա կամ Արաբկիրի շրջանի: Ես դիմել եմ 99 տարով վարձակալության համար, քանի որ այդպիսի օրինակներ կան, որպեսզի ժամանակը հերիքեր` ինչ-որ բան անելու համար: Բայց ասացին, որ կարող են միայն 10 տարով տրամադրել:
     – Պարոն Թոխատյան, իսկ ինչպիսի՞ վիճակ է այսօր վերոնշյալ մշակույթի տան շենքում:
     – Մարդ պետք է բարբարոս լիներ` այդ շենքը այդպիսի վիճակի հասցնելու համար, այն հիմա միայն արտաքինից է գեղեցիկ մնացել, ներսը ոչինչ չկա, բառիս բուն իմաստով ավերակներ է: Անգամ պատուհաններն են հանել, վաճառել: Ու ես չգիտեմ` ինչու այս աղմուկը բարձրացավ: Եթե ուզում եմ այստեղ մանկական մշակութային օջախ սարքել, ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ արտասահմանյան ընկերների հետ, որոնք այսօր համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ, ընդ որում` չսպասելով ակնկալիքի: Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ տարիքն ինձ թույլ է տալիս, որպեսզի լինեմ ինքնավստահ եւ ասեմ` ինչ եմ ուզում, ինչպես եմ ուզում ու ինչ եմ անելու: Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ ռեստորան, այն ժամանակ կգաք, կասեք` ամոթ քեզ:
     – Իսկ ի՞նչ կասեք փոստանջյանական վիրավորական լեքսիկոնի մասին, քանի որ Ձեզ ուղղված նրա վիրավորանքները տեղափոխվեցին նաեւ անձնական դաշտ:
     – Եթե մի փոքր ավելի քիչ դաստիարակված լինեի, կամ մի քիչ ավելի քիչ իմ հայրիկն ինձ տղամարդ դաստիարակած լիներ, ինձ թույլ կտայի վիրավորական որեւէ արտահայտություն Զարուհի Փոստանջյանի հասցեին, որովհետեւ այն ամենն, ինչ ինքն է ասել, կարդացել են նաեւ իմ երեխաները: Բայց ես ինչպե՞ս կարող եմ թույլ տալ ինձ վիրավորել առաջին հերթին կնոջը:
Աղբյուրը` 1or.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2580 | 0 | 0
Facebook