«Ոչ միայն խոսքով, այլև` գործով». Սոս և Նորիկ Էլոյաններ .«Հայորդի» ամսաթերթ
Բեղ ու մորուքի մեջ կորած, կոշտ ու կոպիտ, անփույթ արտաքինով, շուտ բռնկվող, մտազբաղ․․․ Ահա այսպիսին էր միայնակ գայլը՝ Սոս Էլոյանը։ Ծնվել է 1962 թ. հուլիսի 22-ին Այգեպատ գյուղում։ 4 եղբայր էին: 1988 թվականին, երբ ռուսաստանյան դեգերումներից վերադառնում է Հայաստան, անսպասելիորեն հայտնվում է սումգայիթյան արհավիրքի կիզակետում: Փրկվում է Աստծո նախախնամությամբ։ Տուն է վերադառնում ցնցված, խառնված ներաշխարհով։ Գլխում շարունակ պտտվում է մեկ և միևնույն միտքը` պետք է զինվորագրվել։ Իսկ ժամանակը չէր սպասում: Անհրաժեշտ էր միայն դստերը՝ Արմինեին, մանկապարտեզ ընդունել և լիովին նվիրվել շարժմանը։ …Մասնակցում է Երասխի, Կոռնիձորի, Վայքի, Նոյեբերյանի պաշտպանությանը։ Սկզբում զենք չուներ։ Նրա ուշքն ու միտքը միայն աշխատում էր այն ուղղությամբ, թե որտեղից զենք գտնի։ Սոսի մայրը պատմում է, թե ինչպես է որդին ամուսնական մատանի ձեռք բերելու պատրվակով գումար վերցրել իրենից և… զենք գնել։ Նման մի դեպք էլ հիշում է տիկին Զենֆիրան` Սոսի եղբոր՝ Նորիկի կինը, թե ինչպես ամուսինը որդու ծնվելու առթիվ ստացած գումարը ամբողջությամբ վերցրել և զենք է գնել։ Սոսը որևէ ջոկատի անդամ չի եղել. մշտապես հայտնվել է այն վայրում, որտեղ զգացել են իր օգնության կարիքը։ Նա մի սուր ուներ` պատրաստված սեփական ձեռքով: «Տիգրան Մեծ» ջոկատի բոլոր տղաները երդվել են այդ սրի վրա, որ եթե հանկարծ հայը հայի վրա ձեռք բարձրացնի, այդ սրով ձեռքը կկտրեն։ Այսօր այդ սուրը պահվում է «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանում և կոչվում է «Սոսեթուր» ։ Սիսիանի Սոֆլու գյուղը այժմ ի պատիվ Սոս Էլոյանի կոչվում է Սոսեբերդ։ Սոսը զոհվում է մարտական առաջադրանքի կատարման ժամանակ՝ 1992 թ. հուլիսի 16-ին։ 2002 թ. հետմահու պարգևատրվում է Արիության մեդալով։ Պատերազմի բովում իր կյանքն է «այրել» նաև Սոսի եղբայրը` Նորիկը։ Մեծ ցավով և կսկիծով են հարազատները խոսում երկու անձանազոհ եղբայրների մասին։ Իսկ Սոսի ամենամոտ մարտական ընկերը՝ Գևորգ Ավագյանը (Էրիկ), չէր էլ ուզում խոսել, հիշել ու պատմել։Նրա պնդմամբ` կռվի մասնակցած մարդը չի՛ ուզում հիշել այդ ամենը և կրկին վերապրել։ -Կարելի է խոսքով լինել հայրենասեր, իսկ ինքը ո՛չ միայն բառերով, այլև գործով էր ապացուցում իր հայրենասիրությունը, - Սոսի մասին պատմում է ընկերը։- Նա իր ընկերների համար լեգենդ է: Երկու եղբայր էին` Սոսը և Նորիկը: Երկուսն էլ անժամանակ հեռացան կյանքից։ Բայց իրենց հետևից թողեցին հերոսական պատմության մեծ մի դաս։ Սոսը և Նորիկը թեպետև շատ տարբեր էին միմյանցից, բայց ունեին մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ մեծ հայրենասեր էին. երկուսն էլ պայքարում էին հանուն ազատության, անկախության։ Նորիկն ուներ հանդարտ բնավորություն` ի տարբերություն Սոսի, ով շուտ բռնկվում էր, կոպիտ էր ու չոր։ Սոսի միակ ժառանգը` Արմինեն, արդեն ամուսնացել է։ Նորիկն ունի 4 որդի, որոնցից յուրաքանչյուրը կազմել է իր ընտանիքը։ -Հիշում եմ` հայրս և հորեղբայրս ընկերների հետ միասին գալիս էին մեր տուն, -պատմում է Նորիկի ավագ որդին` Կարենը: - Պառկում էին սառը գետնին` կոշիկներն իբրև բարձ դնելով գլխների տակ, և սպասում էին կանչի, որ հասնեն օգնության։ Շատ էի ուզում խաղալ նրանց զենքերի հետ, բայց թույլ չէին տալիս» ։ Արսենը՝ Նորիկի ամենափոքր որդին, տաքարյուն, կրակոտ երիտասարդ է։ 6 ամսական էր, երբ հորը կորցրեց։ Հիմա նա բոլորից խնդրում է, որ պատմեն ազատամարտիկ հայրիկի մասին: 40 օրում երկու որդի կորցրած կինը` Սոսի և Նորիկի հերոսածին մայրը, հպարտությամբ և պատվով է կրում իր կորստյան մեծ ծանրությունը։ Այսօր նրա կենսասիրության ակունքը թոռներն են, որոնք ինչ-որ չափով լրացնում են նաև որդիների բացը։ Նա Աստծուց միայն մի բան է խնդրում, որ ոչ մի մայր չտեսնի իր զավակի մահը, ինքը լինի վերջին սգացող մայրը։ Այս է ողջ պատմությունը: Յուրաքանչյուրիս պարտքն է խոնարհվել ազգի հերոսների առաջ ու չմոռանալ նրանց։ Նրանք արյուն են թափել հանուն այս հողի, իրենց կյանքն են զոհել հանուն մեր երկրի ազատության և խաղաղության։ Մանե ՀԱԿՈԲՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ. https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts |